Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Երբ հարազատը կամ սիրելի էակը մահանում է, մենք վիշտ ու ցավ ենք զգում։ Դատարկություն է տիրում մեր մեջ, երբ մենք առերեսվում ենք մահվան իրողությանը: Հիսուսը հասկանում է դա: Նա լաց եղավ, երբ իր ընկեր Ղազարոսը մահացավ (Հովհաննես 11.34–36): Աստվածաշնչում Հիսուսը հստակ պատասխանում է մեր բոլոր հարցերին` մահվան, հարության և ապագա կյանքի վերաբերյալ: Մահվանը վերաբերող ճշմարտությունը հասկանալու համար եկեք սկսենք այն բանից, թե սկզբում ինչպես է մեր Արարիչը կյանք տվել մեզ։
Ինչպես Աստված ստեղծեց մեզ
Արարիչը կարող էր առաջին մարդուն ստեղծել ինչ-որ երկնային կամ գերբնական նյութից, բայց այդպես չարեց: Նա Ադամին կերտեց «հողի փոշուց», այնուհետև այդ կատարյալ մարմնին կենդանություն պարգևելու համար ռունգերի մեջ փչեց «կյանքի շունչը»:
Աստվածաշունչն այսպես է ասում
Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։
(Ծննդոց 2.7)
Երբ Աստված շունչ տվեց Ադամին, Նրանից կյանքը սկսեց հոսել Ադամի նյարդային համակարգի բարդ ցանցի միջով: Նրա մկաններն ընդարձակվեցին ու կծկվեցին, իսկ սիրտն ու թոքերը սկսեցին ռիթմով շարժվել։ Մարմնի և «կյանքի շնչի» միաձուլումը մարդուն դարձրեց «կենդանի էակ», «կենդանի հոգի»: Նկատի ունեցեք, որ Աստվածաշունչը չի ասում, որ Ադամը հոգի է ստացել, այլ ասում է, որ մարդը «կենդանի հոգի դարձավ»։ Այսպիսով, մարդկային հավասարումը մենք կարող ենք գրել հետևյալ կերպ.
ՀՈՂԻ ՓՈՇԻ + ԿՅԱՆՔԻ ՇՈՒՆՉ = ԿԵՆԴԱՆԻ ՀՈԳԻ
Մեզանից յուրաքանչյուրն ունի մարմին, բանականություն, հիշողություն, դատողություն, խիղճ և կամք: Մենք ունենք մեկ անհատականություն և մեկ բնավորություն։ Հետևաբար, մենք մեկ ամբողջություն ենք, այլ ոչ թե միասին հավաքված երկու կամ ավելի տարբեր մասեր: Քանի դեռ մենք շարունակում ենք շնչել, մենք կենդանի մարդ ենք, կենդանի հոգի։
Արարչագործությունից ի վեր մարդկության մեջ մնացել է այն համոզմունքը, որ «հոգի» բառը նկարագրում է կենդանի ամբողջական էակին։ Օրինակ հայերը զրուցելիս հանգիստ կարող են ասել «մեր տանը ապրում է 5 հոգի», նկատի ունենալով ֆիզիկական մարմնով, զգացմունքներով և բանականությամբ էակների, այլ ոչ թափանցիկ սավառնող սուբստանցիաների։
Ի՞նչ է պատահում, երբ մարդը մահանում է
Մահանալու ժամանակ տեղի է ունենում Ծննդոց 2.7-ում նկարագրված ստեղծագործական գործընթացի հակառակ պատկերը:
Աստվածաշունչն այսպես է ասում
Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծո մոտ, որ այն տվել էր։
(Ժողովող12.7)
Ի միջայլոց այստեղ օգտագործվում է եբրայերեն այնպիսի բառ, որը ամեն տեղ թարգմանվում է որպես ՇՈՒՆՉ, սակայն թարգմանիչները, իրենց ավանդական պատկերացումներից ելնելով, թարգմանել են ՀՈԳԻ, որպեսզի կարդացողը նույնպես մտածի, որ անտեսանելի հոգի կա և որ այն գնում է Աստծո մոտ։ Սակայն դա կոպիտ սխալ է և մոլորության մեջ է գգցում մարդկանց։ Նայենք անգլերեն թարգմանությունը՝
"and the dust returns to the earth as it was, and the BREATH (շունչ) returns to God who gave it." (Ecclesiastes 12:7, NRSV)
Երբ մարդը մահանում է, նրա մարմինը դառնում է «հող», և «կյանքի շունչը» վերադառնում է իր աղբյուրի՝ Աստծո մոտ։ Բայց ի՞նչ է կատարվում հոգու հետ:
Աստվածաշունչն այսպես է ասում
Կենդանի եմ Ես,-ասում է Տեր Աստված. . . . «Ահա բոլոր հոգիներն Իմն են. . . մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։»
(Եզեկիել18.3, 4)
Հոգին մեռնում է։ Դե քանի որ պարզեցինք, որ «կենդանի հոգի» արտահայտությամբ Աստվածաշունչը նկարագրում է ամբողջական մարդուն։ Նախորդ երկու համարները հավաստիացնում են Ծննդոց 2.7-ից ստացած հավասարումը, մահվան ընթացքում այն հետադարձ ընթացք վերապրեց:
ՀՈՂԻ ՓՈՇԻ - ԿՅԱՆՔԻ ՇՈՒՆՉ = ՄԵՌԱԾ ՀՈԳԻ
ԿԵՆԴԱՆԻ ՀՈԳԻ - ԿՅԱՆՔԻ ՇՈՒՆՉ = ՀՈՂԻ ՓՈՇԻ
Մահը կյանքի կամ հոգու վերջն է: Մարմինը փոշիանում է, և շունչը վերադառնում է Աստծո մոտ: Մենք կենդանի էակներ ենք կյանքում՝ կենդանի հոգի, բայց մահվան մեջ մենք միայն դիակ ենք՝ մեռած հոգի: Երբ Աստված հետ է վերցնում մեզ տված կյանքի շունչը, հոգին մահանում է: Բայց փառք Աստծո, որ պատմությունն այստեղ չի ավարտվում: Քրիստոսի հետ հույս կա:
Հավերժ վառվող դժոխքի հավատքի հիմքում անմահության ուսմունքն է : Ե՛վ հոգու անմահությունը, և՛ հավերժ վառվող դժոխքը գաղափարներ են, որոնք բխում են սատանայի ստից, որ Եդեմում ուղղվեցին Եվային. «Բնավ չեք մեռնի» (Ծնունդ 3.4): Մարդկային ճակատագրի վերաբերյալ Աստծո տեսակետը պարզ է՝ հավերժական մահ նրանց համար, ովքեր մերժում են Քրիստոսին և կառչում են իրենց մեղքերից, և հավերժական կյանք՝ անմահություն, նրանց համար, ովքեր ընդունել են Նրան որպես Փրկիչ:
Հոգի կանչողները, մեռելհարցուկները և էքստրասենսները
Մենք պայքարում ենք մահվանն առերեսվելու վախի դեմ, բայց այդ վախն ավելի է սրվում, երբ մահանում է մեր սիրելին: Մենակությունը և կորստի զգացումը կարող են ճնշող լինել, և մենք բոլորս պետք է անցնենք վշտի գործընթացի միջով: Ոմանք այնքան խորն են զգում սիրելիից բաժանումը, որ փորձում են կապ հաստատել իրենց մահացած սիրելիների հետ։ Նրանք կարող են ընկնել մեդիումների ազդեցության տակ, ովքեր պնդում են, որ կարող են շփվել մահացածների հետ: Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հատուկ զգուշացնում է, որ այս կերպ չփորձենք մեղմել մահվան ցավը.
Աստվածաշունչն այսպես է ասում
Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ, դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի»։
(Եսայի 8.19)
Սիրելիից բաժանվելու պատճառով առաջացած տառապանքի իրական լուծումը մխիթարությունն է, որը կարող է տալ միայն Քրիստոսը: Ի վերջո, Քրիստոսն է Իր ափի մեջ պահում մեր սիրելիին, ոչ թե ինչ–որ էքստրասենս: Քրիստոսի հետ հաղորդակցվելու համար ժամանակ հատկացնելն ամենաառողջ ճանապարհն է՝ վշտի ապրումները դիմակայելու համար: Հիշեք, որ ձեր սիրելին քնած է, և այդ «գիշերային քունը» նրան ընդամենը մի քանի րոպե է թվալու: Գիտակցական հաջորդ պահին, որին կառնչվեն Քրիստոսով ննջածները, կլինի Նրա երկրորդ գալուստը:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Երկնայի՛ն Հայր, ես փափագում եմ այն օրվան, երբ Հիսուսը կվերադառնա այս երկիր, և իմ սիրելիները հարություն կառնեն, և ես կկարողանամ վերամիավորվել նրանց հետ: Օգնի՛ր ինձ, որ լիովին վստահեմ Քեզ և հավատամ Աստվածաշնչին: Շարունակիր առաջնորդել իմ կյանքը, մինչ ես ուսումնասիրում եմ Քո Խոսքը: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն: