Ի՞նչ է դժոխքը և որտեղ է այն
Հակառակ տարածված պատկերացումների՝ այս պահին Աստված չունի կրակով վառված մի վայր, որը կոչվում է «դժոխք», և որտեղ մեղավորները հայտնվում են մահանալուց հետո: Իրականում կրակե լիճը հայտնվելու է վերջում, որին Աստվածաշունչը անվանում է ոչ թե դժոխք, այլ գեհեն։
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։
(Մաթևոս 10.28)
Ըստ Հիսուսի՝ ե՞րբ կվառվի գեհենի կրակը՝
Աստվածաշունչն այսպես է ասում
Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են: Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու: Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, որոնք կհավաքեն Նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։
(Մատթեոս13.39-42)
Որոմները՝ չարագործները, չեն այրվում մինչև աշխարհի վերջը: Նախքան այս միտքը իրականություն կդառնա, ողջ տիեզերքը պետք է վստահ լինի, որ Աստված յուրաքանչյուր մարդու հանդեպ արդար է եղել Իր գործողություններում: Քրիստոսի և սատանայի միջև ընթացող մեծ հակամարտության մեջ սատանան փորձում է տիեզերքին ապացուցել, որ մեղքի ճանապարհն ավելի լավն է: Հիսուսը ցույց է տալիս, որ հնազանդության ուղին օրհնաբեր կյանքի բանալին է։
Հազար տարվա վերջում, այն բանից հետո, երբ հրեշտակները կբացեն արձանագրությունները՝ բացահայտելու այն դերը, որ յուրաքանչյուր մարդ խաղացել է այս մեծ դրամայում, Աստված կվերացնի յուրաքանչյուր չարություն։ «Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։ (Հայտնություն 20.13-15)
Նկատեք, որ դժոխքը նույնպես գցվում է հրե լճի՝ գեհենի մեջ, այրվելու և ոչնչանալու համար։ Պարզ է, որ դժոխքը կրակե վայրը չէ, այլ մահվան վայրն է, այսինքն գերեզմանը, որտեղ մարդիկ մահից հետո հայտնվում են։ Դրա համար էլ Հայտնության այդ համարը ասում է որ «մահը և դժոխքը» գցվելու են կրակե լճի մեջ, քանի որ այլևս մահ չի լինելու։
Որքա՞ն ժամանակ կվառվի գեհենը
Ըստ դասական պատկերացման շատ հավատացյալներ հավատում են, որ «դժոխք»-ի կրակները հավերժ են, որն էլ հավիտենական տանջանքն է: Օրինակ` 18-րդ դարի քարոզիչ Ջոնաթան Էդվարդսը «Մեղավորները` զայրացած Աստծո ձեռքերում» վերնագիրը կրող քարոզում նկարագրում է դժոխքի պատկերը.
«Բանական էակները դժոխքի անդունդի վրա են. նրանք արժանի են և արդեն դատապարտված են կրակի անդունդին: Աստված սարսափելի գրգռված է, Նրա հակակրանքն այնքան մեծ է դժոխքում գտնվողների հանդեպ, և նրանք իսկապես տառապում են Նրա կատաղի ատելությունից...Դա հավերժական ատելություն է: Շատ սարսափելի կլիներ դժոխքում մի ակնթարթ անգամ դիմանալ ամենակարող Աստծո բարկությանն ու ատելությանը, սակայն դուք պետք է համբերեք մի ամբողջ հավերժություն: Այդ սարսափելի տառապանքին վերջ չի լինելու»:
Այսօր հավատացյալներից քչերին է մխիթարում բարկացած Աստծո այս սարսափելի կերպարը, բայց շատերը դեռ ընդունում են հավերժական «դժոխք»-ի գաղափարը, քանի որ նրանց ասվել է, որ այդպես է սովորեցնում Աստվածաշունչը: Եկեք ուշադիր նայենք որոշ տեքստեր, որոնք նկարագրում են Աստծո վերաբերմունքը մեղքի ու մեղավորների հանդեպ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ. . . ովքեր ավետարանին չեն հնազանդվում. . . նրանք պատիժ կկրեն հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու Նրա փառավոր զորությունից։
(Բ Թեսաղոնիկեցիներին 1.7-9)
Խնդրում ենք նկատի ունենալ, որ «հավիտենական կործանումը» նույնը չէ, ինչ «հավիտենական տանջանքը»։ Այն պարզապես նշանակում է ոչնչացում՝ հավիտենական մահ, որը հավերժ, անվերադարձ կլինի: Հավիտենական ոչնչացման արդյունքը ոչ թե հավիտենական տանջանքն է, այլ հավիտենական մահը: Տեսեք, թե ինչ է ասել Ինքը՝ Հիսուսը, գեհենի (որ սխալմամբ ասում են դժոխք) մասին. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը» (Մատթեոս 10.28):Քանի որ Հայտնության գիրքն օգտագործում է նման վառ, խորհրդանշական լեզու, դրա որոշ հատվածներ սխալ են մեկնաբանվում: Օրինակ՝ Հայտնություն 14.11 –ում կորածների մասին ասվում է. «Նրանց տանջանքի ծուխը հավիտյանս հավիտենից է բարձրանում»։ Սա, անշուշտ, անվերջ տառապանք է թվում: Բայց դարձյալ թույլ տանք, որ Աստվածաշունչը մեկնաբանի ինքն իրեն: Եսայի մարգարեն նույն լեզուն օգտագործեց՝ խոսելով չար Եդոմի դեմ Աստծո դատաստանի մասին։ Նա ասաց. «Գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա» (Եսայի 34.9, 10): Սակայն Եդոմի երկիրը չի շարունակվում այրվել։ Հրդեհը վաղուց մարել է։ Աստված պատկերավոր լեզու է օգտագործում՝ ընդգծելու այս դատաստանի հետ կապված հիմնովին, ամբողջական և կատարյալ կործանումը:
Ելք 21.6–ում խոսվում է ծառայի ականջը ծակելու մասին՝ որպես նշան, որ նա «հավիտյան» պետք է ծառայի իր տիրոջը։ Այս դեպքում «հավերժ» կլինի այնքանով, որքան կշարունակվի ծառայի կյանքը։ Հովնանը, ով երեք օր ու երեք գիշեր անցկացրեց կետի որովայնում (Մատթեոս 12.40), հայտնեց, որ այնտեղ էր «հավիտյան» (Հովնան 2.6): Անկասկած, երեք օրը խավարում մնալը նրան հավերժ թվաց։ Այսպիսով, մենք պետք է ուշադիր լինենք ու հասկանանք, թե ինչպես և երբ է Սուրբ Գիրքն օգտագործում խորհրդանշական, բանաստեղծական լեզու: Կրակի լճից ընդմիշտ բարձրացող ծուխը հավերժական կործանումն արտահայտելու վառ միջոց է։ Հայտնություն 21.8-ը պարզ ասում է, որ կրակով ու ծծմբով այրվող լիճը «երկրորդ մահն է»։ Գեհենի կրակները վերջ ունեն: Չարերը ոչնչանում են: Նրանք մահանում են և այլևս չեն ապրում:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Ողորմության, սիրո և արդարության սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ այս պահին, որ ընտրեմ փրկությունն ու հավիտենական կյանքը, այլ ոչ թե հավերժական մահը: Խնդրում եմ` ների՛ր իմ մեղքերը և օգնի՛ր ինձ, որ հնազանդվեմ Քո Խոսքին և Քո բոլոր պատվիրաններին: Հիսուսի անունով, ամե՛ն: