Առողջ ապրելակերպ
Ի՞նչ կանեիք, եթե կարողանայիք տասը տարի ավելացնել ձեր կյանքին: Արդյո՞ք ձեզ հրապուրեց այս միտքը։ Երկար, առողջ կյանքը պատահական չէ: Փորձագետներն ասում են, որ եթե որդեգրենք ապրելակերպի որոշ պարզ սկզբունքներ, կարող ենք տասը տարով ավելի երկար ապրել:
«National Geographic» ամսագրի 2005 թվականի նոյեմբերյան համարում ներկայացվել է Կալիֆոռնիայի Յոթերորդ օրվա ադվենտիստների Լոմա Լինդա համալսարանի կողմից կատարված մի ուսումնասիրություն: Այս հետազոտական նախագիծը, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, նպատակ ուներ պարզելու, թե արդյոք ադվենտիստների առողջ ապրելակերպն ազդում է նրանց կյանքի տևողության և այնպիսի լուրջ հիվանդությունների ռիսկի վրա, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Տասը տարի հետազոտելուց հետո, դրա արդյունքները տպավորիչ էին: Այն հայտնաբերեց ադվենտիստների շրջանում թոքերի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, աղեհամակարգի քաղցկեղի և սրտի իշեմիկ հիվանդության զգալիորեն ցածր մակարդակ:
Իսկ ի՞նչ կասեք նրանց կյանքի տևողության մասին։ Ըստ National Geographic-ի հոդվածի ամփոփած արդյունքների` միջին ադվենտիստն ապրում է 4-10 տարով ավելի երկար, քան Կալիֆոռնիայի միջին բնակիչը:
Այս թեմայում մենք կանդրադառնանք առողջության ութ պարզ սկզբունքների, որոնք կարող են օգնել ձեզ ապրելու ավելի առողջ, երկար և արդյունավետ կյանքով:
Առողջության վերաբերյալ ժամանակակից մտածելակերպը հանգել է այն եզրակացության, ինչը վաղուց ասել է Աստվածաշունչը: Մարդիկ ավելին են, քան պարզապես ֆիզիկական մարմինը։ Մարդու ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հոգևոր կողմերը փոխկապակցված են և անբաժանելի: Այլ կերպ ասած, այն, ինչ ազդում է մտքի վրա, ազդում է մարմնի վրա: Մեր հոգևոր վիճակն ազդում է մեր ֆիզիկական վիճակի վրա և հակառակը։ Այն, ինչ ազդում է մեր էության մի կողմի վրա, շոշափում է նաև մյուս բոլոր կողմերը: Մենք մի ամբողջական մարդ ենք։
Հազարավոր տարիներ առաջ Աստծո Խոսքը մատնանշել էր այն, որը միայն վերջերս է ընդունվել բժշկական տեսության մեջ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։
(Առակաց 17.22)
Քանի որ ֆիզիկական ու հոգեկան առողջությունը կապված է մեր հոգևոր բարեկեցության հետ, Պողոսը քրիստոնյային հետևյալ կոչն է ուղղում.
Աստվածաշունչն այսպես է ասում
Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք։
(Ա Կորնթացիներին 10.31)
1. Մաքուր օդ
Մաքուր, թարմ օդը կարևոր է առողջության համար: Ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը ձեր տան և աշխատավայրի պատշաճ օդափոխությունը երաշխավորում է, որ ձեր արյունը միշտ բավականաչափ թթվածին մատակարարի մարմնի բոլոր մասեր:
Ակնհայտորեն կարևոր է օդի որակը, որը դուք շնչում եք: Զգո՛ւյշ եղեք, որ թաքնված աղբյուրից վնասակար գազերի կամ օդային բացիլների ազդեցության տակ չընկնեք: Վաղ առավոտյան զբոսանքի ընթացքում խոր շնչելը մարմինը թթվածնով հագեցնելու հիանալի միջոց է: Ծխելը ոչ միայն աղտոտում է օդը, այլև այսօրվա ամենամեծ մարդասպաններից մեկն է։ Գիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները կապ են տեսել ծխախոտի և թոքերի քաղցկեղի, էմֆիզեմայի, սրտանոթային և այլ հիվանդությունների միջև:
2. Արևի լույս
Արևի լույսը՝ ճիշտ քանակով, շատ օգտակար է մարմնի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթական երկու-երեք անգամ ձեռքերի ու դեմքի վրա արևի ուղիղ ճառագայթների 5-15 րոպե ազդեցությունը օգտակար է վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար: Դուք չեք կարող լիարժեք առողջություն ունենալ, եթե բավարար չափով արևի լույս չեք ստանում: Ահա նրա առավելություններից ընդամենը մի քանիսը:
Արևի լույսը սպանում է բացիլները և ամրապնդում իմունային համակարգը։ Այն մեծացնում է արյան սպիտակ բջիջների քանակը, ինչպես նաև դրանց արդյունավետությունը:
Արևի լույսը հանգստացնում է նյարդային համակարգը և բարձրացնում տրամադրությունը։ Այն խթանում է էնդորֆինի և սերոտոնինի արտադրությունը ձեր ուղեղում:
Արևի լույսն օգնում է մարսողությանը։ Այն խթանում է ձեր ախորժակը, բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը:
Արևի լույսն օգնում է բնական ճանապարհով իջեցնելու խոլեստերինի մակարդակը։
Արևի լույսը նպաստում է հանգստին և նվազեցնում սթրեսը։ Արևի լույսը քունը խթանող մեծագույն գործոններից մեկն է, հատկապես, երբ այն համատեղում ես ֆիզիկական վարժությունների հետ:
Այնուամենայնիվ, զգուշությո՛ւն պահպանեք: Առողջության համար բոլոր առավելություններով հանդերձ՝ արևի լույսը կարող է նաև վնասակար լինել։ Արևի լույսի չափազանց մեծ ազդեցությունը մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկ է։ Այն կարող է առաջացնել նաև արևայրուք, վնասել աչքերն ու մաշկը, արագացնել ծերացման գործընթացը:
3. Հանգիստ
Մարդկանց զգալի մասի կյանքը խիստ լարված է և սթրեսներով լի: Դա իր ազդեցությունն է ունենում մեր մարմնի վրա, և մենք սովոր ենք արագ լուծում փնտրել հաբերի մեջ։ Մենք պետք է ժամանակ ունենանք վերականգնվելու և հանգստանալու համար, որպեսզի թուլացնենք աշխատանքային և ընտանեկան պարտականությունների լարվածությունը: Անբավարար հանգստի դեպքում մենք անհանգիստ ենք ու դյուրագրգիռ: Սա կարող է հանգեցնել հիվանդությունների ու ավելի վատթարացնել մեր վիճակն այն դեպքում, երբ մեր մարմինը հանգիստ է փափագում: Գիշերային լավ քունը պարզապես հնարավոր չէ փոխարինել որևէ միջոցով: Ոչ մի դեղամիջոց կամ խթանիչ չի կարող լրացնել քնի պակասը: «Առողջ քուն՝ Ազգային քնի հիմնադրամ» ամսագրի հոդվածում մեծահասակներին խորհուրդ է տրվում գիշերը քնել յոթից ինը ժամ («National Sleep Foundation's Sleep Time Duration Recommendations», Sleep Health, մարտ 2015):
Բավարար հանգիստը գերազանց առողջություն պահպանելու ևս մեկ բնական բանալի է, որ պարգևել է Աստված: Մեր հոգևոր մարտկոցների ամենօրյա լիցքավորումը նույնպես կարևոր է ֆիզիկական առողջության համար: Քրիստոնեական մտորումներին, Աստվածաշնչի ուսումնասիրությանը և աղոթքին տրամադրած ամենօրյա ժամանակը կօգնի բուժելու մարմինը, ինչպես նաև հոգին: Աստված գիտեր, որ մեզ կանոնավոր ընդմիջում է անհրաժեշտ մեր աշխատանքային փուլերի հերթագայման մեջ: Ահա թե ինչու արարչագործության ժամանակ Նա Իր սկզբնական ծրագրի մեջ ներառեց շաբաթ օրվա հանգիստը։ Այն շաբաթվա յոթերորդ օրն է։
Աստվածաշունչն այսպես է ասում
Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը: Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց Իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ Իր կատարած բոլոր գործերից: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։
(Ծննդոց 2.1-3)
Այս օրը Աստված հրավիրում է, որ Իր հետ կիսվենք հանգստի օրհնություններով՝ վերականգնելով ու երիտասարդացնելով ինքներս մեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես և թե՛ մտավոր առումով: Հանգստի այս օրն այնքան կարևոր է, որ Աստված այն ընդգրկել է Տասը պատվիրանների մեջ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Բայց յոթերորդ օրը Քո Տեր Աստծո հանգստի օրն է. ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը։
(Ելից 20.8-10)
4. Ֆիզիկական վարժություններ
Աստված նախատեսել է, որ մարդիկ ֆիզիկապես եռանդուն կյանք վարեն։ Մենք կարող ենք ավելի լավ առողջություն և երկար կյանք վայելել կանոնավոր, համակարգված վարժությունների շնորհիվ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգործությունը մեծացնում է դեգեներատիվ հիվանդությունների մակարդակը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, օստեոպորոզը, անհանգստությունը և դեպրեսիան։
Ահա կանոնավոր ֆիզիկական վարժությունների մի քանի առավելություններ.
Օգնում է նվազեցնելու արյան բարձր ճնշումը
Բարձրացնում է ոսկրերի խտությունը
Նպաստում է նիհարելուն
Ամրապնդում է իմունային համակարգը
Բարելավում է արյան շրջանառությունը
Մեծացնում է ուժն ու դիմադրողականությունը
Եթե դուք կանոնավոր կերպով չեք մարզվում, ապա ծրագրավորեք և սկսեք մարզվել: Սկսեք դանդաղ և աստիճանաբար ավելացրեք ծանրաբեռնվածությունը` ըստ ձեր ֆիզիկական հնարավորությունների: Փորձեք ամեն օր մոտ 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դուք կտեսնեք հրաշալի փոփոխություններ ձեր կյանքում։
5. Ջուր
Քանի որ ջուրը կարևոր է մարմնի յուրաքանչյուր բջջի համար, մենք պետք է շատ ջուր օգտագործենք: Դա բնական դեղամիջոց է, կատարյալ միջոց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մաքրության համար: Ձեր մարմինը կազմված է մոտ 70% ջրից, և դրա բոլոր գործառույթները ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է օրական մոտ 2.5 լիտր ջուր:
Ջուրը գոյություն է ունեցել արարչագործության հենց սկզբից և կարևոր գործոն է մեր օրգանիզմի անխափան աշխատանքի համար: Ջուր օգտագործելու լավագույն եղանակը այն առանձին խմելն է, առանց սննդի հետ խառնելու, որպեսզի ստամոքսի մարսողական հյութերը չնոսրանան՝ հետաձգելով ստամոքսի դատարկումը։ Կանոնավոր լողանալը կամ ցնցուղ ընդունելը մեծապես կարևոր են լավ առողջության համար: Մաշկը՝ մարմնի ամենամեծ օրգանը, իր ծակոտիների միջոցով հեռացնում է մարմնի որոշ քիմիական թափոններ: Ջուրը բնության մաքրող միջոցն է՝ այդ կեղտերը հեռացնելու համար:
6. Առողջ և բուսական սննդակարգ
Արարչագործության ժամանակ Աստված Ադամին ու Եվային պատվիրեց, որ ուտեն ընդեղեն, հացահատիկ ու մրգեր (Ծննդոց 1.29)։ Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, նրանց սննդակարգում ավելացվեց նաև բանջարեղենը (Ծննդոց 3.18): Իսկ ահա ջրհեղեղից հետո Արարիչը նրանց սննդակարգում ավելացրեց «մաքուր» մսամթերքը (Ծննդոց 7.2, 3։ 9.1–6)։
Քանի որ բուսական սննդակարգով մարդիկ ավելի առողջ ու երկար են ապրում, սննդակարգի և առողջության շատ փորձագետներ հորդորում են վերադառնալ մարդկության սկզբնական սննդակարգին, որը բաղկացած է ընդեղենից, հացազգիներից և մրգերից՝ ավելացնելով բանջարեղենը:
Կենդանական սնունդը պարունակում է և՛ հագեցած ճարպեր, և՛ խոլեստերին, և' այլ վնասակար նյութեր, որոնք կարող են մեծացնել արյան բարձր ճնշման, ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, գիրության, շաքարախտի և այլ հիվանդությունների վտանգը։ Ահա առողջ սնվելու յոթ ոսկե կանոնները՝
- Սնվեք բուսական սննդակարգով։ Դուք կարիք չունեք անհանգստանալու բավարար քանակի սպիտակուց ստանալու համար, եթե օգտագործում եք մրգերի, ընդեղենի, հացահատիկի և բանջարեղենի լայն տեսականի: Բոլոր անհրաժեշտ ամինոթթուները պարունակվում են բուսական սննդակարգում։
- Նվազեցրեք ճարպի և խոլեստերինի քանակը։ Դա անելու հեշտ ճանապարհը մսի, տապակած սննդի, անառողջ սննդի և կաթնամթերքի լիովին հեռացումը կամ կրճատումն է:
- Քիչ օգտագգործեք շաքարավազ։ Մեծ քանակի թաքնված շաքար են պարունակում հացահատիկային նախաճաշերը, զովացուցիչ ըմպելիքները, նուրբ աղանդերները և նույնիսկ կետչուպների ու աղցանների լցոնները: Մեծ քանակի շաքար օգտագործելուց խուսափելու լավագույն միջոցը սննդակարգում մշակված մթերքների քանակի կրճատումն է և հնարավորինս շատ բնական մթերքների օգտագործումը:
