• image
  • հոկտ. 4, 2023, 8:12 պ.մ.

Ի՞նչ է ասում Հովհաննես առաքյալը Հիսուսի աստվածության մասին

Աստվածաշունչն այսպես է ասում. Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր և Բանն Աստված էր: Նա սկզբում Աստծո մոտ էր: Ամեն ինչ Նրանով եղավ և առանց Նրա ոչինչ չեղավ ինչ որ եղավ...Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը, Փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ ( Հովհաննես 1.1-3, 14 )

Ըստ Աստվածաշնչի` Հիսուսը ոչ միայն լավ մարդ էր, այլև լիովին Աստված: Հիսուսը՝ Խոսքը, սկզբում Աստծո հետ էր և ամեն ինչին կենդանություն պարգևեց: Ի՞նչ է պնդում Հիսուսը կապված Իր աստվածության հետ: «Եթե Ինձ ճանաչեիք, Իմ Հորն էլ ճանաչած կլինեիք...Ով Ինձ տեսավ, նա Հորը տեսավ» (Հովհաննես 14.7, 9): «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10.30): Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսին է Աստված, պարզապես նայեք Հիսուսին: Հայրը կիսում է նույն սերն ու հոգատարությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը Հիսուսը դրսևորեց երկրի վրա Իր մարդկային կյանքի ընթացքում: Հիսուսը՝ Խոսքը, լիովին Աստված է, ինչպես Հայրը: Հայր Աստվածը և Հիսուսը՝ Որդին, գոյություն են ունեցել միասին հավիտենությունից առաջ:

2. Քրիստոսը՝ պատմության և մարգարեության սիրտը
 
Հիսուսը եզակի է նրանով, որ Նրա կենսագրությունը գրվել է նախքան Նրա ծնվելը: Հին Կտակարանի մարգարեությունները նախապես ներկայացնում են Քրիստոսի կյանքի հստակ ծրագիրը: Նոր Կտակարանը Նրա կյանքի պատմությունն է, որը կատարյալ է: Յուրաքանչյուրը, ով ուշադիր կարդում է Հին Կտակարանը, հայտնաբերում է, որ այն անընդհատ հիշատակում է գալիք Մեսիային: Երբ Ադամն ու Եվան մեղքի մեջ ընկան, Աստված անմիջապես խոստացավ նրանց, որ մեր աշխարհ կուղարկի Մեկին ՝ սատանային հաղթելու համար (Ծննդոց 3.15): Այդ Անձը, ինչպես հետագայում բացահայտում է Սուրբ Գիրքը, կլինի Մեսիան: Եբրայերեն «Մեսիա» բառը Հին Կտակարանում բառացիորեն նշանակում է «Օծյալ», և այն Նոր Կտակարանում համապատասխանում է հունարեն «Քրիստոս» բառին (Հովհաննես 1.41; 4.25): Հիսուս Քրիստոսը Մեսիան է: Դա Նոր Կտակարանի հիմնական խոստումն է:
 
Ապրելով Քրիստոսի ծնունդից 500-ից 1500 տարի առաջ՝ Հին Կտակարանի մարգարեները Մեսիայի կյանքի վերաբերյալ բազմաթիվ հստակ կանխատեսումներ են արել: Նրանց մարգարեությունները բնորոշում են Քրիստոսի ծննդյան քաղաքը, Նրա անունը և նրա կյանքի գործերը: Նրանք բացահայտում են Նրա դատավարության և Նրա մահվան հետ կապված իրադարձությունների մանրամասները: Նույնիսկ կանխագուշակված են Նրա մահվան տարին, օրն ու ժամը: Մեսիական մարգարեությունները նաև ցույց են տալիս, որ Նա կկենդանանա երրորդ օրը: Քրիստոսի երկրային ծառայության հենց սկզբում, երբ մարդիկ Նրա կյանքը համեմատում էին Հին Կտակարանի մարգարեությունների հետ, ի՞նչ եզրակացության եկան՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Գտանք Նրան, Ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են: Դա Հիսուսն է՝ Հովսեփի Որդին՝ Նազարեթից։         

(Հովհաննես 1.45 )
         
Կատարված մարգարեությունները համոզիչ կերպով վկայում են , որ Հիսուսը խոստացված Մեսիան է։
 
3. Կյանք՝ ծրագրավորված Աստծո կողմից
 
Հիսուսն ապրել է Աստծո կողմից որոշված մի կյանք՝ կյանք, որը ծրագրավորված էր Նրա ծննդից հարյուրավոր տարիներ առաջ: Ահա, թե ինչու Նա ասաց.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ես ինքս Ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրն Ինձ սովորեցրեց, այն եմ խոսում... որովհետև Ես միշտ անում եմ այն, ինչ Նրան հաճելի է։

            ( Հովհաննես 8.28, 29 )
         
Ինչպես Աստված որոշել էր Հիսուսի մարդկային կյանքը մինչև Նրա ծնունդը, այնպես էլ Նա ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Նա ձեզ համար ծրագիր ունի։ Նա գիտի, թե ինչպես կարող եք իրականացնել ձեր ամենափափագելի ցանկությունները և առատ կյանք ձեռք բերել: Երբեմն մենք չենք ցանկանում ենթարկվել Աստծո ծրագրին, քանի որ վախենում ենք, որ Նա կառաջնորդի մեզ մի ճանապարհով, որին չենք ցանկանում հետևել: Բայց եթե վստահենք Նրան՝ թույլ տալով, որ Նա առաջնորդի մեր կայացրած յուրաքանչյուր որոշմանը, կտեսնենք, որ Աստծո ծրագիրը միշտ լավագույնն է: Հետ նայելով՝ մենք կզարմանանք, թե ինչպես է Աստված միշտ փորձել մեզ ուղղորդել ճիշտ ճանապարհով, նույնիսկ եթե մենք այդ ժամանակ չենք նկատել այդ ամենը: Բայց ինչպե՞ս կարող եք իմանալ Աստծո ծրագիրը ձեր կյանքի համար: Ահա չորս քայլ, որոնք կօգնեն ձեզ՝
 
ԽՆԴՐԵՀամաձայն Հակոբոս 1.5-ի՝ եթե Աստծուց իմաստություն խնդրեք, Նա կտա։ Յուրաքանչյուր իրավիճակում, ինքնուրույն գլուխ հանելու փոխարեն, խնդրեք Աստծո առաջնորդությունը:
ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՏԵՐՆ Է ՁԵԶ ԲԱՑԵԱստված չի կարող ձեզ ավելին տալ, եթե դուք չեք հետևում արդեն ձեզ բացված լույսին:
ԼՍԵՈւսումնասիրեք Աստծո Խոսքը, աղոթեք և հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը: Աստված երբեք չի առաջնորդի ձեզ դեմ գնալու Իր բնավորության կամ Իր Խոսքի սկզբունքներին:
ՍՊԱՍԵԳործելուց առաջ Աստծուն սպասելը թույլ է տալիս Նրան ավելի լիարժեք առաջնորդելու ձեզ և ավելի շատ տալու այն օրհնությունները, որոնք խոստացել է:
 
4. Հասկանալով Աստծո կամքը
 
Ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ ապրում եք Աստծո առաջնորդությամբ, ոչ թե պարզապես հետևում ձեր սովորություններին ու կրքերին: Աստվածաշունչը զգուշացնում է հենց այդպիսի ծուղակի մասին`
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։

            ( Առակներ 16.25 )
         
Մենք արդարացնում ենք մեր վարքը, նույնիսկ երբ գիտենք, որ դա ներդաշնակ չէ Աստծո կամքին: Որոշ մարդիկ իրենք իրենց հանգստացնում են հետևյալ մտքերով՝ «Աստված հասկանում է իմ վիճակը», «Աստված ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ» կամ «Այն, ինչ ես անում եմ, իրականում ոչ մեկին վնաս չի պատճառում»։ Մեր գործողություններն ու զգացմունքները պետք է համապատասխանեն Աստվածաշնչի ուսուցմանը։ Աստված ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար, բայց այդ ծրագիրը երբեք իր մեջ անհնազանդություն չի ներառի Իր Խոսքի հանդեպ: Երբեք անվտանգ չէ եզրակացնել, որ Աստված առաջնորդում է մեզ, եթե մեր գործողությունները ներդաշնակ չեն Աստվածաշնչին:
5. Հնազանդություն Աստծո ծրագրին
 
Երբ սատանան անապատ եկավ՝ Հիսուսին գայթակղելու համար, նրա հարձակման թիրախը հնազանդության հարցն էր: Սատանան առաջարկեց. «Եթե դու միայն հրաժարվես այն ցավալի զոհաբերություններից, որոնք Քո Հայրը ծրագրել է Քեզ համար, ես աշխարհը կդնեմ Քո ափի մեջ՝ փառքով, հարստությամբ և հարմարավետ ապրելակերպով»: Սատանան նույնիսկ մեջբերեց Սուրբ Գրքից ՝փորձելով մոլորեցնել Հիսուսին։ Բայց ամեն անգամ Հիսուսը պայքարում էր նրա դեմ՝ «գրված է» խոսքերով (Մատթեոս 4.1-11): Մի կարևոր դաս, որը պետք է քաղենք Հիսուսի կյանքից Հոր կամքին հնազանդվելն է:
 
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ Հայր: Շնորհակալ եմ, որ Հիսուսին ուղարկեցիր այս աշխարհ, որ ապրի, մահանա և հարություն առնի ինձ համար: Ես ուզում եմ, որ Դու առաջնորդես իմ կյանքը ճիշտ այնպես, ինչպես առաջնորդեցիր Հիսուսի կյանքը, երբ Նա այստեղ էր, երկրի վրա: Ես հրավիրում եմ Քեզ լինելու իմ սրտի և մտքի Տերը: Հիսուսի անունով, ամե՛ն: