• image
  • հոկտ. 4, 2023, 8:17 պ.մ.

Մեր ապագայի մասին

Հիսուսի ծնունդից մոտ 500 տարի առաջ Աստված Դանիել մարգարեի միջոցով զարմանալի հայացք նետեց դեպի ապագա: Այս մարգարեությունը հայտնվում է Դանիելի երկրորդ գլխում։

Նաբուգոդոնոսորը երազ տեսավ և այն խորապես անհանգստացրեց նրան: Բայց, երբ նա արթնացավ, չկարողացավ հիշել երազի կարևոր տարրերը: Այն բանից հետո, երբ Բաբելոնի բոլոր իմաստունները չկարողացան օգնել թագավորին, որ հիշի երազը կամ մեկնաբանել այն, դեպքի վայր եկավ Դանիել անունով մի երիտասարդ, եբրայեցի աքսորյալ՝ պնդելով, որ երկնքի Աստվածը կարող է բացահայտել բոլոր առեղծվածները։ Կանգնելով թագավորի առաջ՝ Դանիելը համարձակորեն հայտարարեց:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Դու, ով թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան: Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ: Նրա տեսքն ահավոր էր: Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները երկաթից, նրա ոտքերի մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից: Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։

            ( Դանիել 2.31-35)
         
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս արձանը համարյա կապ չունի մեր օրերում հույս գտնելու հետ: Բաբելոնյան պատկերները շատ հեռու են մեր աշխարհը հետապնդող բնական աղետներից և ահաբեկիչներից: Այնուամենայնիվ, կարդալով այս մարգարեությունը, դուք հայացք կնետեք հազարամյա պատմությանը և կտեսնեք, թե ինչպես է այս հին, վաղեմի երազն ազդում մեր այսօրվա կյանքի վրա:
 
Երբ Նաբուգոդոնոսորը պատմեց իր անչափ տպավորիչ երազը, Դանիելը մեկնաբանեց. «Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին» (համար 36):
 
ՈՍԿԵ ԳԼՈՒԽԸ
 
Ի՞նչ ասաց Դանիելը թագավորին, ի՞նչ համաշխարհային ուժ է խորհրդանշում ոսկե գլուխը՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել: Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին, և երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։

            (Դանիել 2.37,38 )
         
Ոսկե գլուխը բավականին հստակ պատկերել է հին Բաբելոնին, պատմաբաններն այդ կայսրությանն անվանում են «Ոսկե դարի ոսկյա թագավորություն»: Հետագա կայսրություններից ավելի հարուստ և հզոր Բաբելոնը հպարտ իշխեց մինչև մ.թ.ա 539թ:
 
ԱՐԾԱԹԵ ԿՈՒՐԾՔՆ ՈՒ ՁԵՌՔԵՐԸ
 
Մարդկային տեսանկյունից և հատկապես՝ Նաբուգոդոնոսորի, Բաբելոնը մի կայսրություն էր, որ պետք է հավերժ մնար: Բայց, ըստ մարգարեության, ի՞նչ պետք է տեղի ունենա հետո. «Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա» (համար 39): «...բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին։» (Դանիել 5.28)
 
Ինչպես կանխագուշակեց Աստված, Նաբուգոդոնոսորի թագավորությունն ավերակներ դարձավ, երբ Կյուրոսը՝ պարսիկ զորավարը, տապալեց Բաբելոնյան կայսրությունը մ.թ.ա. 539 թվականին։ Այսպիսով, արձանի հաջորդ մասը՝ արծաթե կուրծքն ու ձեռքերը, ներկայացնում էին Մարա-Պարսկաստանը՝ հզոր կայսրություն, որը հաջորդում էր Բաբելոնին։
 
ԲՐՈՆԶԵ ՓՈՐՆ ՈՒ ԱԶԴՐԵՐԸ
 
Ի՞նչ է ներկայացնում հզոր մետաղե պատկերի այս հատվածը`
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին... Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։ Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։

            ( Դանիել 2.39; 8.20,21)
         
Բրոնզե փորն ու ազդրերը խորհրդանշում են Հունական թագավորությունը, ով մ.թ.ա. 331 թվականին, Արբելայի ճակատամարտում հաղթել է Պարսկաստանին: Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց մարերին ու պարսիկներին՝ Հունաստանը վերածելով աշխարհի երրորդ մեծ կայսրության։ Հունաստանը կառավարել է մ.թ.ա. 331-168 թվականներին:
 
ԵՐԿԱԹԵ ՈՏՔԵՐԸ
 
Ինչպե՞ս է մարգարեությունը նկարագրում Հունաստանին հաջորդող աշխարհակալ ուժին`
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։

            ( Դանիել 2.40 )
         
Ալեքսանդրի մահից հետո նրա կայսրությունը թուլացավ և բաժանվեց հակառակորդ խմբերի, մինչև որ վերջապես, մ.թ.ա. 168 թվականին, Պիդնայի ճակատամարտում Հռոմի «երկաթե կայսրությունը» ջախջախեց Հունաստանին: Աստված օգտագործել էր այդ հզոր մետաղե մարդու երկաթե ոտքերը, որպեսզի ներկայացնի այդ չորրորդ համաշխարհային կայսրությանը: Կեսար Օգոստոսը կառավարում էր Հռոմեական կայսրությունը, երբ ծնվեց Հիսուսը, մոտ 2000 տարի առաջ (Ղուկաս 2.1): Քրիստոսը և Նրա առաքյալներն ապրել են այն ժամանակաշրջանում, որը ներկայացնում էր երկաթե ոտքերը: 18-րդ դարի պատմաբան Էդվարդ Գիբոնն, անկասկած, նկատի ուներ Դանիելի մարգարեությունը, երբ գրում էր․

Էդվարդ Գիբոն
«(Հռոմեական) հանրապետության զորքերը երբեմն հաղթած կռիվներում արագ քայլերով առաջանում էին դեպի Եփրատ, Դանուբ, Հռենոս և օվկիանոս. և ոսկու, արծաթի ու երկաթի արձանը, որոնք կարող են ծառայել ազգերին և նրա թագավորներին ճանաչելու համար, հերթականությամբ ոչնչացվել են Հռոմի երկաթե միապետության կողմից»:
 
Մի պահ այս մարգարեության մասին խորհեք մարդկային տեսակետից: Ինչպե՞ս կարող էր Բաբելոնի ժամանակներում ապրող եբրայեցի Դանիելը պատկերացում ունենալ համաշխարհային կայսրությունների վերելքի և անկման մասին՝ հարյուրավոր տարիներ անց: Եվ այնուամենայնիվ, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանն ու Հռոմը հաջորդեցին միմյանց ճիշտ այնպես, ինչպես կանխագուշակված էր մարգարեության մեջ: Արդյո՞ք Աստված վերահսկում է ապագան։ Կարո՞ղ ենք հույս ունենալ Նրա մեծ ծրագրի վրա: Դանիել 2-րդ գլուխը պատասխանում է՝այո: Բայց կա նույնիսկ ավելին:
 
ՈՏՔԵՐԻ ԵՐԿԱԹԵ ՄԱՏՆԵՐԸ ԽԱՌՆՎԱԾ ԿԱՎԻ ՀԵՏ
 
Արդյո՞ք հինգերորդ համաշխարհային տերությունը դեռ Հռոմը կլինի՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ ոտքերն ու մատները, որ տեսար մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար: Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից, այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։

            ( Դանիել 2.41,42 )
         
Մարգարեն կանխագուշակեց ոչ թե հինգերորդ համաշխարհային կայսրությունը, այլ Հռոմի երկաթե միապետության բաժանումը: Հռոմը բաժանվելու է տասը թագավորությունների, որոնք խորհրդանշում են պատկերի ոտքերն ու մատները։ Արդյո՞ք այն իրականում տեղի է ունեցել: Այո: Քրիստոնեական դարաշրջանի 4-րդ և 5-րդ դարերում հյուսիսից եկած զավթիչները հարվածներ հասցրին քայքայվող Հռոմեական կայսրությանը: Վերջապես, այս թշնամացած ցեղերը գրավեցին արևմտյան Հռոմի մեծ մասը և տասը անկախ պետություններ հաստատվեցին արևմտյան Եվրոպայի սահմաններում: Այսպիսով, արձանի ոտքի մատները խորհրդանշում են ժամանակակից Եվրոպայի ժողովուրդներին: Մարգարեությունը բառացիորեն իրականացավ, և պատմությունը կրկին համապատասխանում է Աստծո կանխագուշակումներին։ Պառակտված Արևմտյան Հռոմի տասը ազգերից յոթը այսօր մնում են Եվրոպայի քարտեզի վրա, թեև ոմանց համար իրենց սկզբնական տարածքը փոխվել է:

Արդո՞ք Դանիելի մարգարեութունը կանխագուշակում է, որ փորձեր կարվեն, որպեսզի հռոմեական կայսրությունից հետո մեկ առաջնորդի ներքո միաբանեն Եվրոպական երկրները:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ, որ տեսար երկաթը խառնված տղմուտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց պիտի չկպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։

            ( Դանիել 2.43 )
         
Կրկին ու կրկին, ազդեցիկ մարդիկ փորձել են միավորել Եվրոպան(Նապոլեոն, Վիլհելմ, Հիտլեր ևլն), բայց ամեն անգամ նրանք չեն հասել նպատակին «Նրանք չեն կպչի միմյանց հետ»․ սա է մարգարեության դատավճիռը: Նա հայտարարում է, որ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան և Շվեյցարիան երբեք չեն վերածվի մեծ և միաբան տերության։
 
Դանիելի մարգարեության միան մի մասն է մնում անկատար։ Երազն ավարտվում է նրանով, որ քարը հարվածում է արձանի ոտքերին և կտոր-կտոր անում այն։ Այդ քարն այնուհետև լցնում է ամբողջ երկիրը (Դանիել 2։34, 35)։ Ի՞նչ է սա ներկայացնում՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ այդ թագավորությունների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան... երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ։

            ( Դանիել 2.44, 45 )
         
«Այս թագավորների օրերում» խոսքը վերաբերում է մեր օրերին՝ Արևմտյան Եվրոպայի ժամանակակից ազգերին։ Այսօր մեր աշխարհը կանգնած է բոլոր ժամանակների մեծագույն իրադարձության շեմին։ Շուտով Հիսուսը կիջնի երկնքից՝ «թագավորություն հաստատելու»՝ խաղաղության և արդարության իր հավիտենական թագավորությունը։ Քարը, որը ջարդում է արձանը և լցնում ամբողջ երկիրը, «կկանգնի հավիտյան»։ Քրիստոսը՝ դարերի Ժայռը և թագավորների Թագավորը, հավիտյան կտիրի աշխարհին: Այս մեծ մարգարեությունն անխափան ճշգրտությամբ կանխատեսում է համաշխարհային պատմության ընթացքը և մեզ լցնում Հիսուսի երկրորդ գալուստի վստահ հույսով: Այս մարգարեության մեջ ամեն ինչ կատարվել է, բացի վերջնական գործողությունից: