Երկնային սրբարանի հայտնությունը
Աստվածաշունչն այսպես է ասում․ Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծո Որրդուն, ուստի ամուր պահենք դավանությունը: Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է: Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։(Եբրայեցիներին 4.14-16)
1. Անսահմանափակ շփում Հիսուսի հետ
Դուք կարող եք նայել ձեր կյանքին և մտածել, որ այն, կարծես, անարժեք է: Ձեր մեղքերն ու սխալ ընտրությունը ձեզ կարող են դրդել զգալու անարժան: Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև բոլորը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմեացիներին 3.23): Բայց դա դեռ ամենը չէ: Հռոմեացիներին ուղղված ուղերձում Պողոս առաքյալը գրում է հետևյալ խոստման մասին․«Աստծո շնորհը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ 6.23)
Դուք ուշադրություն դարձրի՞ք «շնորհ» բառին: Հասկանո՞ւմ եք, խոսքը վերաբերում է Նրան՝ Տիեզերքի Տիրակալին, Հիսուս Թագավորին, Որի խոսքը փոփոխություններ է անում: Նա խոստանում է, որ Իր պարգևը ձեզ համար հավիտենական կյանք կլինի Իր ներկայության մեջ: Իրականում, Հիսուսն ասում է, որ «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբրայեցիներին 13.5): Սա նշանակում է, որ Հիսուսը միշտ ձեր կողքին է, օգնում է ձեզ և առաջնորդում է ձեր ճանապարհն ամեն քայլափոխի: Սուրբ Հոգու միջոցով Հիսուսը, քսանչորս ժամվա ընթացքում, շաբաթվա յոթ օրը մեզանից յուրաքանչյուրի հետ է:
Քրիստոսն այլևս մեզ հետ չէ երկրի վրա: Նա երկնքում է: Ի՞նչ է անում Նա այնտեղ, որը հնարավորություն է տալիս Նրան «միշտ» մեզ հետ լինելու:
Հիսուսը մեր «մեծ Քահանայապետն» է, մեր անձնական Ներկայացուցիչը երկնքի սրբարանում: Լինելով մեր Քահանայապետը երկնքում՝ Հիսուսը կարող է մեզ տանել դեպի Աստծո ներկայությունը: Զարմանալի չէ, որ մեզ հորդորում են «համարձակորեն գալ շնորհքի գահի մոտ»: Ի՞նչն է Հիսուսին իրավունք տալիս լինելու մեր Քահանայապետը երկնքում։
Աստվածաշունչն այսպես է ասում
Ուստի պետք է որ Նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ Քահանայապետ Աստծո առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր: Որովհետև ինչպես որ Ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։
(Եբրայեցիներին 2.17, 18)
Հիսուսը կարող է լինել մեր Ներկայացուցիչը երկնքում, որովհետև Նա դարձավ մեզ նման մարդ: Նա մեզ անվանում է Իր եղբայրներն ու քույրերը: Նա փորձվեց, ինչպես մենք: Այժմ, որպես մեր Քահանայապետը՝ Հոր աջ կողմում, Նա գիտի, թե ինչի միջով ենք մենք անցնում: Ամենից առաջ, Հիսուսն իրավունք ունի լինելու մեր Քահանան, քանի որ որպես Աստծո Գառ Նա մահացավ մեր մեղքերի համար: «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29)։
2. Ավետարանը Հին Կտակարանում
Եգիպտոսից դուրս գալուց հետո, մինչ Քանանի երկիր հասնելը, Աստված Մովսեսին պատվիրեց երկրպագության համար շարժական խորան՝ սրբարան կառուցել, որը հնարավոր կլիներ անապատում շրջագայության ժամանակ տեղափոխել, երբ դրա կարիքը լիներ: Աստված մանրամասն հրահանգներ տվեց դրա կառուցման համար և մանրամասն բացատրեց, թե ինչպես պետք է ծառայել այնտեղ: Այդ խորանը պետք է լիներ երկնային սրբարանի օրինակը երկրի վրա (Եբրայեցիներին 8.4, 5; 9.23, 24): Ահա թե ինչու Աստված Մովսեսին պատվիրեց կառուցել այն «օրինակի պես» (Ելք 25.40):
Համարյա 500 տարի անց Սողոմոն թագավորի քարե տաճարը փոխարինեց այդ շարժական տաճարին, բայց այն կառուցվել էր միևնույն ծրագրի համաձայն: Հին Կտակարանում սրբավայրը պետք է պաշտամունքի վայր լիներ և ոչ միայն․ դրա հիմնական նպատակը իսրայելացիներին Աստծո փրկության ծրագրի և մեղքի թողության մասին սովորեցնելն էր, որն առաջարկվել էր Հիսուսի՝ «Աստծո Գառի» միջոցով (Հովհաննես 1.29): Բոլոր զոհաբերությունները ցույց էին տալիս գալիք Մեսիային՝ Նրան, Ով մեր մեղքերի համար պետք է թափեր Իր արյունը: Այն ամենը, ինչ տեղի էր ունենում հրեական տաճարում, կարևոր դաս էր, միջոց, որպեսզի մարդիկ պատկերացնեին և զգային Աստծո ներող շնորհը:
Հին Կտակարանի այս արարողությունները կարևոր դասեր էին, որոնք ցույց էին տալիս Նոր Կտակարանի Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, Ով Իր կյանքի ու մահվան միջոցով ծառայում է որպես մեր Քահանայապետ: Ինչպիսի՞ լրացուցիչ նպատակ ուներ Աստված, երբ պատվիրեց, որ Իր ժողովուրդը սրբարան կառուցի:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։
(Ելք 25.8)
Մեղքը ողբերգական բաժանում էր առաջացրել մարդկանց և նրանց Արարչի միջև։ Սրբարանը հնարավորություն տվեց, որ Աստված, ապրելով մեր մեջ, ևս մեկ անգամ անընդմեջ շփում հաստատի մեզ հետ: Անապատի սրբարանը, իսկ ավելի ուշ՝ տաճարը, դարձան կրոնական կյանքի և պաշտամունքի կենտրոն Հին Կտակարանի ժամանակներում: Ամեն առավոտ և երեկո մարդիկ հավաքվում էին սրբարանի շուրջ և աղոթքով կապ հաստատում Աստծո հետ (Ղուկաս 1.10)՝ պնդելով Աստծո խոստումը. «Ուր Ես հանդիպելու եմ քեզ» (Ելք 30.6): Որոշ մարդկանց զարմացնում է, որ Հին Կտակարանը սովորեցնում է փրկության նույն ավետարանը, ինչ Նոր Կտակարանը:
Քանի որ երկրային սրբարանը կառուցված էր երկնային տաճարի օրինակով, այն արտացոլում է երկնային սրբարանը, որտեղ այսօր ծառայում է Քրիստոսը: Ելք 25-40-ը մանրամասնորեն նկարագրում է անապատի սրբարանի ծառայություններն ու արարողությունները: Սրբարանն ուներ երկու բաժին՝ Սրբարան և Սրբության Սրբոց: Բակում Սրբարանի դիմաց կանգնած էր պղնձե զոհասեղանը, որի վրա քահանաները զոհեր էին մատուցում։ Այս զոհաբերությունները խորհրդանշում էին Հիսուսին, Ով խաչի վրա Իր մահով դարձավ «Աստծո Գառը, Որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29):
Երբ ապաշխարող մեղավորը զոհասեղանին էր մոտենում իր զոհաբերությամբ և խոստովանում իր մեղքերը, նա ներում և մաքրություն էր ստանում: Նույն ձևով, մեղավորն այսօր մաքրվում է Հիսուսի՝ Աստծո Գառի արյան միջոցով: Եթե գանք Հիսուսի մոտ՝ Նրան խնդրելով, որ ների մեր մեղքերը, կարո՞ղ ենք վստահ լինել, որ Նա կանի դա:
Առաջին բաժնում՝ Սրբարանում, երեք առարկա կար.
- Յոթ ճրագակալը, որն անընդհատ այրվում էր (Ելք 25.31-40; 27.20)՝ ներկայացնելով Հիսուսին որպես հավերժական «աշխարհի լույսը» (Հովհաննես 8.12):
- Առաջավորության հացի սեղանը (Ելք 25.23-30), որը խորհրդանշում էր Հիսուսին՝ «կյանքի հացին» (Հովհ. 6.35), Ով հագեցնում է մեր ֆիզիկական ու հոգևոր քաղցը:
- Խնկի ոսկե զոհասեղանը (Ելք 30.1-8), որը ներկայացնում էր Հիսուսի աղոթքի ծառայությունը մեզ համար, Աստծո ներկայությամ մեջ (Հայտնություն 8.3, 4):
Երկրորդ բաժնում՝ Սրբության Սրբոցում, կար միայն մեկ առարկա՝ ոսկեզօծած Տապանակը (Ելք 25.10-22): Սա ոսկով պատված փայտե սնդուկ էր՝ մաքուր ոսկուց կափարիչով, որը կոչվում էր «քավություն» (Ելք 25.17-21): Երկու ոսկե հրեշտակներ (քերովբեներ) դեմ առ դեմ նստած էին այս քավության կափարիչի եզրերին և իրենց թևերով ծածկում էին այն: Աստված ասաց Մովսեսին. «Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և կխոսեմ քավության վրայից» (Ելք 25.22):
Ահա հենց Աստծո ներկայությունն էր Սրբարանում, և դա խորհրդանշում էր Նրա գահը: Երկու քարե տախտակները, որոնց վրա Աստված գրել էր տասը պատվիրանները, պահվում էին Ուխտի տապանակում: Այս ամենը պետք է օգներ իսրայելացիներին և մեզ՝ ավելի լավ հասկանալու Աստծո ողորմությունը մեղավորների հանդեպ և Քրիստոսի բարեխոսությունը մարդկանց համար, ովքեր խախտել են Աստծո բարոյական օրենքը: Վարագույրը Սրբությունը բաժանում էր Սրբության Սրբոցից: Այդպիսով, նույնիսկ քահանաները, մտնելով Սրբարանի առաջին բաժին, չէին կարող զննել երկրորդ բաժինը, որը ներկայացնում էր Աստծո գահը, որտեղ գտնվում էր Ուխտի Տապանակը: Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, ի՞նչ տեղի ունեցավ վարագույրի հետ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ ահա տաճարի վաարագույրը վերևից վար երկու մասի պատռվեց։
(Մատթեոս 27.51)
Երբ Հիսուսը մահացավ, Սրբության Սրբոցն արդեն բաց էր նայելու համար: Նրա մահից հետո Սուրբ Աստծո և անկեղծ հավատացյալների միջև ոչ մի վարագույր չէր կարող լինել: Հիսուսը՝ մեր Փրկիչն ու Քահանայապետը, մեզ տանում է անմիջապես դեպի Աստծո ներկայություն:
Աստվածաշունչն այսպես է ասում
Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու Սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ Իր մարմինն է, և մի մեծ Քահանա ունենք Աստծո տան վրա, Նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։
(Եբրայեցիներին 10.19-22)
Այսօր մենք մուտք ունենք դեպի երկնքի գահի սրահ, քանի որ Հիսուսը մեր Քահանայապետն է Աստծո աջ կողմում՝ ճշմարիտ Սրբարանում (Եբրայեցիներին 8.1, 2): Նա այնտեղ չէ, որ մեզ պաշտպանի Հորից, այլ որպեսզի հնարավորություն տա գալու Աստծո ներկայության մեջ, դեպի Հոր սիրող գիրկը: Այսպիսով, «եկեք մոտենանք»: Այսօր, երկնքի սրբարանում, Հիսուսը շարունակում է մեզ համար իրականացնել Իր նույն փրկարար աշխատանքը, որը վաղուց կատարվում էր հինկտակարանյան Սրբարանում, երկնքի կրկնօրինակում:
3. Քրիստոսի հայտնությունը, Ով մահացավ մեզ փրկելու համար
Քանի որ երկրային Սրբարանը մանրակրկիտ կրկնօրինակն էր երկնային տաճարի, որտեղ այժմ ծառայում է Հիսուսը, այդպես էլ ծառայությունները, որոնք կատարվում էին երկրային Սրբարանում, օրինակն ու ստվերն էին երկնային ծառայության (Եբրայեցիներին 8.5): Այնուամենայնիվ, կա մի ապշեցուցիչ տարբերություն: Հիսուսի ծառայությունը երկնային Սրբարանում գերազանցում է երկրային Սրբարանին (Եբրայեցիներին 8.6): Քահանաները, ովքեր ծառայում էին երկրային տաճարում, չէին կարող ներել որևէ մեկի մեղքը, միայն Հիսուսն Իր զոհաբերության միջոցով կարող է մեղքեր ներել (Եբրայեցիներին 9.26): Հին Կտակարանի սրբարանի ծառայություններում, երբ անհատը մեղանչում էր, նա բերում էր անարատ անասուն՝ որպես մեղքի ընծա, և քահանան «ձեռքը դնում էր մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթում ողջակեզի մորթելու տեղում» (Ղևտական 4.29)։ Այնուհետև քահանան ընծայի արյունից քսում էր զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացածը թափում զոհասեղանի տակը։
Սա ցույց էր տալիս այն ճշմարտությունը, որ մեղքը հանգեցնում է մահվան, և որ մեղավորը կարող է խուսափել մահապատժից միայն այն դեպքում, եթե նրա փոխարեն մեռնի Աստծո Գառը: Քրիստոսի զոհաբերությունը սրբավայրի համակարգի հիմքում է:
- Զոհաբերվող կենդանին պետք է լիներ անարատ, քանի որ այն ներկայացնում էր Հիսուս Քրիստոսին, Ով «սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված» է (Եբրայեցիներին 7.26):
- Մեղավորի մեղքը փոխանցվում էր անմեղ կենդանուն՝ մեղքը խոստովանելու և ձեռքը դնելու միջոցով։ Սա խորհրդանշում էր, որ Քրիստոսը, Գողգոթայում Իր վրա վերցնելով մեր մեղքը, անմեղ լինելով, դարձավ «մեղավոր մեզ համար» (Բ Կորնթացիներին 5.21):
- Զոհաբերվող կենդանին պետք է սպանվեր, և նրա արյունը թափվեր, քանի որ այն մատնանշում էր գերագույն պատիժը, որ կրեց Քրիստոսը խաչի վրա:
Այս զոհաբերությունները բազմիցս տեղի են ունեցել Հին Կտակարանի Սրբարանում, բայց նրանք միայն ցույց էին տալիս Նրա փրկարար արարքը խաչի վրա: Մահանալով մեր մեղքերի համար՝ «Իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ» մեզ համար (Եբրայեցիներին 9.12):
4. Քրիստոսի հայտնությունը, Ով ապրում է, որ փրկի մեզ
Հինկտակարանյան զոհաբերությունները ներկայացնում էին Քրիստոսի մահը, այսինքն Նրա անձի զոհաբերումը մեզ համար, իսկ քահանաների աշխատանքը ներկայացնում էին Նրա ծառայությունը որպես Քահանայապետ երկնքում:
Աստվածաշունչն այսպես է ասում
Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծո առաջ ներկայանա մեզ համար։
(Եբրայեցիներին 9.24)
Ո՞րն է Հիսուսի ամենօրյա աշխատանքը երկնային տաճարում։
Աստվածաշունչն այսպես է ասում
Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր Իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։
(Եբրայեցիներին 7.25)
Ոմանք սխալմամբ ենթադրում են, որ Հիսուսը՝ որպես մեր բարեխոս, երկնքում է և աղաչում է մեզ հակառակվող Աստծուն, որ ների մեզ: Պարզվում է, որ Աստված ուրախությամբ է ընդունում Իր Որդու զոհաբերությունը մեզ համար: Հայրն ու Որդին միասին են աշխատում մեզ փրկելու համար: Հիսուսն իր կյանքը տվեց այս աշխարհում երբևէ ապրած յուրաքանչյուր մարդու համար: Եվ հիմա, որպես մեր Բարեխոս կամ Միջնորդ, Նա մեզ ներում է առաջարկում մեր մեղքերի համար: Նա հորդորում է մեզ ընդունել Իր փրկությունն ու ողորմությունը:
Այնուամենայնիվ, Հիսուսը չի կարող փրկել մեզ, եթե մենք չընդունենք Նրա շնորհը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական որոշում կայացնի, որպեսզի ընդունի Հիսուսի զոհաբերությունը և ներում ու հավերժական կյանք ձեռք բերի: Հարգելիներ, երկնային սրբարանի ծառայության ավարտին կավարտվի նաև երկրի պատմությունը։ Կա դեռ ժամանակ, դեռ սրբարանի դռները բաց են, որտեղից բխում է շնորհ քեզ վրա։ Արդյոք հենց այսօր չե՞ս ընդունի Հիսուսի՝ քեզ առաջարկվող ներումը: Այսօր Նա երկնքում է, որպեսզի քեզ փրկի մեղքից և պահի Իր հետ փրկարար հարաբերությունների մեջ: Արդյո՞ք չես ընդունի Նրան որպես քո կյանքի Փրկիչ և Ուսուցիչ:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Սիրելի՛ երկնային Հայր, ես այնքան շնորհակալ եմ, որ երկնային Սրբարանում Քրիստոսի ծառայության միջոցով Դու առաջնորդում ես իմ կյանքը: Շնորհակալ եմ ինձ փրկելու և ավելի լավ կյանք տալու համար: Հիսուսի անունով, ամե՛ն։