- Քիչ օգտագործեք աղ։ Փորձեք ճաշ եփելիս մեջը ավելացնել քիչ քանակության աղ, այնուհետև սնվելիս սեղանին չդնել աղաման և բավարարվել ճաշի մեջ եղած աղով։ Աստիճանաբար ձեր քիմքը կսովորի բավարար քանակի աղին։
- Ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջահատիկ ձավարեղեն օգտագործեք։ Այս բնական կամ «ամբողջական» մթերքների լայն տեսականին օգտագործելով՝ դուք ոչ միայն բավարար քանակի սննդանյութեր կստանաք, այլև անհրաժեշտ բջջանյութ ձեր մարսողական համակարգն առողջ պահելու համար:
- Բաց մի թողեք նախաճաշը։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր լավ նախաճաշում են, ավելի լավ առողջություն ունեն, ավելի երկար են ապրում և մտավոր հնարավորություններով ավելի աչալուրջ են, քան նրանք, ովքեր չեն նախաճաշում:
- Հրաժարվեք ճաշերի արանքում սնունդ օգտագործելուց։ Թեև օրվա ընթացքում ծամելը լայնորեն տարածված է, փորձագետները պնդում են, որ մեր մարսողական համակարգը լավագույնս աշխատում է այն ժամանակ, երբ մենք առնվազն հինգ ժամ ոչինչ չենք ուտում:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նախընտրում են միս ուտել, պետք է ուտեն միայն այն միսը, որն Աստվածաշունչը «մաքուր» կամ պիտանի է համարում մարդու համար։ Երբ ջրհեղեղից հետո Աստված միս ուտելու թույլտվություն տվեց մարդկանց (Ծննդոց 7.2, 3; 9.1-6), հատուկ նշեց, թե որ կենդանիներն են մաքուր ուտելու համար և որ կենդանիներն են անմաքուր: Ղևտացիներին 11 և Բ Օրենք 14 գլուխներում դուք կգտնեք թռչունների, կենդանիների և ձկների այն շարքը, որ Աստված անպիտան է համարել սննդակարգում օգտագործելու համար: Ըստ այս գլուխների՝ մաքուր ձուկը պետք է ունենա և՛ լողակներ, և՛ թեփուկներ: Լեշակեր թռչուններն արգելված են: Մաքուր կենդանիները պետք է ունենան ճեղքված սմբակ, ինչպես նաև կովի պես որոճան: Անմաքուր կենդանու օրինակ է խոզը, նապաստակը, մուկը և այլն՝
Աստվածաշունչն այսպես է ասում
Խոզը, թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։
(Բ Օրենք 14.8)
Գիտական հետազոտությունները հիմնավորում են, որ Աստված իսկապես իրավացի է անմաքուր միս ուտելու վերաբերյալ նախազգուշացնելու առումով: Առողջության համար մտահոգությունները հիմնավոր են: Խնդիրը ոչ միայն որոշ կենդանիների հիվանդություններն են, այլև մսի հագեցած ճարպերի վնասակար ազդեցությունը մարդու մարմնի վրա։ Աստված ցանկանում է, որ դուք ապրեք երջանիկ, առողջ և արգասաբեր կյանքով: Ինչո՞ւ։ Որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին:
7. Խուսափե՛ք վնասակար ըմպելիքներից
Ի՞նչ է նախազգուշացնում Աստվածաշունչը ալկոհոլային խմիչքների առումով՝
Աստվածաշունչն այսպես է ասում
Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմն են կարմրատակած աչքերը։ Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։ Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում. Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։
(Առակներ 23.29-32)
Ալկոհոլը հայտնի թույն է ուղեղի և աղիների համար: Վերջերս հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ալկոհոլ խմելու հարցում լիովին անվտանգ մակարդակ չկա: 2011 թվականի ապրիլին Բրիտանական բժշկական ամսագրի տվյալները ցույց են տվել, որ նույնիսկ ոչ հաճախ և այն էլ քիչ չափաբաժնով ալկոհոլ օգտագործելը մեծացնում է քաղցկեղի և, բնականաբար, մահացության ռիսկը:
Անկախ նրանից, մենք դա գիտակցում ենք թե ոչ, ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը որոշ չափով խաթարում է բանականությունը, խիղճը և դատողությունը։ Ալկոհոլի ազդեցության շրջանակը բավականին լայն է.
ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ալկոհոլը նվազեցնում է սպիտակ գնդիկների հնարավորությունը հիվանդությունների դեմ պայքարում:
ԷՆԴՈԿՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Օրական ընդամենը երկու բաժակ ալկոհոլային խմիչք օգտագործելը մեծացնում է վիժումների, մեռելածնության և վաղաժամ ծննդաբերության վտանգը։
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության վտանգը, մեծացնում է հիպոգլիկեմիայի վտանգը, բարձրացնում է արյան ճնշումը՝ հանգեցնելով հիպերտոնիայի։
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ալկոհոլը գրգռում է ստամոքսը և կարող է արյունահոսություն առաջացնել այնտեղ:
Ալկոհոլի չարաշահումը աշխարհի շատ երկրներում մահացության երրորդ տեղն է գրավում։
Ալկոհոլային խմիչքները թթվային են և նպաստում են վաղաժամ ծերացմանը և մահվան։
Բացի ալկոհոլային խմիչքներից մեծ վնասակար ազդեցություն ունեն «թմրադեղային» ըմպելիքները՝ ինչպիսիք են սուրճը և թեյը։ Ժամանակակից հիվանդությունների պատճառ են հանդիսանում նաև գազավորված քացր ըմպելիքները՝ կոկա կոլա, սփրայթ, պեպսի և նրանց կրկնօրինակումները։ Լավագույն ըմպելիքը Աստծո ստեղծած մաքուր ջուրն է։
8. Վստահե՛ք Աստվածային զորությանը
Այս յոթ սկզբունքները ներկայացնում են առողջ ապրելակերպի տարրերը, սակայն դրանք թերի են առանց ութերորդ կենսական սկզբունքի՝ աստվածային զորության հանդեպ վստահության: Վախով կամ մեղքի զգացումով ապրող անձնավորության համար դժվար կլինի ամբողջովին օգուտ քաղել մեր ներկայացրած կենսակերպից: Առողջ ապրելակերպին հետևող մարդը եթե տառապում է վախով, սթրեսով և անհանգստությամբ, ապա հեշտությամբ կչեզոքացնի առողջ ապրելակերպի բոլոր դրական արդյունքները և ձեռք կբերի տարատեսակ հիվանդություններ։ Բայց Աստծո հանդեպ հավատ ունեցող մարդը ոչ միայն ապրում է առողջ ապրելակերպով, այլ նաև հանգիստ է և խաղաղ։
2016 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ ավելի քան 75 000 միջին տարիքի կանանց 10-ամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական մեկ անգամ եկեղեցի այցելողների մոտ այդ ժամանակահատվածում մահանալու ռիսկը 26 տոկոսով ավելի ցածր է, քան այն կանանց մոտ, ովքեր երբեք եկեղեցի չեն հաճախել: Ավելի վաղ ուսումնասիրությունները նման բացահայտումներ արել են տղամարդկանց առումով և ենթադրել, որ եկեղեցի այցելողների կյանքում նվազել են սրտանոթային կաթվածի, զարկերակների խցանման, արյան բարձր ճնշման և այլ հիվանդությունների դեպքերը: Առողջությունն ավելին է, քան պարզապես հիվանդության բացակայությունը: Այն բխում է մեր բնության ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու հոգևոր ոլորտների ներդաշնակ զարգացումից: Աստվածային զորության հանդեպ վստահությունը իսկապես առողջ և երջանիկ կյանքի հիմնաքարն է:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Սիրելի՛ երկնային Հայր, ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես Հիսուսն ապրեց՝ սուրբ և մաքուր կյանքով: Շնորհակալություն` հաղթանակելու ուժի և հավերժական կյանքի խոստման համար: Քո ուժով և շնորհով օգնիր ինձ, որ հաղթանակ տանեմ ամեն մի վնասակար սովորության հանդեպ, որ իսկապես կարողանամ ապրել Քեզ համար: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն