Ինչպե՞ս է Աստված Աստվածաշնչի միջոցով խոսում մեզ հետ
Երկրի առաջին տղամարդուն ու կնոջը (Ադամին ու Եվային) ստեղծելուց հետո Աստված նրանց հետ խոսում էր երես առ երես: Բայց մեղք գործելուց հետո ի՞նչ արեցին զույգերը, երբ Աստված այցելեց նրանց:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին: Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ։
( Ծննդոց 3.8 )
Մեղքը խափանեց Աստծո հետ երես առ երես շփվելու հնարավորությունը: Ինչպե՞ս էր Աստված շփվում մարդկանց հետ այն բանից հետո, երբ մեղքը հայտնվեց մեր մոլորակում:
Աստվածաշունչն այսպես է ասում
Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև Իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։
( Ամովս 3.7 )
Աստված մեզ անտեղյակ չի թողել կյանքի ու նրա իմաստի վերաբերյալ: Իր մարգարեների միջոցով, որոնց Նա կանչել էր խոսելու և գրելու Իր համար, բացեց կյանքի կարևոր հարցերի պատասխանները:
2. Ո՞վ է գրել Աստվածաշունչը
Մարգարեներն իրենց կենդանության օրոք Աստծո լուրը հաղորդել են ձայնով կամ գրչով, այդ գրվածները շարունակեցին տարածվել նաև նրանց մահից հետո: Այնուհետև, Աստծո առաջնորդությամբ այդ մարգարեկան գրությունները հավաքեցին մի գրքում, որն էլ անվանվեց Աստվածաշունչ: Բայց որքանո՞վ են հավաստի այդ գրությունները։
Աստվածաշունչն այսպես է ասում
Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկանց կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց սուրբ մարդիկ արժանի եղան Աստծո կողմից խոսելու։
( Բ Պետրոս 1.20, 21 )
Սուրբ Հոգին մարգարեներին բացել է աստվածաշնչյան լուրը: Աստվածաշնչյան հեղինակները գրել են ոչ թե իրենց սեփական կամքի կամ քմահաճույքի համաձայն, այլ միայն Սուրբ Հոգու ազդեցությամբ:
Աստվածաշունչը Աստծո սեփական Գիրքն է։ Աստվածաշնչում Աստված պատմում է Իր մասին և մարդկության համար բացահայտում է Իր մտադրությունները: Աստվածաշունչը պատմական, մարգարեական և խոստմունքի Գիրք է և ներկայացնում է Աստծո փրկության ողջ ծրագիրը: Այն ոչ միայն Աստծո տեսակետն է անցյալի վերաբերյալ, այլև բացահայտում է ապագան՝ պատմելով, թե վերջապես ինչպես կլուծվի չարի հիմնախնդիրը, և խաղաղությունը կթագավորի մեր աշխարհում:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ամբողջ գիրքն Աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։
( Բ Տիմոթեոս 3.16, 17 )
Քանի որ Աստվածաշունչը «գրված է Աստծո ներշնչմամբ», այդ պատճառով Սուրբ Գիրքը շատ խորն է ազդում մարդկանց վրա: Սա ավելին է, քան բարոյական սկզբունքների գողտրիկ հավաքածու կամ որևէ հզոր գիրք, այն Աստծո Գիրքն է՝ ներշնչված փաստաթուղթ: Մարգարեները մարդկային լեզվով պատմում էին այն, ինչ տեսել ու լսել էին, բայց նրանց ուղերձը անմիջապես Աստծուց էր:
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է կյանքը, ազնվորեն և աղոթքով կարդացեք Սուրբ Գիրքը: Դուք կհայտնաբերեք , որ ձեր վերաբերմունքն ու աշխարհահայացքն աստիճանաբար փոխվում են: Որքան շատ ուսումնասիրեք, և, հետևաբար, ենթարկվեք Աստծո Հոգուն՝ Աստվածաշնչի իրական հեղինակին, այնքան ավելի շատ մտքի խաղաղություն կզգաք: Նույն Սուրբ Հոգին, ով ոգեշնչեց մարգարեներին՝ գրելու Աստվածաշունչը, կօգնի, որ Աստվածաշնչի ուսմունքը փոխի ձեր կյանքը, եթե դուք հրավիրեք, որ Հոգին ներկա գտնվի կարդալու ընթացքում:
3. Աստվածաշնչի միասնությունը
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉն իրականում 66 գրքերից բաղկացած գրադարան է։ Հին Կտակարանի 39 գրքերը կազմվել են մոտ մ.թ.ա 1450-400 թվականներին: Նոր Կտակարանի 27 գրքերը գրվել են 50-100 թվականների ընթացքում: Մովսես մարգարեն սկսել է գրել Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը մ.թ.ա 1400 թվականից առաջ: Հովհաննես առաքյալն Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը, գրել է մոտավորապես մ.թ. 95-ին: Աստվածաշնչի առաջին և վերջին գրքերը գրելու միջև ընկած 1500 տարիների ընթացքում առնվազն 38 ներշնչված գրողներ իրենց ներդրումն են ունեցել: Աստվածաշնչի տարբեր գրողներ ապրել են տարբեր ժամանակներում, նրանցից ոմանց բաժանել են հարյուրավոր տարիներ: Շատ դեպքերում նրանք բոլորովին օտար են եղել միմյանց։ Ոմանք գործարարներ կամ առևտրականներ էին, մյուսները՝ հովիվներ, ձկնորսներ, զինվորներ, բժիշկներ, քարոզիչներ, թագավորներ․ մարդիկ՝ հասարակության բոլոր խավերից: Նրանք ծառայել են տարբեր կառավարությունների օրոք և ապրել տարբեր մշակույթներում և փիլիսոփայական համակարգերում: Բայց ահա ինչն է զարմանալին: Երբ Աստվածաշնչի 66 գրքերն՝ իրենց 1189 գլուխներով, կազմված ավելի քան 31,000 համարներից, հավաքվում են միատեղ, կատարյալ միասնություն ու ներդաշնակություն ենք գտնում նրանց փոխանցած լուրի մեջ:
Ենթադրենք՝ մի տղամարդ թակում է ձեր դուռը, և երբ ներս եք հրավիրում, ձեր հատակին է դնում տարօրինակ ձև ունեցող մարմարի մի կտոր, այնուհետև հեռանում է առանց խոսքի: Մյուս այցելուները հետևում են մեկը մյուսին, մոտ 40 մարդ, յուրաքանչյուրն այդ վայրում տեղավորում է իր համարակալած մարմարի կտորը: Երբ վերջին մարդը հեռանում է, դուք զարմանքով նկատում եք, որ ձեր առջև կանգնած է մի գեղեցիկ արձան։ Հետո իմանում եք, որ «քանդակագործների» զգալի մասը երբեք չեն հանդիպել միմյանց, քանի որ նրանք տարբեր վայրերից են, ինչպես Հարավային Ամերիկան, Չինաստանը, Ռուսաստանը, Աֆրիկան և աշխարհի ուրիշ մասեր: Ի՞նչ կարելի է եզրակացնել: Դուք հասկանում եք, որ ինչ-որ մեկը ծրագրավորել է արձանի կառուցումը և յուրաքանչյուր անձնավորության ուղարկել իրեն հատկացված մարմարի կտորի ճշգրիտ բնութագիրը: Աստվածաշունչն ընդհանուր հետևողական լուրեր է փոխանցում այնպես, ինչպես կատարյալ մարմարե արձանի դեպքում: Աստծո բանականությունը ծրագրավորել է այդ ամենը: Սուրբ գրության ուշագրավ միասնությունը վկայում է այն մասին, որ դա պարզապես մարդկային գրականություն չէ, այլ իսկապես Աստծո Խոսքը։ Աստծուց ներշնչված՝ մարդիկ գրի են առել Աստվածաշնչի մտքերն ու խոսքերը:
4. Աստվածաշնչին վստահելու երեք պատճառ
Ա) Հին Կտակարանի եբրայերեն ձեռագրերը, որոնք գրվել են Քրիստոսի ծննդից 150-200 տարի առաջ, հայտնաբերվել են Մեռյալ ծովի մոտ, 1947 թվականին: Զարմանալի է, որ այս 2000 տարվա մագաղաթները, պարունակում են այն նույն ճշմարտությունները, որպիսիք գրված են Աստվածաշնչի Հին Կտակարանում: Սա համոզիչ վկայություն է այն բանի, թե որքան ճշգրիտ է Աստծո Խոսքը փոխանցվել մեզ:
Նոր Կտակարանի ամբողջ կամ մի մասի ավելի քան 4500 ձեռագիր ցուցադրված է Եվրոպայի և Ամերիկայի մեծ թանգարաններում ու գրադարաններում: Դրանցից ոմանք երկրորդ դարի փաստաթղթեր են: Այս վաղ ձեռագրերը համեմատելով այսօրվա Աստվածաշնչի հետ՝ հեշտությամբ կարող ենք տեսնել, որ Նոր Կտակարանն, ըստ էության, անփոփոխ է մնացել գրվելու սկզբնական պահից ի վեր: Սըր Ֆրեդերիկ Քենյոնը, ով երկար տարիներ աշխատել է որպես Բրիտանական թանգարանի տնօրեն, վստահեցնում է.
Սըր Ֆրեդերիկ Քենյոն
Քրիստոնյան կարող է իր ձեռքը վերցնել ամբողջ Աստվածաշունչը և առանց վախի կամ վարանելու ասել, որ իր մեջ կրում է Աստծո ճշմարիտ Խոսքը, որը դարերի ընթացքում, սերնդեսերունդ փոխանցվել է առանց էական կորստի։
Այսօր Աստվածաշունչը կամ դրա մասերը թարգմանվել են ավելի քան 2800 լեզուներով և բարբառներով։ Աստծո Խոսքը մնում է ամենավաճառվողն աշխարհում. ամեն տարի ավելի քան 100 միլիոն Աստվածաշունչ է տպագրվում:
Բ) Աստվածաշնչի պատմական ճշմարտացիությունը ուշագրավ է։ Նախկինում շատերը թերահավատորեն էին վերաբերվում Սուրբ Գրքի ճշգրտությանը: Նրանք կասկածում էին աստվածաշնչյան արձանագրությանը, քանի որ չէին կարողանում ապացուցել աստվածաշնչյան իրադարձությունները աշխարհիկ պատմության փաստաթղթերից: Սուրբ գրությունը խոսում էր մարտերի, քաղաքների և նույնիսկ ամբողջ քաղաքակրթությունների մասին, որոնց մասին աշխարհիկ պատմաբանները չէին նշում։ Այսօր բազմաթիվ հնագիտական հայտնագործություններ վստահաբար հաստատել են աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը։ Պատմաբանները հայտնաբերել են կավե տախտակներ և քարե հուշարձաններ, որոնք լույս են սփռել անունների, վայրերի և իրադարձությունների վրա, որոնք նախկինում հայտնի էին միայն Աստվածաշնչից:
Օրինակ՝ համաձայն Ծննդոց 11։31 –ի, Աբրահամն ու նրա ընտանիքը «դուրս եկան . . . Քաղդեացիների Ուր երկրից, որպեսզի գնան Քանանի երկիր»։ Քանի որ միայն Աստվածաշունչն է խոսում Ուրի մասին, որոշ գիտնականներ ասացին, որ այդպիսի քաղաք երբևէ գոյություն չի ունեցել։ Այնուհետև հնագետները Իրաքի հարավում հայտնաբերեցին տաճար-աշտարակ, հիմքում գլան, որի վրա սեպագիր գրված էր Ուր անունը: Ավելի ուշ գտածոները ցույց տվեցին, որ զարգացած քաղաքակրթության ծաղկող մեգապոլիս էր այն: Այդ քաղաքի ինքնությունը մոռացվել ու կորել էր հետագա պատմաբանների համար: Միայն Աստվածաշունչն էր պահպանում դրա անվանումը, մինչև որ հնէաբանի բահը հաստատեց դրա ինքնությունը:
Գ) Աստծո Խոսքի հանդեպ մեր վստահությունը կարելի է ամրապնդել նաև Աստվածաշնչի մարգարեություններին նայելով։ Սուրբ Գիրքը պարունակում է ապագա իրադարձությունների բազմաթիվ ուշագրավ կանխատեսումներ, որոնք այժմ կատարվում են մեր աչքի առաջ: Մենք մարգարեությունների մասին մանրակրկիտ կխոսենք մոտակա թեմաներում: Դուք կբացահայտեք, որ Աստված նախապես բացահայտել է պատմության ողջ հետագա ընթացքը մ.թ.ա. 606 թվականից մինչև մեր օրերը: Այս մարգարեությունը նաև կենտրոնանում է ապագայի վրա, և այսօր պատմում, թե ինչ է սպասում մեզ աշխարհում:
5. Ինչպես հասկանալ Աստվածաշունչը
Հիշեք, որ Աստվածաշունչը ինչ-որ պատմական փաստաթուղթ չէ, որը միայն գիտնականները կարող են հասկանալ։ Աստվածաշնչյան ամենահետաքրքիր բացահայտումներից մի քանիսը փոխանցվել են հասարակ կրթություն ունեցող հասարակ մարդկանց կողմից, որոնք ընդունել են Աստվածաշունչը որպես Հիսուսի անձնական նամակ: Երբ դուք ուսումնասիրեք Աստծո Խոսքը, հինգ կարևոր սկզբունքներ պետք է հիշեք․
Ա) Աստվածաշունչը ուսումնասիրեք աղոթքով։ Եթե դուք աղոթքով մոտենաք Աստվածաշնչին, Խոսքն իսկապես կդառնա Հիսուսի հետ շփման անձնական փորձառություն: Երբ բացում եք Աստվածաշունչը, հիշեք, որ հրավիրեք Սուրբ Հոգուն որպես ձեր Ուսուցիչ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Երբ Նա՝ ճշմարտության Հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև Ինքն Իրենից չի խոսի...Նա Ինձ պիտի փառավորի, որովեհտև վերցնելու է Իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։
( Հովհաննես 16.13, 14 )
Բ) Աստվածաշունչը կարդացե'ք ամեն օր։ «Խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու թե արդյոք դա այդպե՞ս է» (Գործք Առաքելոց 17.11): Աստվածաշնչի ամենօրյա ուսումնասիրությունը զորության բանալի է մեր կյանքում (Հռոմեացիներ 1.16):
Գ) Աստվածաշունչն ուշադի'ր ուսումնասիրեք։ Պողոսը Տիմոթեոսին խորհուրդ տվեց, «որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում» (2 Տիմոթեոս 2.15): Աստվածաշնչյան տեքստերը չպետք է առանձնացվեն համատեքստից և օգտագործվեն հօգուտ ձեր նախապաշարումներին: Ավելի ուշադիր ու անկողմնակալ եղեք, թե ինչ է ասում հատվածը: Թույլ տվեք Սուրբ Հոգին բացի ձեզ այդ տեքստի իրական իմաստը ուշադիր ուսումնասիրության արդյունքում։ Համոզվեք, որ յուրաքանչյուր աստվածաշնչյան պնդում հասկանում եք նրա համատեքստի լույսի ներքո, թե ում է վերաբերում, ինչպիսի խնդրի է վերաբերում, ինչպիսի այլ պնդումներ կան նրա վերաբերյալ:
Դ) Ուսումնասիրեք Աստվածաշունչն ըստ թեմայի։ Աստվածաշունչն իսկապես հասկանալու համար մենք պետք է թույլ տանք, որ Աստվածաշունչը լինի իր սեփական թարգմանիչը: Ինչպե՞ս․ Սուրբ Գիրքը համեմատելով Սուրբ Գրքի հետ: Հիսուսն օգտագործեց այս մեթոդը, որպեսզի ցույց տա, որ Ինքը Մեսիան է:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենն, ինչ Սուրբ Գրքում Իր մասին գրված էր։
( Ղուկաս 24.27 )
Միախմբելով այն ամենն, ինչ Աստվածաշունչը խոսում է որոշակի հարցի վերաբերյալ, մենք ձեռք են բերում հավասարակշռված տեսակետ և կարող ենք ավելի հստակ արտացոլել Աստծո տեսակետը: Այդպիսով, դուք կարող եք հասկանալ Աստծո միտքը, այլ ոչ թե որոշ մարդկանց կարծիքը, կամ որևէ եկեղեցու համոզմունքը:
Ե) Կիրառեք ձեր կյանքում այն, ինչ հասկացաք Աստվածաշնչի ուսումնասիրման արդյունքում։
6. Աստվածաշունչը կարող է փոխել ձեր կյանքը
Ի՞նչ ազդեցություն է թողնում Աստվածաշունչը մարդու կյանքում:
Աստվածաշունչն այսպես է ասում
Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։
( Սաղմոս 119.130 )
Միայն Աստվածաշնչի միջոցով կամրանա մեր «հասկացողությունն» ու ինտելեկտը: Եթե խորապես ուսումնասիրեք Աստվածաշունչը և նրա սկզբունքները կիրառեք ձեր կյանքում, այն ուժ կտա ձեզ, որպեսզի հաղթահարեք կործանարար սովորությունները։ Հնարավորություն կտա լիովին զարգանալու ֆիզիկապես, մտավորորապես, բարոյապես և հոգևորապես։ Աստվածաշունչը խոսում է սրտի հետ. այն վերաբերում է մարդկության փորձառություններին` ծնունդ, սեր, ամուսնություն, ծնողական փորձառություն և մահ: Սուրբ Գիրքը բուժում է մարդկային ամենախոր վերքը՝ մարդկության մեղքի մեջ հայտնվելը և դրանից բխող տառապանքը:
Աստծո Խոսքը մեկ դարաշրջանի, մեկ ազգի կամ մեկ մշակույթի գիրք չէ: Այն մուտք է գործում խոնարհների բնակարանը և մեծահարուստների ապարանքը։ Երեխաները սիրում են նրա հետաքրքիր պատմությունները: Նրա հերոսները ոգեշնչում են երիտասարդներին։ Հիվանդները, միայնակներն ու ծերերն այնտեղ հայտնաբերում են մխիթարություն և ավելի լավ կյանքի հույս:
Քանի որ Աստված գործում է Աստվածաշնչի միջոցով, այն մեծ զորություն ունի: Այն հասնում է նույնիսկ մարդկային բոլոր զգացմունքների դեմ կարծրացած սրտերին՝ փափկեցնելով ու սիրով լցնելով դրանք: Մենք տեսել ենք, թե ինչպես է Աստվածաշունչը փոխում նախկին գողին, իսկ թմրամոլը վերափոխվում է դեպի նախանձախնդիր քարոզչի։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Աստվածաշունչը ստախոսին ու խաբեբային վերածում ազնիվ ու շիտակ ուսուցչի: Մենք տեսել ենք նաև, թե ինչպես է այն մարդկանց հեռացնում ինքնասպանության շեմից և նոր, հուսադրող սկիզբ է տալիս: Աստվածաշունչը սեր է արթնացնում թշնամիների մեջ։ Այն հպարտներին խոնարհ է դարձնում, եսասերներին՝ առատաձեռն: Աստվածաշունչը մեզ զորացնում է թուլության մեջ, ուրախացնում անորոշության մեջ և հանգստացնում, երբ անհանգիստ ենք: Աստծո Գիրքը՝ Աստվածաշունչը, քո կյանքը նույնպես կարող է փոխել:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Սիրելի՛ երկնային Հայր, շնորհակալ եմ Աստվածաշնչի համար: Խնդրում եմ օգնիր ինձ, որ հասկանամ Քո Խոսքը և այդ ճշմարտությունները կիրառեմ իմ կյանքում: Հիսուսի անունով, ամե՛ն: