• image
  • հոկտ. 4, 2023, 8:23 պ.մ.

Երբ Հիսուսը գալիս է քեզ համար

1. Խոստումը. Աբրահամ Լինկոլնը զգուշացրել է «Մեզ անհրաժեշտ չէ խոստանալ այն, ինչ անհրաժեշտ չէ, հակառակ դեպքում, մեզ կպարտադրեն անել այն, ինչը մենք չենք կարող»: Ի՞նչ եք զգում, երբ ինչ-որ մեկը ձեզ որևէ բան է խոստանում, իսկ հետո դրժում այն: Խոստումները միշտ չէ, որ հնարավոր է հեշտությամբ կատարել, բայց կա մի խոստում, որի վրա կարող ենք հույս դնել, որովհետև մենք կարող ենք վստահել Նրան, Ով տվել է մեզ այդ խոստումը: Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն Իր աշակերտներին տվեց հետևյալ խոստումը.

Հովհաննես 14.1-3
Ձեր սրտերը, թող չխռովվեն. հավատացեք Աստծուն, հավատացեք նաև Ինձ: Իմ Հոր տանը բազում օթևաններ կան: Եթե ոչ, Ես ձեզ կասեի: Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք։
 
Երկրի այս երկար, ողբերգական պատմության փառահեղ երջանիկ ավարտը կարող է չափազանց լավը թվալ իրական լինելու համար: Բայց կա մի բան, որը կարող է վստահություն պահպանել մեր սրտերում, և այդ բանը Նրա խոստումն է: Նա, Ով աշխարհում ամենաշատն է փափագում միաբանվել Իր ժողովրդի հետ, խոստացել է վերադառնալ: Նա ցանկանում է, որ մենք Նրա հետ լինենք, և Նա խոստացել է Իր հետ մի հատուկ վայր տանել նրանց, ովքեր հավատում են Իրեն:
 
2. Ինչպե՞ս կգա Հիսուսը
 
Ա. ՀԻՍՈՒՍԸ ՉԻ ԳԱԼՈՒ ԳԱՂՏՆԻ
 
Մատթեոս 24.25-27
Ահա նախապես ձեզ ասացի: Արդ, եթե ձեզ ասեն՝ «Ահա անապատում է», չելնեք, «Ահա մառանում է», չհավատաք: Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում և մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու։
 
Մեծ հեռավորության վրա կայծակը հայտնվում է շատ տեսանելի: Հիսուսի գալուստը չի լինի գաղտնի և միայն որոշ անհատների համար տեսանելի։ Ուստի, Նա զգուշացնում է, որ թույլ չտանք որևէ մեկին մեզ մոլորեցնել այն պնդումներով, որ Նա թաքուն կվերադառնա ընտրյալների մոտ կամ կկատարի գաղտնի հափշտակություն։
 
Բ. ՀԻՍՈՒՍԸ ՆՈՐԻՑ ԿԳԱ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ ԱՆՁ
 
Գործք Առաքելոց 1.10, 11
Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին և նրանց ասացին. «Ով գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ Նրան տեսաք երկինք գնալիս։
 
Հիսուսն անձամբ կվերադառնա: Մեր աշխարհից հեռանալու օրը հրեշտակներն աշակերտներին հավաստիացրին, որ «նույն Հիսուսը» կվերադառնա, Ով համբարձվեց երկինք, այլ ոչ մեկ ուրիշը: Քրիստոսը, Ով հայտնվում է որպես Թագավորների Թագավոր, կլինի նույն Հիսուսը, Ով բժշկեց հիվանդներին և բացեց կույրերի աչքերը, նույն Հիսուսը, Ով մեղմորեն խոսեց շնության մեջ բռնված կնոջ հետ, նույն Հիսուսը, Ով սրբեց սգավորների արցունքները և երեխաներին ընդունեց Իր գիրկը, նույն Հիսուսը, Ով մահացավ Գողգոթայի խաչի վրա, հանգչեց գերեզմանում և երրորդ օրը հարություն առավ մեռելներից:
 
Գ. ՀԻՍՈՒՍԸ ԿԳԱ ՏԵՍԱՆԵԼԻ
 
Աշակերտները պարզ տեսան, որ իրենց Ուսուցիչը բարձրանում է երկրից Իր փառավորված մարդկային մարմնով: Շատ վկաներ տեսան Նրան հեռանալիս: Նա կվերադառնա «նման ձևով»՝ տեսանելի, բացահայտ։ «Ահա Նա գալիս է ամպերով, և Նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը» (Հայնտություն 1.7): Ե՛վ արդարները, և՛ ամբարիշտները տեսնելու են Հիսուսի երկրորդ գալուստը: Բոլոր նրանք, ովքեր ողջ են, երբ Հիսուսը նորից գա, ականատես կլինեն Նրա վերադարձին:
 
Դ. ՀԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ ԿԼԻՆԻ ԼՍԵԼԻ
 
Ա Թեսաղոնիկեցիներին 4.16
Քանի որ Տերն Ինքը հրամանի ազդարարմամբ, Հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն։
 
Հիսուսը գալիս է ամպերով, «զորությամբ և մեծ փառքով», ինչպես կայծակը (Մատթեոս 24.27, 30) և Աստծո փողի հզոր ձայնով: Քրիստոսի գալուստը կուղեկցվի փառահեղ ձայնով։
 
Ե. Ո՞Վ ԿՈՒՂԵԿՑԻ ՀԻՍՈՒՍԻՆ, ԵՐԲ ՆԱ ԳԱ
 
«Եվ երբ Մարդու Որդին Իր փառքով գա, և Նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի Իր փառքի աթոռին» (Մատթեոս 25.31): Քրիստոսի հարության ժամանակ ընդամենը մեկ հրեշտակի առկայությունը ստիպեց, որ հռոմեական պահակները ցնցված գետնին ընկնեն (Մատթեոս 28.1-4): Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ Հիսուսը վերադառնա Իր ողջ շքեղությամբ՝ շրջապատված «բոլոր սուրբ հրեշտակներով»։
 
Զ. ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃՇԳՐԻՏ ԺԱՄԸ
 
Մատթեոս 24.36, 44
Սակայն, այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ Որդին, այլ միայն Հայրը...դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։
 
Մենք չպետք է լսենք այն մարդկանց ովքեր Քրիստոսի գալուստի տարեթվեր են նշանակում, քանի որ այն բացահայտ սուտ է։ Քրիստոսի գալուստին մենք պետք է սպասենք ամեն օր և լինենք ամեն պահ պատրաստ Նրան դիմավորելու, ահա Հիսուսի փափագը։
 3. Քրիստոսի մոտալուտ գալուստի նշաններ
 
ՆՇԱՆ 1. ՆՇԱՆՆԵՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
Մատթեոս 24.4, 5
Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն Իմ անունով կգան ու կասեն. «Ես եմ Քրիստոսը», և շատերին կմոլորեցնեն։
 
Այսօր կեղծ, մոլորեցնող ուսմունքներ են տարածում: Շատերը պնդում են, որ խոսում են Հիսուսի անունով, բայց մենք միշտ չէ, որ կարող ենք վստահել նրանց ասածներին: Ահա թե ինչու մենք պետք է ինքներս ուսումնասիրենք Աստվածաշունչը և հասկանանք Աստծո Խոսքի ճշմարտացիությունը, այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում։ Իրականում, Հիսուսը մեզ զգուշացնում է, որ հենց հիմա, այս երկրի պատմության ավարտին մենք պետք է կրկնակի չափով գիտակցենք կեղծիքը:
 
ՆՇԱՆ 2. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Հիսուսն իր գալուստից անմիջապես առաջ վերջին օրերի մասին ասաց.
 
Մատթեոս 24.6, 7
Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր. տեսեք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։
 
Մինչև 20-րդ դարը պարերազմները երբեք համաշխարհային մասշտաբի չէին հասել, բայց հենց այդ դարում երկրի համարյա յուրաքանչյուր նշանավոր ազգ մասնակցել է երկու համաշխարհային պայքարի: 2000-ական թվականների սկզբին, Քորնելի համալսարանում անցկացրած ուսումնասիրության գնահատմամբ, որն անվանվեց «Մահացածները 20-րդ դարի պատերազմների և պայքարների ժամանակ», պարզվեց, որ  այդ պայքարներում մահացել էր 231 միլիոն մարդ: Դժվար է այս մեծ թիվն ըմբռնել:
 
Մենք ապրում ենք տարօրինակ աշխարհում: Բոլորն են համաձայն, որ մենք ապրում ենք ամենաօրինավոր և զարգացած դարաշրջանում, սակայն միևնույն ժամանակ ամենապատերազմաշատ ժամանակաշրջանում: Ամեն օր նորություններով կարող եք լսել Երկրի տարբեր տեղամասերում պատերազմական իրարանցումների մասին։ Միքիա և Հովել մարգարեները կանխագուշակել են, որ հենց այն ժամանակ, երբ ազգերը կխոսեն խաղաղություն հաստատելու մասին (Միքիա 41-3), մտերիմների հանդեպ անվստահությունը կստիպի նրանց պատրաստվել պատերազմի (Հովել 3.9-13): Շատ վաղուց Աստվածաշունչը նկարագրել է ներկա անդադար պատերազմների իրավիճակը և հայտարարել, որ մշտական խաղաղություն երկրի վրա կհաստատվի միայն այն ժամանակ, երբ Հիսուսը վերադառնա:
 
ՆՇԱՆ 3. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐ
 
Ինչպե՞ս են բնական աղետները տեղավորվում վերջին օրվա իրադարձությունների մեջ.
 
Ղուկաս 21.11, 31
Մեծ երկրաշարժներ և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն...Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է։
 
Թերահավատներն ասում են՝ «Հետո ի՞նչ: Սովեր, երկրաշարժեր միշտ էլ եղել են»։ Դա ճիշտ է, բայց իրավիճակը լավանո՞ւմ է, թե վատանում: Արդյո՞ք մեր ֆիզիկական մոլորակը ավելի պիտանի է դառնում կյանքի համար, թե՞ հակառակը: Արդյո՞ք զարմանալի չէ մտածել, որ աշխարհը, որը հորինել է ինքնակառավարվող մեքենաներ, հրթիռներ, տիեզերակայաններ և ինտերնետ, դեռևս չի կարող կերակրել իր բոլոր մարդկանց: Ինչո՞ւ դեռևս մենք շարունակում ենք տեսնել սովահար երեխաների այդ պատկերները, երբ շատ երկրներում ավելի շատ սնունդ են աճեցնում, քան սպառում այն: Հիսուսը գիտեր, որ սովը շարունակվելու է, և որ մարդկային եսասեր բնությունը, կոռումպացված կառավարություններն ու զինված հակամարտությունները ժամանակի վերջում ավելի են սրվելու։ Հենց այդ գործոններն են պատճառ հանդիսացել, որ սովն այդքան ավերիչ է դարձել: Իսկ ի՞նչ կասեք երկրաշարժերի մասին։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս 18-րդ դարից սկսած երկրաշարժերի ապշեցուցիչ աճը:
 
Ժամանակակից հիվանդությունները ավելի շատ մարդկային կյանքեր են խլել, քան նախկինում սարսափելի համաճարակները։ Փաստը մնում է փաստ, որքան մոտենում ենք ժամանակի ավարտին, որքան զարգանում է աշխարհը, այնքան ավելի խոցելի են դառնում մարդիկ, այնքան երկիրը ավելի ու ավելի բնակության համար անպիտան է դառնում։ Եվ Հիսուսի գալուստը ավելի անխուսափելի է դառնում։
 
ՆՇԱՆ 4. ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
 
Աստվածաշունչը կանխատեսում է, որ Հիսուսի վերադարձից անմիջապես առաջ օրերը կնշանավորվեն տնտեսական անկարգություններով և անսանձ ագահությամբ։
 
Բ Տիմոթեոսին 3.1, 2
Իմացիր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն արծաթասեր։
 
Աստվածաշունչը չի դատապարտում հարստությունը։ Փաստորեն, Աստծո օրհնությունները ներառում են նյութական բարեկեցություն, ինչպես նաև հոգևոր օրհնություններ. բայց Աստվածաշունչը մատնանշում է հարստության հետ կապված վտանգները (Մատթեոս 19.23): Փողը հեշտությամբ կարող է մեր սրտերը հեռացնել Աստծուց: Ահա թե ինչու Աստվածաշունչն ասում է. «Արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է» (Ա Տիմոթեոս 6.10): Ահա թե ինչու Հիսուսը հորդորում է. «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա. . . այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք» (Մատթեոս 6.19, 20): Քանի դեռ փողը ձեռք է բերվում ազնվորեն և ճիշտ է օգտագործվում, հարստությունը կարող է բարության մեծ ուժ լինել: Խնդիր է առաջանում է, երբ մարդը դառնում է ագահ կամ ապավինում է իր հարստությանը, այլ ոչ թե Աստծուն: Կամ մարդը շահագործում է ուրիշներին՝ սեփական հարստությունը շատացնելու համար։ Աստվածաշունչն ասում է, որ դա տեղի կունենա վերջին օրերին, Հիսուսի գալուստից առաջ:
 Հակոբոս 5.1-3
Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացեք ու ողբացեք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա...Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։
 
Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ տնտեսական անկարգություններն աճում են, որոշ մարդիկ հսկայական հարստություն են կուտակում, մինչդեռ մյուսները պայքարում են ֆինանսական խնդիրների դեմ: Տնտեսական այս խառնաշփոթը հաճախ հանգեցնում է քաղաքացիական անկարգությունների և «ունեցողների» ու «չունեցողների» միջև լարվածության աճի։ Աստվածաշունչն ասում է, որ այս ամենը ևս մեկ նշան է, որ «Տիրոջ գալուստը մոտ է» (Հակոբոս 5.8):
 
ՆՇԱՆ 5. ՏԱՌԱՊԱՆՔ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
 
Գրեթե 2000 տարի առաջ Հիսուսը տվեց ժամանակակից կյանքի մարգարեական նկարագրությունը, որը հնչում է այնպես, կարծես այն վերցված լիներ երեկոյան լուրերից.
 
Ղուկաս 21.25-28
Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. Երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից: Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ այն ժամանակ մարդու Որդուն ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն: Եվ երբ այս բաները սկսեն լինել, վեր նայեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է։
 
Այսօր գոյություն ունի մի սերունդ, որն ամբողջությամբ մեծացել է կուտակված զենքի ստվերում, որն ընդունակ է ոչնչացնել ամբողջ մոլորակը: Անցյալի մտավախություններն իրենցից ոչինչ չեն ներկայացնում այսօրվա մտավախությունների համեմատ: Իսկ եթե որևէ ահաբեկիչ միջուկային զե՞նք ձեռք բերի:
 
Բարեբախտաբար, Հիսուսը մեզ հույս է տալիս։ Համաշխարհային անապահովության ներկա ճգնաժամը՝ «նեղություն» ու «շփոթմունք», միայն ամրապնդում է այն ճշմարտությունը, որ Քրիստոսի գալուստն իսկապես մոտենում է։ Այսօր մարդիկ հաճախ հիասթափված հառաչում են. «Տեսեք, թե ինչի է վերածվել մեր աշխարհը»: Այնուամենայնիվ, Աստվածաշնչի մարգարեություններ ուսումնասիրողը կարող է հուսադրող ձայնով բացականչել. «Տեսեք, ՈՎ է գալիս մեր աշխարհ»։
 
Ի՞նչ հատուկ նշանների մասին խոսեց Հիսուսը, որ կլինեն Իր գալուց առաջ, որոնք կհաստատեն, որ վերջին օրերն են: «Նեղության այդ օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն էլ իր լույսը չի տա. աստղերը երկնքից կընկնեն, ու երկնքի զորությունները կշարժվեն» (Մատթեոս 24.29): Հայտնությունն այդ իրադարձությունները հետևյալ կերպ է նկարագրում․ «Մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ: Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին» (Հայտնություն 6.12, 13):
 
Այս կանխագուշակումներն իրականացան 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին, հենց այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում Աստվածաշունչ ուսումնասիրողների շրջանում նորովի ուշադրություն դարձվեց Հիսուսի երկրորդ գալուստին վերաբերող մարգարեություններին։ Երբևէ գրանցված ամենամահացու երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել 1755 թվականի նոյեմբերի 1-ին, Պորտուգալիայի Լիսաբոնում։ Այն ոչնչացրեց Լիսաբոնում գտնվող շենքերի 85 տոկոսը և սպանեց քաղաքի բնակչության 20 տոկոսին: Երկրաշարժի ցնցումները զգացվել են ողջ Եվրոպայում։ 1780 թվականի մայիսի 19-ին ցերեկային երկնքի աննախադեպ խավարում նկատվեց Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում և Կանադայի որոշ հատվածներում: Այս խավարն այնքան ամբողջական էր, որ մարդիկ ստիպված էին մոմ վառել կեսօրին, իսկ կենդանիները պատրաստվում էին քնելու։ Այդ գիշեր, երբ լուսինը ծագեց, ժամանակակից պատմություններն արձանագրեցին, որ այն «արյան տեսք ուներ»։ Մի քանի տասնամյակ անց՝ 1833 թվականի նոյեմբերի 13-ին, «երկնքի աստղերն ընկան»․ երբևէ հայտնի ամենամեծ ու տպավորիչ երկնաքարերի հոսք էր: Ավելի քան ինը ժամվա ընթացքում ժամում ավելի քան 100,000 երկնաքար է ընկել: Այս իրադարձությունները աստվածաշնչյան մարգարեությունների մի մասն են, ինչը ցույց է տալիս, որ աշխարհը տեղափոխվել է «վերջի ժամանակ»՝ երկրի պատմության այն ժամանակաշրջանը, որը ներկայացնում է Հիսուսի վերադարձը:
 
ՆՇԱՆ 6. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
 
Բ Տիմոթեոսին 3.1-5, 13
Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր: Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափիր: Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։
 

Կարո՞ղ էր արդյոք որևէ մեկը մեր աշխարհի հետ կապված ավելի հստակ նկարագրություն մտածել: Պատմություններն ու պատկերները, որոնցով լի են սոցցանցերը, ամեն օր կենդանացնում են այս աղետը: Մենք կարող ենք տեսնել այն մարդկանց նկարները, որոնք կարիերա են արել մեծամիտ նյութապաշտության վրա, երեխաների սրտաճմլիկ բռնության պատմություններ, ահաբեկիչների հարձակման սարսափելի հետևանքների ուղիղ հեռարձակում և այն մարդկանց, որոնք իրենց տեսահոլովակներում փորձում են հագուրտ տալ իրենց թուլություններին, և առողջ ու նորմալ մարդկանց շեղված վարքագիծը: Մեր մոլուցքն անարգելք ազատության հանդեպ այս վերջին օրերին իսկապես հանգեցրել է «վտանգավոր ժամանակների»: Այս բոլոր բաները ձևավորում են նկարների մի պատկերասրահ, որոնք բարձրաձայն հայտարարում են, որ Հիսուսի գալուստը շատ մոտ է։
 
ՆՇԱՆ 7. ԱՎԵՏԱՐԱՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
 
Հիսուսը կանխագուշակեց, որ իր գալուստից անմիջապես առաջ ավետարանը կտարածվի ամբողջ աշխարհով մեկ:
 
Մատթեոս 24.14
Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։
 
Մենք պատմության ընթացքում ունեցել ենք քրիստոնեական մեծ ավետարանչական շարժումներ, սակայն ավետարանի տարածումը վերջին ժամանակներում աննախադեպ է լինելու: Դռները, որոնք փակ էին ավետարանի համար, բացվում են ամբողջ աշխարհում: Այժմ, օգտագործելով ներկա տեխնոլոգիան, հնարավոր է քրիստոնեական ուղերձով կիսվել երկրագնդի յուրաքանչյուր ազգի գրեթե յուրաքանչյուր մարդու հետ: Մենք ապրում ենք հենց այն օրը, որի մասին Հիսուսը խոսեց, երբ հայտարարեց. «Արքայության այս ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում. . . իսկ հետո վերջը կգա»։
 

Շատ շուտով Հիսուսը՝ մեր Փրկիչը, իջնելու է ամպերով, որպեսզի փրկի մեզ: Մեղքի երկարատև սարսափելի պատմությունը վերջապես կավարտվի: Ի՜նչ ոգևորություն և ի՜նչ ուրախություն կլինի այդ օրը։ Հիսուսը տեսնում է քեզ: Նա գիտի, թե ով ես դու։ Նա գալիս է քեզ փրկելու: Պատրա՞ստ եք ողջունելու Թագավորին իր ողջ փառքով: Դուք գտե՞լ եք ձեր սիրտը լցնող կենդանի հույս: Եթե դեռ ոչ, արդյոք հենց հիմա Հիսուսին չե՞ք հրավիրի ձեր կյանք: Ինչպես Հիսուսի վերադարձը կլուծի աշխարհի խնդիրները, այնպես էլ Նրա ներկայությունը ձեր սրտում կօգնի լուծելու ձեր ներկա խնդիրները: Նա ցանկանում է ձեզ ազատել մեղքից և դրա բեռից և հավիտենական կյանք պարգևել ձեզ: Դուք կարող եք ապավինել Հիսուսին: Նա ձեզ կնախապատրաստի Իր գալստյանը և կտա ձեզ հավերժական երջանիկ կյանքի հրաշալի երաշխիք:
 
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հայր, շնորհակալություն այն հույսի համար, որ Հիսուսը շատ շուտով կրկին կվերադառնա: Իմ սրտի մեծ ցանկությունն է ապրել Քեզ համար և պատրաստ լինել Հիսուսի հետ հանդիպմանը: Ես Քո առաջնորդության կարիքն ունեմ իմ առօրյա կյանքում: Հիսուսի անունով, ամե՛ն: