• image
  • հոկտ. 4, 2023, 8:12 պ.մ.

Հագեցնելով մեր սրտի քաղցը

Եդեմի պարտեզից վտարվելուց հետո Ադամի ու Եվայի կյանքը դրսում ավելի ծանրացավ: Նրանք պետք է ցավով երեխա ծնեին, արյունով, քրտինքով և արցունքներով հողը մշակեին: Բայց շատ ավելի դժվար էր դիմանալ սրտի դատարկությանը, որը սկսեց պատուհասել նրանց: Նրանց մտերմիկ հարաբերություններն Աստծո հետ խափանվեցին:

Ինչպիսի՞ վիճակում է այժմ ողջ մարդկությունը՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ուստի, ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։

            ( Հռոմեացիներին 5.12 )
 
Աստծո դեմ Ադամի ու Եվայի ապստամբությունից ի վեր «բոլորն» (ամբողջ մարդկային ցեղը) ընկել են այդ նույն մեղավոր ապրելակերպի մեջ և ենթակա են մահվան, որն էլ մեղքի վերջնական պատիժն է։ Մեղքի պատճառով, կորցնելով կապն Աստծո հետ, մենք անվտանգության այնպիսի ուժեղ քաղց ենք զգում, որը միայն կարող է Աստված տալ: Հաճախ մենք փորձում ենք բավարարել այդ քաղցը ժամանակավոր միջոցներով, ինչպիսիք են «շոփինգը» առևտրի կենտրոններում կամ առաջխաղացման խելագար մրցավազքը գրասենյակում: Ոմանք դիմում են ալկոհոլի, թմրանյութերի, առցանց կյանքի, խաղերի կամ սեռական անառակության: Բայց այս բոլոր տենչանքներն ու չբավարարված մղումները մեր միայնության նախանշաններն են սոսկ: Ո՞րն է մարդկային սրտի քաղցը հագեցնելու միակ ճանապարհը։
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը, Քո առաջ ուրախությունների լիություն կա և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։

            ( Սաղմոսներ 16.11 )
   
Իրական բավարարվածությունը կգա միայն այն ժամանակ, երբ մեր և Աստծո միջև բաժանումը հաղթահարենք։ Այդ դեպքում մենք կարող ենք ապրել Նրա ներկայության մեջ:
 
2. Մեղքի և մահվան անդունդի հաղթահարումը
 
Աստծո սիրտը տրտմեց այն օրը, երբ Ադամն ու Եվան երես թեքեցին Իրենից: Եվ Նա դեռ ցանկանում է վերականգնել խզված հարաբերությունները (Բ Պետրոս 3.9): Նա որոշել է կամուրջ կառուցել։ Ինչպե՞ս Աստված կամուրջ դարձավ մեղքի պատճառով առաջացած անդունդի վրայով:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին։

            ( Ա Տիմոթեոսին 1.15 )
         
Հիսուսն իրեն զոհաբերեց՝ վճար ներկայացնելով մեղքի համար: Եվ Նա իր կատարյալ արդարությունը հասանելի է դարձնում նրանց, ովքեր ներում են խնդրում խաչի միջոցով: Ինչո՞ւ Հիսուսը կամեցավ գալ մեր աշխարհ:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։

            ( Հովհաննես 3.16 )
         
Գալով մեր աշխարհ, Իր կյանքով, մահով և հարությամբ՝ Հիսուսը ներվելու և փրկվելու հնարավորություն տվեց մեղավորներին: Քրիստոսի կոտրված, արյունահոսող մարմնի կամուրջը դրված է անդունդի վրա։ Բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրան, որպես Աստված և Փրկիչ, այդ Կամուրջը հնարավորություն է տալիս անցնելու դեպի հավերժական կյանք:

3. Յոթ կարևոր փաստ, որ պետք է իմանալ Հիսուսի մասին
 
Ա. Հիսուսը երկնքից երկիր եկավ
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն Իր ուսերի վրա կլինի և կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

            ( Եսայի 9.6 )
         
Թեև Հիսուսը ծնվել է հողեղեն մորից (Մատթեոս 1.22, 23), Նա Աստված է՝ Աստված մարդկային մարմնով։ Ո՞րն էր Հիսուսի ծննդյան նպատակն այս երկրի վրա: Հրեշտակը Հիսուսի ծննդյան ժամանակ ասաց Հովսեփին. «Նա (Մարիամը) որդի կծնի, և նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա կփրկի Իր ժողովրդին նրանց մեղքերից» (Մատթեոս 1.21): Հիսուսը՝ տիեզերքի Արարիչը (Հովհաննես 1:1-3, 14), եկավ մեր աշխարհ, որպեսզի մեզ փրկի մեղքից ու մահից: Նրա հենց անունը խոստում է, որը հնարավորություն է տալիս մարդկանց գտնելու իրական երջանկություն և հավերժական կյանք:
 
Բ. ՀԻՍՈՒՍՆ ԱՊՐԵԼ Է ԱՆՄԵՂ ԿՅԱՆՔՈՎ
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Հիսուսին՝ Աստծո Որդուն. . . ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։

            (Եբրայեցիներ 4.14, 15 )
         
Ունենալով մարմին և արյուն՝ Հիսուսն ապրեց կատարյալ բարոյական կյանքով: Սատանան՝ Քրիստոսի մեծ հակառակորդը, ծրագրում էր Հիսուսի ողջ երկրային կյանքի ընթացքում Նրան գայթակղել մեղքով: Հիսուսի հանրային ծառայության սկզբում՝ անապատի գայթակղությունից մինչև խաչելություն, Գեթսեմանի տանջանքի երկար գիշերը, սատանան Հիսուսի դեմ գործի դրեց իր ամենակատաղի հարձակումները: Բայց Հիսուսը ամուր կանգնեց ամեն գայթակղության դեմ (Մատթեոս 4.1-11; Ղուկաս 22.44): Նա վերապրեց մարդկության բոլոր գայթակղություններն ու խնդիրները: Այսպիսով, Նա հասկանում է մեր պայքարն ու կարիքները: Նա կարող է «կարեկցել մեր թուլություններին» (Եբրայեցիներին 4.15):
 
Գ. ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀԱՑԱՎ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՓՐԿԻ
 
Մենք բոլորս մեղք ենք գործել և արժանի ենք հավիտենական մահվան՝ ամենամեծ պատժին: Բայց Հիսուսը մահացավ մեր փոխարեն, այդպիսով Նա Իր մահապատժով վճարեց մեզ համար: Նրա մահը պարգև է, հետևաբար «Աստծո շնորհը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 6.23):
 
Դ. ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ
 
Հիսուսի մահը խաչի վրա Նրա ուշագրավ պատմության ավարտը չէր: Մենք ունենք կենդանի Փրկիչ, Ով շարունակում է գործել մեր կյանքում: «Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան» (Ա Կորնթացիներին 15.17, 18): Մուհամեդն ու Բուդդան աշխարհին ներկայացրել են մի քանի մեծ փիլիսոփայական ճշմարտություններ։ Նրանք ոգեշնչել են միլիոնավոր մարդկանց կյանքը, բայց նրանք գերբնական ուժ չունեն՝ կյանք տալու, քանի որ դեռ մնում են իրենց գերեզմաններում: Իսկ ի՞նչ խոստում է Հիսուսը տալիս մեզ՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։

            (Հովհաննես 14.19 )
         
Ե. ՀԻՍՈՒՍԸ ՀԱՄԲԱՐՁՎԵԼ Է ԵՐԿԻՆՔ
 
Իր հարությունից հետո Հիսուսը վերադարձավ Հոր մոտ. «Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Առաքելոց 1.9)։ Իսկ Իր համբարձումից անմիջապես առաջ ի՞նչ խոստում տվեց Հիսուսն Իր հետևորդներին՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ձեր սրտերը թող չխռովվեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև Ինձ: Իմ Հոր տանը բազում օթևաններ կան: Եթե ոչ, Ես ձեզ կասեի: Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք։

            ( Հովհաննես 14.1-3 )
         
Զ. ՀԻՍՈՒՍԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԵՐԿՆՔՈՒՄ ՈՐՊԵՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
 
Հիսուսը եկավ մեր աշխարհը՝ փրկարարական առաքելությամբ, որպեսզի մարդկանց ազատի մեղքի թշվառությունից, հաշտեցնի Աստծո հետ և ոչնչացնելով սատանային՝ մշտապես հեռացնի մեղքի, տառապանքի ու մահվան պատճառը: Հիսուսը՝ որպես մեր Քահանա, մեր Միջնորդ, շարունակ մեր անունով հայտնվում է Հոր ներկայության մեջ: Նույն Հիսուսը, Ով օրհնեց երեխաներին, վերականգնեց շնության մեջ բռնված կնոջը և ներեց մահամերձ գողին, հենց հիմա աշխատում է երկնքում՝ լսելով մեր կարիքները: «Նա կարող է օգնել գայթակղվածներին»:
 
Է. ՀԻՍՈՒՍԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
 
Ի՞նչ խոստում տվեց Հիսուսը երկինք վերադառնալուց առաջ՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ Իմ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք։

            ( Հովհաննես 14.3)
         
Երբ Հիսուսը վերադառնա, Նա մեկընդմիշտ կազատի մեզ մեղքից, հիվանդությունից, ողբերգությունից և մահից, որոնք պատուհասում են այս մոլորակը: Նա կընդունի մեզ հավերժական երջանկության և հավերժական կյանքի նոր աշխարհ՝ Աստծո ներկայության մեջ:
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ Աստված, ես Քո կարիքն ունեմ: Ես ցավում եմ իմ մեղքերի համար և խնդրում եմ, որ ներես ինձ: Ես հավատում եմ, որ Հիսուսը մահացավ իմ մեղքերի համար: Ես Քեզ եմ տալիս իմ կյանքը և ընդունում Հիսուսին որպես իմ Փրկիչ և Տեր: Դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ: Շնորհակալ եմ, որ լսեցիր ինձ և օգնեցիր հետևել Հիսուսին: Հիսուսի անունով, ամե՛ն։