• image
  • հոկտ. 4, 2023, 8:48 պ.մ.

Աստվածաշունչը ամփոփված է տասը պատվիրաններում

Այսօր մենք ունենք ողջ Աստվածաշունչը՝ որպես քրիստոնեական ապրելակերպի ուղեցույց, բայց մինչ մարդիկ Աստվածաշունչ կունենային, Աստված Իր ժողովրդին տվեց Տասը պատվիրանները՝ որպես առօրյա կյանքի աստվածաշնչյան ուղեցույց:

Տասը պատվիրանների հակիրճ ամփոփումն օգնում է հասկանալու, թե ինչու Հիսուսը, Աստվածաշունչը գրած մարգարեները և շատ ժամանակակից գիտնականներ եկել են այն համոզման, որ Տասը պատվիրանները հիմք են մեր կյանքի համար: Տասը պատվիրանները բաժանվում են երկու մասի: Առաջին չորսը սահմանում են մեր հարաբերությունները Աստծո հետ, իսկ վերջին վեցը սահմանում են մեր հարաբերությունները մարդկանց հետ: Դրանք գրված են Ելից 20-րդ գլխում:
 
1. «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս» (համար 3):
 
2. «Քեզ համար կուռք չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ: Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց (համարներ 4, 5):
 
3. «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն Իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի» (համար 7):
 
4.«Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը. որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։» (համարներ 8-11):
 
5. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ» (համար 12):
 
7. «Մի՛ սպանիր» (համար 14):
 
6.«Մի՛ շնացիր» (համար 13):
 
8. «Մի՛ գողացիր» (համար15):
 
9. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր» (համար 16):
 
10. «Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր» (համար17):

 Ինչ ասաց Հիսուսը Տասը պատվիրանների մասին
 
Մի օր, երբ Հիսուսը սովորեցնում էր, մի խանդավառ երիտասարդ շտապեց Նրա մոտ և հարցրեց. «Բարի Վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»: (Մատթեոս 19.16)։ Քրիստոսը կարողացավ տեսնել, որ այս մարդը պայքարում է փողի հետ կապված խնդրի հետ, և խորհուրդ տվեց ազատվել իր ունեցվածքից և «պատվիրանները պահել» (համար 17):
 
Երիտասարդը փորձեց շրջանցել Քրիստոսի ախտորոշումը իր խնդրի վերաբերյալ՝ Նրան հարցնելով` որո՞նք: Այնուհետև Հիսուսը թվարկեց տասը պատվիրաններից մի քանիսը, որոնք արգելում են սպանությունը, շնությունը, գողությունը, ստելը և ծնողներին անարգելը (համարներ 18, 19): Այնուհետև Հիսուսը հորդորեց, որ նա հրաժարվի իր հարստությունից և հետևի Իրեն: Վերջապես, այս «հարուստ երիտասարդը» շրջվեց և տխուր հեռացավ (համարներ 20-22): Նա չէր ցանկանում ընդունել դեղատոմսը: Նա կարող էր համաձայնվել Տասը պատվիրանների հետ, բայց նա պատրաստ չէր հնազանդվել պատվիրաններին, որոնց պատճառով պետք է հրաժարվեր իր եսասիրական ապրելակերպից:
 

Երջանիկ կյանքի ուղեցույց
 
Հիսուսը մատնանշեց հնազանդությունը որպես իրական ուրախության ճանապարհ՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եթե Իմ պատվիրանները պահեք, կմնաք Իմ սիրո մեջ, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և Նրա սիրո մեջ եմ մնում։

            (Հովհաննես 15.10, 11)
         
Հիսուսը և շատ ուրիշներ հայտարարեցին, որ դեպի երջանկություն տանող ճանապարհը հարթված է Աստծո պատվիրաններին հնազանդվելով, քանի որ դրանք Աստծո հիմնական սկզբունքներն են երջանիկ կյանքով ապրելու համար:
 
Հնազանդվելու ուժ
 
Մի կին հետևյալ կերպ է արտահայտվել. «Ես հավատում եմ, որ տասը պատվիրանները պարտադիր պետք է պահել: Ես գիտեմ, որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ես պետք է հետևեմ դրանց: Ես հավատում եմ, որ մեծ քարոզիչներից շատերն ընդունում են դրանք որպես մեր վարքագծի ուղեցույց: Համոզված եմ, որ դրանք պահելը հանգեցնում է երջանկության։ Ես ամեն ինչ արել եմ դրանք պահելու համար, բայց չեմ կարողացել: Ես պարզապես չեմ կարող դրանք պահել, ես սկսում եմ հավատալ, որ ոչ ոք չի կարող»:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Որովհետև ըստ մարմնի խորհելը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։

            (Հռոմեացիներին 8.7)
         
Քանի որ մենք ծնվել ենք մեղավոր բնությամբ, մենք չենք կարող մեր ուժով հնազանդվել Աստծո սուրբ, անփոփոխ օրենքին: Մենք կարող ենք փորձել, և միլիոնավոր մարդիկ են փորձել, բայց նորից ու նորից ընկնում ենք և ձախողում: Միայն մեկ ճանապարհ կա դեպի հնազանդություն, և դա ջանք գործադրելով չէ: Հենց այն փաստը, որ մենք չենք կարող մեր ուժերով պահել Աստծո սուրբ օրենքը, մեզ մի կարևոր բան է ասում. մենք մեղավորներ ենք, որ Փրկչի կարիքն ունենք: Պողոսն այսպես ասաց.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          «Օրենքով է լինում մեղքի ճանաչումը» ։ «Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը»

            (Հռոմեացիներին 3.20, Գաղատացիներին 3.24)
         
Տեսնում եք, Հիսուսն է պատասխանը: Երբ օրենքը մեզ սովորեցնում է, որ մենք անօգնական ենք առանց Փրկչի, մենք կարող ենք գալ Հիսուս Քրիստոսի մոտ և Նրանից զորություն ստանալ՝ Նրա օրենքին հնազանդվելու համար: Հիսուսն ասում է, որ հնազանդությունը սիրո արդյունքն է:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եթե Ինձ սիրում եք, պահեք Իմ պատվիրանները։

            (Հովհաննես 14.15)
         
Եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք կհնազանդվենք առաջին չորս պատվիրաններին, որոնք սահմանում են մեր հարաբերություններն Աստծո հետ։ Եթե սիրում ենք մարդկանց, կհնազանդվենք վերջին վեց պատվիրաններին, որոնք սահմանում են մեր հարաբերությունները ուրիշների հետ (Մատթեոս 22.35-40):
 
Պողոս առաքյալը համաձայն է այն մտքին, որ Աստծո և մեր մերձավորների հանդեպ սերը կդրդի, որ մենք լինենք ոչ թե օրինախախտներ, այլ օրենքը պահողներ: «Որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է: Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ինչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»: Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է» (Հռոմեացիներին 13.8-10):
 
Մենք չենք կարող պահել պատվիրանները, որպեսզի փրկվենք: Այնուամենայնիվ, երբ գալիս ենք Հիսուսի մոտ և փրկվում, Նրա սերը լցնում է մեր սրտերը, և այս աստվածային շնորհի և ընդունման արդյունքում Քրիստոսին հետևելու ու հնազանդվելու ցանկությունն ավելի է ուժեղանում: Մենք սկսում ենք Նրա սիրո զորությամբ հնազանդվել Նրա պատվիրաններին: Քրիստոսի սերը «թափվում է մեր սրտերում», և մենք սկսում ենք Նրա սիրով սիրել ուրիշներին:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Սա է Աստծո սերը, որ պահենք Նրա պատվիրանները, Նրա պատվիրանները ծանր չեն։

            (Ա Հովհաննես 5.3)
         
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հա՛յր, շնորհակալություն Աստվածաշնչի՝ քրիստոնեական կյանքի ուղեցույցի համար: Շնորհակալ եմ Սուրբ Հոգու զորության և Քո սիրո համար, որը հնարավորություն է տալիս ապրել Քեզ համար և պահել Քո պատվիրանները: Խնդրում եմ ամեն օր ինձ լցրու Քո սիրով: Ես աղոթում եմ Հիսուսի անունով, ամե՛ն: