Հազարամյակ
Աստվածաշունչն այսպես է ասում․ Երանի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ (Հայտնություն 20.6)
1. Բացահայտված հազար տարի
Հայտնություն 20 գլխում գրված է հազարամյա թագավորության մասին, որը հետևում է Քրիստոսի երկրորդ գալուստին: Այս հազարամյակի հետ կապված իրադարձությունները նշում են Քրիստոսի ու սատանայի միջև հակամարտության վերջնական գործողությունը, որը շարունակվում է այն պահից, երբ մեղքը մտավ տիեզերք: Այս տիեզերական դրաման սկսվեց երկնքում, երբ Արյուսակը նախանձեց Քրիստոսին։ Երկնքում պատերազմ սկսվեց, սատանան վտարվեց այնտեղից և գցվեց երկիր:
Դրաման շարունակվեց երկրի վրա, Եդեմի պարտեզում, այնուհետև դարերի ընթացքում, մինչև որ հասավ իր գագաթնակետին, երբ սատանան ստիպեց, որ մարդիկ խաչեն Քրիստոսին: Դրաման իր վերջնական գագաթնակետին կհասնի հազարամյա ժամանակաշրջանի ավարտին, երբ մեր մեղավոր աշխարհը մաքրվի և անցնի Քրիստոսի վերահսկողության տակ: Հայտնություն 20-ը ցույց է տալիս, որ երկու հարություն է նշանավորելու այս հազարամյա շրջանի սկիզբն ու ավարտը: Մեռելներից ո՞վ հարություն կառնի հազար տարվա սկզբին՝ առաջին հարության ժամանակ:
Նրանք, ովքեր արթնանում են առաջին հարության ժամանակ, «օրհնյալ են և սուրբ»: Նրանք Հիսուսին ընդունել են որպես իրենց Փրկիչ: Քանի որ նրանք Քրիստոսի հետ «թագավորում են» հազար տարվա ընթացքում, ակնհայտ է, որ «առաջին հարությունը» տեղի է ունենում այս ժամանակաշրջանի սկզբում։
Աստվածաշունչն ասում է, որ այս առաջին հարությունը՝ արդարների հարությունը, տեղի է ունենում Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Քանի որ Տերն Ինքը հրամանի ազդարարմամբ երկնքից ցած կիջնի և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն... և հետո մենք` ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։
(Ա Թեսաղոնիկեցիներին 4.16, 17)
Երբ Հիսուսը նորից գա այս երկիրը, Նա հարություն կտա «Քրիստոսով մահացածներին», ինչպես նաև երկինք կտանի ողջ մնացած արդարներին (Հովհաննես 14.1-3): Այդ ժամանակ բոլոր արդարները անմահ կդառնան, այլևս ենթակա չեն լինի հիվանդության, ծերության կամ մահվան (Ա Կորնթացիներին 15.51-57): Հիսուսի գալստյան ժամանակ ի՞նչ է պատահում ամբարիշտ մարդկանց հետ, ովքեր դեռ ողջ են։ Քանի որ նրանք դեռևս կառչած են մեղքից և չեն ընդունել Քրիստոսին, նրանք չեն կարող գոյություն ունենալ Աստծո ներկայության մեջ, հետևաբար, Նրա վերադարձի ժամանակ նրանք կործանվում են Քրիստոսի «շնչով» (Ղուկաս 17.29, 30։ Բ Թեսաղոնիկեցիներին 2.7, 8):
Աստվածաշունչն ասում է, որ ամբարիշտները հարություն կառնեն հազարամյա թագավորության վերջում։
Աստվածաշունչն այսպես է ասում
Իսկ մնացած մեռելները չկենդանացան մինչև հազար տարին լրանա։
(Հայտնություն 20.5)
Եթե «օրհնյալներն ու սուրբերը» հարություն են առնում հազար տարվա սկզբին, ապա «մնացած մեռելներ» արտահայտությունը կարող է վերաբերել միայն մահացած չարերին։ Նրանց հարությունը տեղի է ունենում, երբ հազար տարին «ավարտվում է»։ Այսպիսով, հազարամյա շրջանը նշանավորվում է երկու հարությամբ՝ սկզբում` արդարների հարություն, իսկ վերջում` ամբարիշտների հարություն:
2. Սատանան հազար տարի շղթայված է երկրին
Երբ հազարամյա թագավորությունը սկսվի, բոլոր արդարներն արդեն երկնքում են լինելու, իսկ չարերը` մահացած: Իսկ ի՞նչ է լինելու այս երկրի վրա հազար տարվա ընթացքում։
Աստվածաշունչն այսպես է ասում
Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին: Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան: Նրան գցեց անդունդը, փակեց և վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։
(Հայտնություն 20.1-3)
Հիսուսի գալուստով սատանան կկապվի և կապանքների մեջ կմնա հազար տարվա ընթացքում։ Որտե՞ղ է բանտարկված սատանան՝ «անդունդում»: Այստեղ գործածվել է հունարեն «ԱԲԻՍՈՍ» բառը, որը մենք գտնում ենք նաև Ծննդոց 1.2-ում (Հին Կտակարանի հունարեն տարբերակը՝ Սեպտաուգինտե, որը թարգմանվել է եբրայերենից նախաքրիստոնեական ժամանակներում), որը բնութագրում է երկիր մոլորակին իր ամայի և չզարգացած վիճակում: Այսպիսով, պարզ է դառնում, որ մեր երկիրը անդունդ է կրկին դառնալու, երբ ամայանա և այլևս մարդ չլինի նրա վրա։ Եվ հենց այդ ամայի երկրում էլ Աստված բանտարկում է Սատանային։
Սուրբ Գիրքը նկարագրում է, որ Սատանան կապված է «մեծ շղթայով»։ Արդյո՞ք սա բառացի շղթա է: Ո՛չ, համատեքստը հստակ ցույց է տալիս, որ դա խորհրդանշական է՝ ինչ–որ հանգամանքների շղթա։ Այն հիշեցնում է մի արտահայտություն, որը մենք օգտագործում ենք, երբ ունակ չենք որևէ բան անելու. «Ես կցանկանայի օգնել քեզ, բայց իմ ձեռքերը կապված են»: Սատանան հազար տարվա ընթացքում շատ կցանկանար կրկին խաբել ու ճնշել անհատներին, բայց նրա ձեռքերը կապված են հանգամանքների շղթայով: Այս ժամանակահատվածում նա չի կարող գտնել արդար մարդկանց, որ գայթակղի, քանի որ նրանք բոլորը երկնքում են: Եվ նա չի կարող գտնել որևէ ամբարիշտ` առաջնորդելու համար, քանի որ նրանք բոլորը մեռած են, քնած երկրի փոշու մեջ։ Սատանան պարզապես թափառում է ամայի, ավերված երկրով մեկ, առանց իր վերահսկողության տակ գտնվող մարդկանց: Այս հանգամանքներում նա «այլևս չի կարող խաբել ազգերին, մինչև որ հազար տարին ավարտվի» (Հայտնություն 20.3): Այստեղ մենք տեսնում ենք սատանային Աստծո դեմ իր դարավոր պայքարի վերջին գործողության մեջ: Նրա չար բնավորությունը մնում է անփոփոխ։ Նա և իր հրեշտակները սահմանափակված են մեր դատարկ աշխարհում:
3. Արդարը դատում է չարին
Հազարամյա թագավորության ընթացքը նաև դատաստանի ժամանակշրջան է: Դատը բաղկացած է չորս հիմնական փուլերից:
- Արդարների դատը Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ:
- Արդարների վարձատրությունը երկրորդ գալուստի ժամանակ:
- Չարերի դատաստանը հազար տարվա ընթացքում։
- Սատանայի և ամբարիշտների ոչնչացումը այդ ժամանակաշրջանի վերջում:
Այժմ մենք կանդրադառնանք երրորդ և չորրորդ փուլերին, որոնք են հետաքննությունը և ամբարիշտների կործանումը: Մենք արդեն տեսանք, որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ արդար մեռելները վեր են կենում իրենց գերեզմաններից: Նրանց հետ միասին ողջ մնացած արդարները ևս թողնում են այս երկիրը և հափշտակվում երկինք՝ Հիսուսի և սուրբ հրեշտակների հետ լինելու համար: Նրանք, որոնց փրկագնել է Քրիստոսը, երկնքում, հազար տարվա ընթացքում գտնում են իրենց տունը: Ի՞նչ են անելու արդարները երկնքում, այս հազարամյա ժամանակահատվածում:
Աստվածաշունչն այսպես է ասում
«Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու... չգիտե՞ք որ մենք հրեշտակներին ենք դատելու։», «Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծո խոսքի համար... Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։»
(Ա Կորնթացիներին 6.2, 3; Հայտնություն 20.4)
Հազար տարվա ընթացքում արդարները կվերանայեն չար մարդկանց և ընկած հրեշտակների, նաև նրանց առաջնորդի՝ սատանայի գործերը: Որքա՜ն արադարացի է, որ նահատակները, հաղթողներն ու մարտում վիրավորվածները քննեն ու հասկանան ամբարիշտների հանդեպ Աստծո դատաստանը: Աստված ողորմությամբ փրկագնված մարդկանց հնարավորություն է տվել գնահատելու Իր վերաբերմունքը անբարիշտների հանդեպ: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պայքարել այս մեղավոր աշխարհում: Մենք օրեցօր շփվել ենք այս մարդկանց հետ: Մենք կարող ենք ունենալ բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են. «Ինչո՞ւ իմ հարևանն այստեղ չէ: Նա այնքան լավ մարդ էր»։ Կամ «Ինչո՞ւ մորաքույրս այդպես չվարվեց»: Մեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատի այս փուլում: Երբ մենք անցնենք արձանագրություններին և դատենք մեռելներին «ըստ նրանց գործերի, գրքերի մեջ գրվածների համաձայն» (Հայտնություն 20.12), մենք ինքներս կտեսնենք, որ Աստված իր բոլոր գործողություններում արդար ու անկեղծ է:
4. Սատանան հազար տարվա վերջում ազատվում է շղթաներից
Հազար տարվա վերջում դատի դրամայի վերջին գործողության ժամանակ երկիր են իջնում արդարները իրենց Թագավորի հետ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծո մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։
(Հայտնություն 21.2)
Այս հիասքանչ քաղաքը, որի ոսկյա փողոցն ու մարգարտյա դարպասները արձագանքել են մեր ցնծագին գովեստի բացականչություններին, մեր տունն է եղել հազար տարի: Այժմ Սուրբ քաղաքը` Քրիստոսի և ներսում գտնվող փրկագնվածների հետ միասին, իջնում է երկնքից:
Ի՞նչ կլինի այդ դեպքում ամբարիշտների հետ. «Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա: Սա է առաջին հարությունը» (Հայտնություն 20.5): Այսպիսով, հազար տարվա վերջում ամբարիշտներն են հարություն առնում երկրորդ հարության ժամանակ: Ի՞նչ է անում սատանան հազար տարվա վերջում:
Աստվածաշունչն այսպես է ասում
Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին... Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է: Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սուրբերի բանակն ու սիրելի քաղաքը։
(Հայտնություն 20.7-9)
Երբ արդարներն իջնեն երկիր` Սուրբ քաղաքի հետ միասին, և ամբարիշտները հարություն առնեն, «սատանան կազատվի»։ Նա դարձյալ կփորձի առաջնորդել ամբարիշտներին, որոնք թիրախավորված են արդարների դեմ: Ոչ մի րոպե չկորցնելով` նա կսկսի անմիջապես հսայական բանակ կազմել ամբարիշտներից: Սատանային սա կատարյալ հնարավորություն է թվում: Այս երկրորդ հարությունը բացահայտում է մի տխուր իրականություն: Ամբարիշտների կերպարը չի փոխվել, չկա որևէ զղջում: Նրանք դուրս են գալիս գերեզմանից՝ նույն զգացմունքներով ու եսասիրական ցանկություններով։ Աստված իսկապես արդար է։