• image
  • հոկտ. 4, 2023, 10:02 պ.մ.

Երեք հրեշտակների լուրը

Աստվածաշունչն այսպես է ասում․ Տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր Մարդու Որդու նման մեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ: Եվ ահա տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. «Քո գերանդին ուղարկիր ու հնձի՜ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»: Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց, ու երկիրը հնձվեց։ (Հայտնություն 14.14-16)

Արդյո՞ք Աստված հատուկ պատգամ ունի մեր օրերի համար
 
Այո, Աստված իրոք հատուկ ուղերձ ունի վերջին օրերի քրիստոնյաների համար։ Այս ուղերձը պետք է տարածվի աշխարհով մեկ և Հիսուսի երկրորդ գալուստով հասնի գագաթնակետին: Այս եռապատիկ ուղերձը հայտնվում է Հայտնություն 14.6–16-ում։ Համաձայն 14-16 հատվածների՝ երբ այս երեք լուրերը տարածվեն աշխարհով մեկ, Հիսուսը կգա փրկվածների «հունձին»:
 Թեև Սուրբ Գիրքը երեք հրեշտակների կողմից հռչակված այս պատգամները խորհրդանշական կերպով է ներկայացնում, իրականում Աստծո վերջին օրերի եկեղեցին է, որը դրանք փոխանցում է աշխարհին: Եկեք ուշադիր նայենք երեք աստվածային ուղերձներից յուրաքանչյուրին:
 
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ` ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին: Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք Նրան, որովհետև Նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին։»

            (Հայտնություն 14.6, 7)
         
Աստծո ժողովուրդը նոր ավետարան չի քարոզում աշխարհին, նա քարոզում է փրկության ավետարանի անփոփոխ ուղերձը: Այդ պատճառով այն կոչվում է «հավիտենական ավետարան»։ Դա նույն փրկության ուղերձն է, որը մարդիկ Հին Կտակարանի ժամանակներում ընդունում էին հավատքով (Եբրայեցիներին 3.16-19։ 4.2; 11.1-40), նույն ուսմունքը, որը Հիսուսն ինքը հռչակեց, նույն ավետարանը, որն աշակերտները քարոզեցին՝ Քրիստոսի համար աշխարհը շահելու նպատակով, նույն ավետարանը, որը դարերի ընթացքում աղաղակել են քրիստոնյաները աշխարհում: Առաջին հրեշտակը մեր օրերում հռչակում է այս նույն պարզ, փրկարար ավետարանի ուղերձը, որը համաշխարհային մասշտաբով է և կենտրոնացած է այն մարդկանց վրա, որոնք ապրում են վերջին օրերում՝ Հիսուսի վերադարձից անմիջապես առաջ: Վերջին օրվա այս ուղերձը մարդկանց կոչ է անում «վախենալ Աստծուց և փառք տալ Նրան (արտացոլել Նրա բնավորությունը)»:
 
Այս ուղերձը նաև կոչ է անում «երկրպագել երկինքն ու երկիրը Ստեղծողին» (Հայտնություն 14.7): Աստված հորդորում է. «Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն», քանի որ «Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ելք 20.8, 11): 1844թ.-ին, երբ Դարվինը ներկայացնում էր էվոլյուցիայի տեսությունը, Աստված մարդկանց կոչ էր անում երկրպագել Իրեն որպես Արարչի: Հենց այն ժամանակ, երբ էվոլյուցիան փորձեց սպառնալ Աստվածաշնչի հեղինակությանը, Աստծո ժողովուրդը հայտնաբերեց Աստծո Խոսքի յոթերորդ օրվա Շաբաթը և սկսեց պահել այն՝ ի պատիվ երկնքի և երկրի Արարչի։ Յոթերորդ օրվա Շաբաթը առաջին հրեշտակի ուղերձի անբաժանելի մասն է:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին։»

            (Հայտնություն 14.8)
         
Բաբելոնյան աշտարակում լեզուների խառնվելուց հետո «Բաբելոն» անունը կապվեց եբրայերեն «բալալ»՝ «խառնաշփոթ» բառի հետ։ Աստվածաշնչյան մարգարեություններում Բաբելոնը կրոնական խառնաշփոթի վառ խորհրդանիշն է, որը երևում է այն ժամանակ, երբ քրիստոնյա դավանողները չեն սովորեցնում Աստվածաշնչի համաձայն։ Այսպիսով, «Բաբելոնը» վերաբերում է քրիստոնյաներին կամ եկեղեցիներին, որոնք ունեն ուսմունքներ և վարդապետություններ, որոնք հիմնված չեն Աստծո Խոսքի՝ Սուրբ Գրությունների վրա։ Աստծո պատգամներից երկրորդը կտրականապես դեմ է փոխզիջման կրոնին: Հայտնություն 17-ը պատկերում է հոգևոր Բաբելոնը՝ հավատուրաց քրիստոնեությունը` որպես անբարոյական կին (համարներ 1-5): Նա հակադրվում է Հայտնություն 12-ի մաքուր կնոջը, որը ներկայացնում է ճշմարիտ քրիստոնեական եկեղեցին:
 
Երկրորդ հրեշտակը զգուշացնում է. «Բաբելոնն ընկավ»։ Կինը, ով ներկայացնում է Բաբելոնը, ընկած կին է, և «երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։ «Գինին» խորհրդանշում է կեղծ ուսմունքները, որոնք չեն հետևում Աստվածաշնչին։ «Պոռնկությունը» քրիստոնեական եկեղեցին է, որը ձևավորում է հավատալիքներ և փիլիսոփայություններ, որոնք հիմնված են ոչ թե Աստծո Խոսքի, այլ մարդկային գաղափարների ու ավանդույթների վրա: Այն աշխարհիկ կառավարության և եկեղեցու դաշինքի միջոցով փորձում է այս կեղծ ուսմունքները փաթաթել մարդկանց: Երկրորդ հրեշտակի ուղերձը Աստծո ժողովրդին կոչ է անում պատկանել միայն այն եկեղեցուն, որի ուսմունքն ու համոզմունքները հիմնված են Աստծո Խոսքի վրա և դիմակայել հավատուրաց քրիստոնեության կեղծ ուսմունքներին, որոնք աղավաղում են Աստվածաշնչի ճշմարտությունները: Աստված մարդկանց կոչ է անում «դուրս գալ» Բաբելոնից (Հայտնություն 18.4) և ամբողջ սրտով նվիրվել Քրիստոսին:
 
ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծո ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է Նրա բարկության բաժակի մեջ. . .  Գիշեր -ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը։»

            (Հայտնություն 14.9-12)
         
Երրորդ հրեշտակի ուղերձը որոշում է պահանջում: Այն ամբողջ աշխարհը բաժանում է երկու խմբի: Մի կողմում կանգնած են հավատուրաց քրիստոնյաները, ովքեր երկրպագում են «գազանին և նրա պատկերին» և ստանում են «նրա դրոշմը իրենց ճակատին կամ ձեռքին»։ Մյուս կողմում կանգնած են նրանք, ովքեր մերժում են գազանի իշխանությունը: Նրանք այն սուրբերն են, ովքեր «պահողներն են Աստծո պատվիրանների և Հիսուսի հավատի»: Ուշադրություն դարձրեք այս երկու խմբերի տարբերությանը: Նրանք, ովքեր ստանում են «գազանի դրոշմը», հետևում են հարմար, մարդու կողմից ստեղծված գաղափարների և փորձառությունների: Աստծուն հավատարիմ քրիստոնյաները, ովքեր այս համարներում կոչվում են «սրբեր», ունեն իրենց տարբերակիչ հատկանիշները՝ համբերություն, հնազանդություն Աստծո պատվիրաններին և Հիսուսի հավատք: Որոշիչ գործոնը երկրպագությունն է: Դուք կերկրպագե՞ք Աստծուն շաբաթ օրը, ինչպես նկարագրված է Ելք 20.8-11-ում: Թե՞ կերկրպագեք գազանին նրա հռչակած երկրպագության արևի օրը:
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հայր: Ես որոշել եմ ամեն օր հետևել Քեզ: Որոշել եմ հնազանդվել Քո կամքին, ինչպես այն բացահայտված է Աստվածաշնչում: Խնդրում եմ` օգնիր ինձ հասկանալու թե արդյոք բաբելոնում եմ դեռ, և եթե այո Սուրբ Հոգու զորությամբ առաջնորդիր ինձ դուրս գալու և միանալու մնացորդ ճշմարիտ եկեղեցուն: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն: