Արդյո՞ք իրական վայր է երկինքը
Աստվածաշունչն այսպես է ասում. Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացեք Աստծուն, հավատացեք նաև Ինձ: Իմ Հոր տանը բազում օթևաններ կան: Եթե ոչ, Ես ձեզ կասեի: Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ Իմ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք։ ( Հովհաննես 14.1-3 )
Հիսուսը հենց այս պահին, ամենաիրական երկինքներում մեզ համար շատ իրական բնակարան է պատրաստում: Նա երկրորդ անգամ է մեր երկիր գալիս, որպեսզի մեզ տանի երկնային քաղաք՝ Երուսաղեմ, որը մեր ամենահամարձակ երազանքների սահմաններից դուրս է: Այն բանից հետո, երբ մենք հազար տարի ապրենք այնտեղ, Քրիստոսն այդ երկնային տունը պետք է իջեցնի Երկիր մոլորակի վրա: Երբ Նոր Երուսաղեմն իջնի, կրակը կմաքրի ողջ աշխարհը՝ այրելով կեղտն ու վարակը: Մեր նորաստեղծ մոլորակն այդ ժամանակ կդառնա փրկվածների մշտական տունը: Հովհաննեսը, ով գրել է Հայտնության գիրքը, ինչպե՞ս է պատկերացնում այս իրադարձությունները:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ես տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա: Տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծո մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս: Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծո խորանը, որ Նա բնակվելու է մարդկանց հետ: Նրանք կլինեն Նրա ժողովուրդը, իսկ Ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է»
( Հայտնություն 21.1-3)
Երբ Աստված արարեց մեր աշխարհը, Նա նայեց կատարյալ մոլորակին, որը լի էր կյանքով և գոհունակությամբ նկատեց, որ այն շատ բարի է (Ծննդոց 1.31): Բայց, ժամանակի ընթացքում, մարդիկ ավելի անօրեն դարձան, և երկիրը հառաչում էր աճող չարության ծանրության տակ: Այդ դեգրադացիայի և անկման վիճակը շարունակվել է ամբողջ պատմության ընթացքում՝ ընդհուպ մեր օրերը: Մեր աշխարհը կանգնած է կործանման եզրին: Այն կրակով մաքրվելու կարիք ունի, որը Աստված խոստացել է Բ Պետրոս 3.10-13-ում: Երբ երկիրը վերափոխվի կրակից հետո, ո՞վ է ապրելու Նոր Երկրում՝ ըստ Հիսուսի խոստման։
Աստվածաշունչն այսպես է ասում
Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։
( Մատթեոս 5.5)
Տերը երբեք թույլ չի տա, որ Իր ծրագրերը ձախողվեն: Դրանք կարող են խոչընդոտների հանդիպել, բայց, ի վերջո, Նա կիրագործի ամեն ինչ՝ համաձայն Իր մեծ նպատակի: Նա կվերադարձնի Իր կատարյալ ստեղծագործության նախնական գեղեցկությունը: Կորսված Եդեմը կդառնա վերականգնված Եդեմ, և հեզերը «կժառանգեն երկիրը»: «Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Ով մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և Իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է Իրեն» (Փիլիպպեցիներին 3.20, 21; տե՛ս նաև Ա Կորնթացիներին 15.35-44):
2. Արդյո՞ք իսկական մարմիններ կունենանք երկնքում
Երկինքը շատ ավելին է, քան մի վայր, որտեղ երկնային էակները նստում են ամպերի վրա և տավիղ նվագում: Երկինքը իրական վայր է, որտեղ կբնակվեն իրական մարդիկ՝ հոգևոր կյանքով և «փառահեղ մարմիններով»: Երբ Հիսուսը հայտնվեց աշակերտներին Իր հարություն առած և փառավորված մարմնով, ինչպե՞ս նկարագրեց այդ երևույթը:
Աստվածաշունչն այսպես է ասում
Տեսեք Իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև Ես ինքս եմ, շոշափեք Ինձ ու տեսեք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի, ինչպես տեսնում եք, Ես ունեմ։
(Ղուկաս 24.39)
Հիսուսն ուներ իսկական մարմին: Նա նույնիսկ Թովմասին կոչ արեց, որ դիպչի Իրեն (Հովհաննես 20.27): Այս առիթով Հիսուսը մտավ իսկական տուն, խոսեց իրական մարդկանց հետ և իսկական կերակուր կերավ (Ղուկաս 24.43): Մենք կարող ենք վստահ լինել, որ մեր երկնային մարմինները նույնքան ամուր ու իրական կլինեն, որքան Քրիստոսի հարություն առած մարմինը:
3. Ի՞նչ ենք անելու երկնքում
Ի լրումն մեր ընդլայնված հարաբերությունների, որի մասին մենք նախկինում կարող էինք միայն երազել, մենք նաև կունենանք բազմաթիվ զբաղմունքներ: Իսկ ի՞նչ կասեք սեփական երազանքների տան նախագծման մասին: Հիսուսն արդեն Նոր Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում տներ է պատրաստում մեզ համար (Հովհաննես 14.1-3; Հայտնություն 21): Այս հատվածները հուշում են, որ մենք նաև կնախագծենք և կկառուցենք ուրիշ տներ, գուցե գեղեցիկ գյուղական կալվածքներ՝ դրանք կանաչապատելով հարուստ բազմազան բուսականությամբ: Բայց սա դեռ սկիզբն է: Եսային պարզապես Նոր Երկրի զբաղմունքները նկարագրել է իր ժամանակի տեսակետից՝ շինարարությունը և հող մշակելը: Ո՞վ գիտի, թե ինչ բարձր տեխնոլոգիական արկածներ են սպասում մեզ Աստծո՝ կատարելապես զարգացած քաղաքակրթությունում: Ներկա գիտական հայտնագործություններն ու տիեզերական հետազոտությունները մանկական խաղ կթվան մեր «Հայրական տանն» ուսումնասիրելիք երևույթների հանդեպ:
Սիրո՞ւմ եք բարձրախոս ջրվեժների, հանգիստ մարգագետինների, տրոպիկական փարթամ անտառների և նուրբ ծաղիկների գեղեցկությունը:
Աստվածաշունչն այսպես է ասում
Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի: Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
( Եսայի 51.3 )
Աստված երկիրը կվերածի անբասիր Եդեմի պարտեզի: Այլևս ոչ մի նավթի արտահոսք, մշուշ կամ երաշտ: Լճերը կմնան բյուրեղյա մաքուր, ծառերը՝ շքեղ, իսկ լեռների լանջերն անձեռնմխելի: Մենք կճանաչենք կյանքն իր ամբողջ գեղեցկությամբ այնպես, ինչպես երբևէ նախկինում: Այնուամենայնիվ, ոմանք կարող են պատկերացնել, որ կյանքը, նույնիսկ կատարյալ միջավայրում, որոշ ժամանակ անց կսկսի ձանձրացնել: Ժամանակի ընթացքում նույնիսկ ամենաերկար արձակուրդը կարող է հոգնեցուցիչ դառնալ։ Ի՞նչը կստիպի մեզ գնալ դեպի հավերժություն՝ յուրաքանչյուր նոր օրը դիմավորելով խանդավառությամբ: Խնդիրն այն չէ, որ հավերժությունը կարող է տխուր դառնալ, մեր ոչ ադեկվատ երևակայությունը չի կարող ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ է նշանակում զգալ այն ամենը, ինչն Աստված նախատեսել է մեզ համար:
4. Արդյո՞ք չարը նորից կսպառնա Երկնքին
Խոսելով Նոր Երուսաղեմի մասին՝ Հովհաննես առաքյալը գրեց
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անող, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան Կենաց գրքում։
( Հայտնություն 21.27 )
Փրկվածները ստիպված չեն լինի պայքարել զայրույթի, ստի, գողության, սպանության կամ վիրավորական սովորությունների դեմ: Դրանք կփոխվեն։ Երբ Հիսուսը «հայտնվի, մենք Նրա նման կլինենք» (Ա Հովհաննես 3.2): Մեղքն ու եսասիրությունը հավիտյան կվերանան։
Դուք փափագո՞ւմ եք մի վայրի, որտեղ այլևս հիվանդություն, տառապանք կամ վիշտ չի լինի՝ «Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՜չ սուգ, ո՜չ աղաղակ, ո՜չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (Հայտնություն 21.4): «Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ» (Եսայի 33.24):
Աստված պատրաստվում է ամբողջությամբ վերացնել մեղքը և դրա սարսափելի հետևանքները: Դրանք այլևս երբեք չեն հայտնվի: Նույնիսկ վերջին թշնամին՝ մահը, կվերանա: Հավերժական երիտասարդության երկնային աշխարհում փրկագնվածներն «անմահ են» (Ա Կորնթացիս 15.53), ոչ մի բնակիչ երբեք չի տուժի ծերության ավերիչ գործընթացից: Աստված ոչնչացնում է մեղքի հետևանքները, և երաշխավորում է, որ այն երբեք չի վերադառնա (Նաում 1.9):
5. Ո՞րն է Երկնքի ամենամեծ հուզմունքը
Պատկերացրեք, որ դուք Տիեզերքի Տիրոջը տեսնում եք դեմ առ դեմ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։
( Հայտնություն 22.3,4 )
Ամենակարող Աստված ինքն է խոստանում լինել մեր ուղեկիցը: Ի՜նչ ուրախություն է Նրա ոտքերի մոտ նստելը։ Մտածեք, թե ինչ կտար երաժիշտը, որպեսզի կարողանար մի քանի ակնթարթ անցկացնել Բեթհովենի կամ Մոցարտի հետ։ Պատկերացրեք, թե ֆիզիկոսի համար ինչքան թանկ կլիներ զրույցը Ալբերտ Էյնշտեյնի հետ, կամ ինչ կնշանակեր նկարչի համար՝ խոսել Միքելանջելոյի կամ Ռեմբրանտի հետ: Պատկերացրեք, որ փրկագնվածները կունենան ավելին, անսահման մեծ արտոնություն: Նրանք կխոսեն ողջ երաժշտության, գիտության և արվեստի Հեղինակի՝ տիեզերքի ամենամեծ Մտքի և ամենախոր Սրտի հետ: Աստված Ինքը կապրի մեզ հետ։ Եվ այս հարաբերությունները նշանակալից կլինեն երկրպագության մեջ:
6. Դուք պետք է այնտեղ լինեք
Հիսուսը ցանկանում է, որ դուք լինեք այդ հուզիչ տեսարանի մի մասը: Նա չի ցանկանում, որ Նոր Երուսաղեմում ձեր առանձնատունը դատարկ լինի: Նա տենչում է այդ հանդիպմանը։ Ահա թե ինչու էր Նա պատրաստ այդքան մեծ գնով փրկել ձեզ մեղքից: Դուք պետք է անձամբ օգտվեք այդ նվերից: Դուք պետք է նվիրվեք Քրիստոսին որպես Տիրոջ և Փրկչի: Ձեզ անհրաժեշտ է այն ներումը, որն առաջարկվում է խաչից, քանի որ. «նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում» (Հայտնություն 21.27):
Այդ թագավորությունը կարող է սկսվել հենց հիմա, ձեր սրտում: Երբ Քրիստոսը ձեզ ազատում է մեղքից, Նա մի փոքրիկ դրախտ է ստեղծում ձեր սրտում: Նա կարող է օգնել ձեզ հաղթահարելու անհանգստությունը, զայրույթը, ցանկասիրությունը, մեղքի զգացումը և ցանկացած մեղք, որը տանջում է ձեզ: Երկնային հույսը փախուստ չէ կյանքի խնդիրներից, այն օգնում է ստեղծելու դրախտ երկրի վրա, քանի որ Աստված օգնում է հաղթահարելու ձեր առջև ծառացած խնդիրները: Արդյո՞ք գտել եք լիարժեք կյանք, որը Քրիստոսն է ցանկանում, որ ունենաք: Խնդրում եմ, մի շրջվեք Նրա ողորմած հրավերից:
Աստվածաշունչն այսպես է ասում
Հոգին ու Հարսն ասում են. «Արի՜»: Լսողը ևս ասի. «Արի՜»: Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը։
(Հայտնություն 22.17 )
Երբ դուք կարդում եք այս խոսքերը, իմացեք, որ Հիսուսը հիմա ձեզ հետ է և խոսում է ձեր սրտի հետ: Նա հրավիրում է ձեզ գալ Իր մոտ: Ինչո՞ւ հենց հիմա չասել Նրան, որ ընդունում եք Նրա ողորմած պարգևը և ցանկանում եք հավերժությունն անցկացնել Նրա հետ: Խոստովանեք ձեր սերը Նրան: Եթե ձեր և Աստծո միջև ինչ-որ բան կա, որը խանգարում է ընդունելու Նրա անվճար պարգևը, խնդրեք Նրան, որ օգնի ձեզ:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբևէ չեք աղոթել, հոգ չէ: Ահա մի կարճ աղոթք՝ սկզբի համար, եթե ցանկանում եք այս խոսքերը բարձրաձայն կամ լուռ ուղղել Աստծուն: Դուք կարող եք նաև ձերը դարձնել այս աղոթքը ` վերափոխելով կամ ավելացնելով ձեր սեփական բառերը: Փորձեք մտածել Աստծո հետ խոսելու մասին, ինչպես կխոսեիք ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ ձեր սրտում է:
Հա՛յր, ես Հիսուսի մոտ եմ գալիս այնպիսին, ինչպիսն կամ․ մեղավոր, ով կարիք ունի նրա ներող շնորհին: Ես ինձ ամբողջովին Քեզ եմ հանձնում: Ես որոշել եմ Քոնը լինել ընդմիշտ: Օգնիր ինձ, որ ապրեմ Քո ծրագրի համաձայն: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով՝ ամե՛ն: