• image
  • հոկտ. 4, 2023, 8:12 պ.մ.

Ստեղծագործության ո՞ր գլուխգործոցը ստեղծեց Աստված վեցերորդ օրը

Աստվածաշունչն այսպես է ասում. Մեր պարկերով և Մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ամբողջ երկրի վրա. . . Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։

Աստված որոշեց ստեղծել Իր նման անհատներ, որոնք կարող են տրամաբանել, զգալ ու սիրել: Մենք ստեղծված ենք Աստծո «պատկերով»։ Աստվածաշնչի այս հավաստիացումը օգնում է հասկանալու մեր արժեքը Աստծո աչքերում։ Աստված կարող էր մարդկանց այնպես ստեղծել, որ նրանք սիրեն ու փառավորեն Իրեն բնազդով: Բայց Աստված իրական շփում էր ցանկանում: Կենդանիներին կարելի է ընտելացնել, բայց նրանք չեն կարող իմաստալից զրույց վարել: Ռոբոտները կարող են օգտակար առաջադրանքներ կատարել, բայց չեն կարող սիրել։ Ահա թե ինչու Աստված ստեղծեց մարդկանց: Նա մեզ ստեղծեց Իր պատկերով` մտածելու, ընտրելու և սիրելու կարողությամբ: Նրանք Իր զավակներն էին, այդ իսկ պատճառով անբացատրելիորեն թանկ էին Իր համար:
 
Չարը մուտք է գործում կատարյալ աշխարհ
 
Երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, նրանք ամեն ինչ ունեին երջանիկ լինելու համար: Նրանք կատարյալ ֆիզիկական ու մտավոր առողջություն ունեին՝ ապրելով մի գեղեցիկ պարտեզ-տանը, մի անթերի աշխարհում (Ծննդոց 1.28–31)։ Աստված նրանց խոստացավ երեխաներ, ստեղծագործելու կարողություն և բավարարվածություն իրենց ձեռքի աշխատանքից (Ծննդոց 1.28; 2.15): Նրանք առերես էին շփվում իրենց Արարչի հետ (Ծննդոց 3.8)։ Անհանգստության, վախի կամ հիվանդության ոչ մի նշույլ չի խաթարել նրանց կատարյալ օրերը: Իսկ ի՞նչ ասել կյանքի մյուս կողմի մասին: Ինչպե՞ս այդքան կտրուկ փոխվեց աշխարհն և վերածվեց տառապանքի ու ողբերգության վայրի: Ծննդոց երրորդ գլուխը պատմում է մեղքի աշխարհ մտնելու ամբողջական պատմությունը: Որոշ ժամանակ անց, երբ Աստված կատարյալ աշխարհ ստեղծեց, սատանան եկավ Եդեմի պարտեզ, որպեսզի փորձի Ադամին ու Եվային և նրանց անհնազանդության դրդի իրենց Արարչի հանդեպ: Աստված սահմանափակել էր սատանայի ազդեցության վայրը միան պարտեզի «բարու և չարի գիտության ծառով»: Եվ Նա նախազգուշացրեց առաջին մարդկային զույգին հեռու մնալ այդ ծառից, որպեսզի չուտեն դրա պտուղներից, քանի որ այդ գործողության հետևանքը նրանց մահը կլինի: Բայց մի օր Եվան որոշեց զբոսնել արգելված ծառի մոտ։ Սատանան արագ սկսեց իր առևտուրը: Նա պնդում էր, որ Աստված խաբել է Եվային ու Ադամին, և եթե նա ուտի ծառի պտուղը, չի մեռնի, այլ իմաստուն կդառնա Աստծո նման՝ բարին ու չարը իմացող: Դժբախտաբար, Եվան, իսկ հետո նաև Ադամը, թույլ տվեցին, որ սատանան խաբի իրենց, և նրանք փորձեցին արգելված պտուղը։ Այդ արարքով նրանք խզեցին Աստծո հետ իրենց վստահության և հնազանդության կապը: Աստված ծրագրել էր, որ Ադամն ու Եվան «իշխեն» մեր աշխարհի վրա՝ որպես Իր արարչագործության տնտեսվարներ (Ծննդոց 1.26): Բայց քանի որ նրանք կորցրին Աստծո հանդեպ հավատը և սատանային ընտրեցին որպես իրենց նոր առաջնորդ, կորցրին իրենց իրավասությունը: Դա առաջին շրջադարձային քայլն էր, որի պատճառով մոլորակը վերջնականապես ապստամբեց Աստծո դեմ:

Այսօր սատանան աշխարհը համարում է իր տարածքը և ամեն կերպ փորձում է ստրկացնել ժողովրդին: Անտեսանելի թշնամին՝ սատանան, աշխատում է մարդկանց բարոյապես ոչնչացնել: Անիմաստ, արատավոր հանցագործություններից շատերը, որոնց մասին մենք սարսափով ենք կարդում, արդյունք են այն անհատների, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար հանձնվել են չար ուժի վերահսկողությանը: Նրանք հայտնաբերում են, որ այնպիսի բաներ են անում, որոնց մասին նախկինում չեն էլ մտածել: Երբ կարդաք Ծննդոց 3-րդ գլուխը, կբացահայտեք, որ մեղքի պատճառով Ադամն ու Եվան վախից թաքնվեցին Աստծուց: Մեղքը ավերիչ ազդեցություն է թողել ամբողջ արարչագործության վրա (Հռոմեացիներ 8.19-22): Ծաղիկների հետ հայտնվեցին փշեր։ Հողը տուժեց երաշտից, իսկ աշխատանքը ծանրացավ: Հիվանդությունը սկսեց պատահականորեն հարվածել: Խանդը, թշնամանքը, կասկածամտությունն ու ագահությունը սկսեցին բազմապատկել մարդկային դժբախտությունները։ Ամենասարսափելին այն էր, որ մեղքի հետ եկավ նաև մահը:

Ո՞վ է այս սատանան, որ մեղքով վարակեց մեր աշխարհը
 
Նոր Կտակարանը մոտ 100 անգամ հիշատակում է սատանային: Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ սատանան գոյություն ունի իրապես, անձնապես: Ի՞նչ պատկերացում է տալիս Հիսուսը սատանայի էության մասին՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Նա (սատանան) սկզբից մարդասպան էր, և ճշմարտության մեջ չկանգնեց, քանի որ նրա մեջ ճշմարտություն չկա: Երբ նա սուտ է խոսում, խոսում է իրենից, որովհետև ստախոս է և դրա հայրը։
          

            ( Հովհաննես 8.44 )

Ըստ Հիսուսի՝ սատանան տիեզերքում մեղքի առաջացման մեղավորն է, մեղքի ինչպես նաև սպանության և ստախոսության «հայրը»: Թոմաս Կարլայլը՝ անգլիացի մեծ փիլիսոփան, մի անգամ Ռալֆ Ուալդո Էմերսոնին տարավ Լոնդոնի Իսթ Էնդի ամենավատ փողոցները։ Երբ նրանք քայլում էին, լուռ դիտելով իրենց շրջապատող թշվառությանն ու չարությանը, Կարլայլը վերջապես հարցրեց. «Հիմա հավատո՞ւմ ես սատանայի գոյությանը»:
 
Մենք կարող ենք շարունակել նման զբոսանքը դեպի ժամանակակից աշխարհի հիվանդանոցներ, բանտեր և քաղաքներ կամ հետևենք հեռուստատեսությամբ ցուցադրվող մարտերին, որոնք խեղում և սպանում են անմեղ քաղաքացիներին, իսկ հետո հարցրեք. «Հիմա հավատո՞ւմ եք սատանայի գոյությանը»:

Արդյո՞ք Աստված է ստեղծել սատանային
 
Ըստ Հիսուսի՝ որտեղի՞ց է առաջացել սատանան՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Տեսնում էի սատանային, որ վայր էր ընկում երկնքից փայլակի պես։

            ( Ղուկաս 10.18 )
        
Հետագայում ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում սատանայի վայր ընկնելը երկնքից՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու Նրա հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին: Վիշապն ու նրա հրեշտակները ևս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց: Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։

            ( Հայտնություն 12. 7-9)
         
Աստվա՞ծ է ստեղծել սատանային: Ո՛չ։ Ինչ որ անում է Աստված, կատարյալ է: Բարի Աստված սատանա չէր ստեղծի: Եվ, այնուամենայնիվ, Աստվածաշունչում կարդում ենք, որ սատանան հրեշտակների հետ միասին, որոնց խաբել էր, կորցրեցին իրենց տեղը դրախտում և եկան մեր աշխարհ, որտեղ հաջողությամբ հեղաշրջում կատարեցին՝ Ադամից և Եվայից վերցնելով աշխարհի իշխանությունը: Որտեղի՞ց է ծագել սատանան: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է նա հայտնվել երկնքում:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և Ես քեզ այդպիսին կարգեցի...դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։

            ( Եզեկիել 28.14, 15 )
         
Ըստ այս հատվածի՝ Աստված չի ստեղծել սատանային: Նա ստեղծեց կատարյալ հրեշտակ, և այս հրեշտակն աստիճանաբար վերածվեց սատանայի: Սատանան երկնքի առաջնորդ հրեշտակներից մեկն էր, ով կանգնած էր Աստծո գահի կողքին: Բայց հետո նա մեղանչեց՝ «անօրենություն հայտնաբերվեց» նրա մեջ։ Վտարվելով դրախտից և ներկայանալով որպես Ադամի ու Եվայի ընկեր՝ նա դարձավ մարդկության ամենամահաբեր թշնամին: Երբ տեսնում եք մուլտֆիլմեր, որտեղ պատկերված է սատանան եղջյուրներով, պոչով և ճեղքված սմբակներով, հիշեք, որ այս պատկերը Աստվածաշնչից չէ: Սուրբ Գրքում մենք բացահայտում ենք, որ Աստծո մեծ թշնամին ժամանակին եղել է սուրբ հրեշտակներից ամենագեղեցիկն ու ամենաիմաստունը, առաջնորդ հրեշտակ, ով կանգնած էր Աստծո գահի կողքին:

Ինչու՞ սատանան մեղք գործեց
 
Եթե Աստված սատանային ստեղծել է որպես կատարյալ հրեշտակ, ապա ինչպե՞ս այս հրեշտակը դարձավ մեղավոր՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. Դու որ ստորացնում էիր ազգերին: Ինքդ ասում էիր քո սրտում. «Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր... կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին»։

            ( Եսայի 14.12-14 )
         
Այն էակը, ով դարձավ սատանա, սկզբում կոչվում էր արուսյակ որ նշանակում է «առավոտյան աստղ» կամ «լուսակիր»: Ինչ-որ կերպ այս հրեշտակի սրտում կրքերն ու փառասիրությունը սկսեցին գրավել նվիրվածության տեղը: Հպարտության սերմն Աստծո տեղը գրավելու մոլուցք առաջացրեց: Ավելի ու ավելի նախանձելով Աստծուն՝ նա ձգտում էր գրավել Աստծո գահը: Արուսյակը պետք է շատ ջանք գործադրած լիներ երկնային մյուս էակներին համոզելու համար, որ ավելի լավ ծրագիր ունի: Հեշտ է պատկերացնել, որ սատանան պնդում էր, թե Աստված ինչ-որ բան է թաքցնում նրանցից, այն նույն փաստարկը, որը նա օգտագործեց Ծննդոց 3-ում Եվային գայթակղելու ժամանակ: Նա կարող էր պնդել, որ աստվածային օրենքը չափազանց սահմանափակող է, և որ Աստված անտարբեր Տիրակալ է: Նա զրպարտեց Նրա անունը, Ում բնավորությունը սահմանում է, թե ինչ է սերը: Ինչպե՞ս լուծվեց այս հակամարտությունը՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. Ես քեզ գետնին գցեցի։

            ( Եզեկիել 28.17 )
         
Երբ արուսյակի սիրտը հպարտացավ, նա նախընտրեց ապստամբել: Եվ Աստված ստիպված էր նրան դուրս հանել դրախտից: Ինչո՞ւ։ Որովհետև հպարտությունն ու եսասիրությունը, որոնք բոլոր մեղքերի արմատն են, չեն կարող գոյություն ունենալ Աստծո ներկայության մեջ: Արուսյակը Աստծո հանդեպ սերը վերածեց անառողջ ինքնասիրության: Խանդը հրեշտակների առաջնորդին վերածեց սատանայի: Եվ երկնքի խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար նա և երկնային հրեշտակների մեկ երրորդը, նրանք, ովքեր միացել էին նրան ապստամբության ժամանակ, պետք է վտարվեին (Հայտնություն 12.4, 7-9):
 
Ո՞վ է պատասխանատու մեղքի համար
 
Ինչու Աստված չի ստեղծել այնպիսի էակներ, որոնք անընդունակ են մեղք գործելու: Եթե Նա այդպես աներ, մեր աշխարհում չարության խնդիր չէր լինի: Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է վերադառնանք այն հարցին, թե առաջին հերթին ինչու է Աստված մեզ ստեղծել: Նա ցանկանում էր այնպիսի մարդկանց, ովքեր կարող էին բովանդակալից հարաբերություններ ունենալ: Սա նշանակում է, որ մենք ազատ ենք և պատասխանատու: Մենք կարող ենք որոշել՝ սիրել Աստծուն կամ երես թեքել Նրանից: Ի՞նչ հատուկ կարողություն է տվել Աստված մարդկանց և հրեշտակներին, որոնք նրանց տարբերում են կենդանիներից:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու։։

            ( Հեսու  24.15)
         
Միայն նրանք, որոնք ի վիճակի են տրամաբանելու և ընտրելու, կարող են իրական սեր զգալ: Աստված ձգտում էր ստեղծել այնպիսի անհատներ, որոնք կկարողանան ըմբռնել և գնահատել Նրա բնավորությունը, ազատորեն պատասխանել Նրա սիրուն և սիրեն մարդկանց: Աստված այնքան էր ցանկանում կիսվել Իր սիրով, որ պատրաստ էր մեծ ռիսկի գնալ՝ ընտրության իրավունքով ստեղծելով հրեշտակներին ու մարդկանց: Նա գիտեր, որ հնարավոր է ինչ-որ պահի Իր ստեղծած էակներից մեկը որոշի չծառայել Իրեն: Սատանան առաջին էակն էր տիեզերքում, որ կատարեց այդ սարսափելի ընտրությունը: Մեղքի ողբերգությունը սկսվեց նրանից (Հովհաննես 8.44; 1 Հովհաննես 3.8):
Խաչը կարող է ոչնչացնել մեղքը
 
Բայց ինչո՞ւ մեղքի ողբերգությունը չդադարեց արուսյակի մոտ: Ինչո՞ւ Աստված չկործանեց նրան, նախքան նրա «մեղքի հիվանդությունը» կտարածվեր: Կարևոր է հիշել, որ արուսյակը մարտահրավեր էր նետել Աստծո կառավարության արդարությանը: Նա կեղծիք էր տարածել Աստծո մասին։ Հրեշտակները երբեք չեն մտածել ստի գաղափարի մասին: Բնականաբար, նրանք չէին հասկանում այն ամենը, ինչ թաքնված էր արուսյակի խաբեության հետևում: Եթե Աստված անմիջապես ոչնչացներ արուսյակին, հրեշտակները կսկսեին ծառայել Նրան ոչ թե սիրուց, այլ վախից դրդված: Սա առաջին հերթին կխափաներ Նրա նպատակը՝ ստեղծելով էակներ ազատ ընտրության հնարավորությամբ:
 
Ոչ ոք չէր համարձակվել այլընտրանք փորձել։ Աստված սատանային հնարավորություն տվեց ցույց տալու իր այլընտրանքային համակարգը: Այդ պատճառով նրան հնարավորություն տրվեց գայթակղելու Ադամին ու Եվային:
 
Այս մոլորակը դարձել է փորձադաշտ, որտեղ սատանայի բնավորությունն ու նրա թագավորության բնությունը հակադրվում են Աստծո և Նրա թագավորության բնությանը: Ո՞վ է ճիշտ: Ի վերջո, ո՞ւմ կարող ենք վստահել: Սրանք այն հարցերն են, որոնք պետք է լուծի Քրիստոսի և սատանայի միջև մեծ պայքարը: Ժամանակ է պահանջվել, որպեսզի բոլորն իսկապես հասկանան, թե իրականում որքան աղետալի է սատանայի այլընտրանքը: Բայց, ի վերջո, բոլորը կտեսնեն, որ «մեղքի վարձը մահն է» և որ «Աստծո պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսում» (Հռոմեացիս 6.23):
 
Խաչի վրա Քրիստոսի անվերապահ սիրո անխոս ցուցաբերումը գերազանցեց մարդու և սատանայի վատագույն գործողություններին: Սատանան որոշիչ պարտություն կրեց: Պատերազմի էությունն այն էր, թե ով պետք է կառավարի աշխարհը՝ Քրիստո՞սը, թե սատանան: Բայց խաչն ընդմիշտ լուծեց այդ հարցը: Անկասկած, հաղթողը Քրիստոսն է:
 Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հայր, ես շնորհակալ եմ այս աշխարհում աատանայի նկատմամբ Հիսուսի հաղթանակի համար: Շնորհակալություն, որ Դու այդքան ողորմածաբար խաչի վրայից ներում շնորհեցիր մեզ: Հենց հիմա ես Քեզ իմ կյանք եմ հրավիրում և խնդրում, որ պայքարես իմ մեղավոր բնության դեմ: Խնդրում եմ տիրի՛ր իմ ողջ էությանը: Օգնի՛ր ինձ ամեն օր մոտ գտնվել Հիսուսին: Շնորհակալ եմ, որ լսեցիր իմ աղոթքը: Հիսուսի անունով, ամե՛ն։