Կարո՞ղ է արդյոք մեծամասնությունը սխալվել
Մենք առնչվում ենք մի թեմայի, որը շատերի համար տարակուսելի է։ Քրիստոնեական աշխարհը որոշ ժամանակից սկսած պահում է երկու տարբեր օրեր: Մի կողմից, քրիստոնյաների մեծամասնությունը անկեղծորեն նշում է կիրակի օրը՝ շաբաթվա առաջին օրը, որը, նրանց կարծիքով, Քրիստոսի հարության հիշատակն է: Մյուս կողմից, քրիստոնյաների մի մեծ խումբ, նույնքան անկեղծ, հավատում է, որ Աստվածաշունչը որպես շաբաթ ճանաչում է միայն յոթերորդ օրը և ոչ մի տեղ չի հաստատում կիրակի օրվա սրբությունը:
Արդյո՞ք տարբերություն կա, թե որ օրն ենք պահում որպես Շաբաթ: Որպես անկեղծ մարդիկ, որ ցանկանում են իմանալ ճշմարտությունը, մենք միշտ պետք է ինքներս մեզ հարց տանք. «Ի՞նչն է կարևոր Հիսուսի համար։ Ի՞նչ է ուզում Հիսուսը, որ ես անեմ»։
Ի վերջո, մենք ուզում ենք Աստվածաշնչի ճշմարտությանը հետևելու և Աստծո հրահանգներին հնազանդվելու երաշխիքը, երբ Նա ասում է. «Սա է ճանապարհը, գնացեք այս ճանապարհով» (Եսայի 30.21): Երկրպագության օրվա վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է պատասխանել մի քանի կարևոր հարցերի: Ո՞վ է շաբաթը՝ շաբաթվա յոթերորդ օրը, փոխել շաբաթվա առաջին օրով՝ կիրակիով: Արդյո՞ք Աստվածաշունչը թույլ է տվել նման փոփոխություն։ Եթե այո, արդյո՞ք Աստված, Քրիստոսը կամ, միգուցե, առաքյալներն են փոփոխություն կատարել։
2. Արդյո՞ք Հայր Աստված է փոխել շաբաթ օրը
Արդյոք որևէ հայտարարություն կա Աստծո կողմից, որը շաբաթը՝ յոթերորդ օրը, փոխում է շաբաթվա առաջին օրով: Քրիստոնյաների մեծ մասն ընդունում է Տասը պատվիրանները, որոնք տրվել են Աստծո կողմից՝ Սինայում, որպես ապրելու վավերական ուղեցույց: Մովսեսը հիշեցրեց Իսրայելին.
Աստվածաշունչն այսպես է ասում
Տերն այս սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց: Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։
(Բ Օրենք 5.22)
Տասը պատվիրանները միակ ուղերձն են, որ Աստված երբևէ անձամբ գրել է մարդկային ցեղի համար: Դրանք այնքան կարևոր են, որ Նա քարի վրա է գրել դրանք, Իր մատով (Ելք 31.18): Չորրորդ պատվիրանում Աստված հրահանգում է.
Աստվածաշունչն այսպես է ասում
Հիշի՛ր հանգստության օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր աշխատիր և կատարիր քո բոլոր գործերը: Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես... որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբեց այն։
(Ելք 20.8-11)
Երբ Աստված ստեղծեց մեր աշխարհը, Նա յոթերորդ օրը` որպես «Տիրոջ շաբաթ», առանձնացրեց երեք աստվածային գործողությամբ (Ծննդոց 2.1-3): Աստված
Յոթերորդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից
Օրհնեց յոթերորդ օրը
Սրբացրեց այն
Կրկին Սինայում, երբ Նա տվեց Տասը պատվիրանները, կրկնեց այս նույն ճշմարտությունները: Նա նաև հասկացրեց, որ ոչ մի մարդ չպետք է վերանայի կամ խմբագրի Իր սուրբ շուրթերից դուրս եկած ցուցումները:
Աստվածաշունչն այսպես է ասում
«Չավելացնեք այն խոսքի վրա, որ Ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։», «Չեմ անարգելու իմ ուխտը և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխելու։»
(Բ Օրենք 4.2; Սաղմոսներ 89.34)
Աստվածաշունչը պարզ է ասում, որ Աստված շաբաթվա յոթերորդ օրը չի փոխել առաջին օրով:
3. Արդյո՞ք Հիսուսը փոխեց շաբաթ օրը
Ըստ Հիսուսի` Տասը պատվիրանները և Սուրբ Գրքի Հին Կտակարանի բոլոր բարոյական սկզբունքները փոփոխության ենթակա չեն, դրանք պետք է շարունակեն առաջնորդել Իր հետևորդներին:
Աստվածաշունչն այսպես է ասում
Մի՛ կարծեք, թե Ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. Ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու: ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա: Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի: Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։
(Մատթեոս 5.17-19)
Հիսուսը հավատարմորեն պատվում և պահում էր Շաբաթը: Այդ հարցում Նա մեր օրինակն է:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և Իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարանը մտավ ու ելավ ընթերցելու։
(Ղուկաս 4.16)
Նայելով ապագային՝ Հիսուսն ուզում էր, որ Իր աշակերտները շարունակեն զգալ իսկական Շաբաթը պահելու ուրախությունները: Նրանց հրահանգեց աղոթել, որ հալածանքի ժամանակ ստիպված չլինեն Երուսաղեմից շաբաթ օրը փախչել: «Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը» (Մատթեոս 24.20):
Հիսուսը խոսում էր Երուսաղեմի կործանման մասին, մի իրադարձություն, որը տեղի ունեցավ մ.թ. 70-ին՝ Նրա հարությունից մոտ 40 տարի անց: Հիսուսը չփոխեց շաբաթ օրվա պատվիրանը, ոչ էլ մյուս պատվիրանները: Իրականում, Նա հարուստ երիտասարդին հրահանգեց հնազանդվել Տասը պատվիրաններին (Մատթեոս 19.16-22): Հիսուսի ուսուցումից և օրինակից պարզ է դառնում, որ մենք դեռ շաբաթի կարիքն ունենք` հանգստանալու և Աստծո հետ ժամանակ անցկացնելու համար:
4. Արդյո՞ք առաքյալները փոխեցին շաբաթ օրը:
Հակոբոսը՝ վաղ քրիստոնեական եկեղեցու առաջին առաջնորդը, Տասը պատվիրանների վերաբերյալ գրել է.
Աստվածաշունչն այսպես է ասում
Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի, քանի որ Նա, Ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր»։
(Հակոբոս 2.10, 11)
Վաղ եկեղեցու բժիշկ և ավետարանիչ Ղուկասը հայտնում է.
Աստվածաշունչն այսպես է ասում
Շաբաթ օրը քաղաքից դուրս՝ դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք անելու։
(Գործք Առաքելոց 16.13)
Պողոսը՝ հեթանոսների առաքյալը, ով գրել է Նոր Կտակարանի մեծ մասը, հաստատում է. «Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից...Ուրեմն Աստծո ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է» (Եբրայեցիներին 4.4, 9): Իրականում բնագրից ճշգրիտ թարգմանությունը ավելի պարզ է փոխանցում Պողոսի ասածները։ Եկեք դիտարկենք հին հունարեն բնագիրը և անգլերեն, ռուսերեն ճշգրիտ թարգմանությունները։
ἄρα ἀπολείπεται σαββατισμὸς τῷ λαῷ τοῦ θεοῦ
There remains, then, a Sabbath-rest for the people of God. (Hebrew 4:9 NIV)
Поэтому субботний покой остается для народа Божьего. (Евреям 4:9 NRT)
Հետևաբար հայերեն ստույգ թարգմանությունը պետք է լինի հետևյալ կերպ. «Այսպիսով Աստծո ժողովրդի համար դեռ մնում է Շաբաթ օրվա հանգիստը» կամ «Ուրեմն մնում է շաբաթապահությունն Աստծո ժողովրդի համար» (Եբրայեցիներին 4.9)
Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում նշվում են 84 տարբեր շաբաթ օրեր, որոնք տոնվում էին առաքյալների կողմից, բոլորն էլ Հիսուսի հարությունից ավելի քան 14 տարի անց:
ԳՈՐԾՔ 13.14, 42, 44 — 2 շաբաթ օրեր Անտիոքում
ԳՈՐԾՔ 16.12, 13 — 1 շաբաթ օր Փիլիպպեում
ԳՈՐԾՔ 17.1, 2 — 3 շաբաթ օրեր Թեսաղոնիկեում
ԳՈՐԾՔ 18.1, 4, 11 — 78 Շաբաթ օրեր Կորնթոսում
Սուրբգրային ապացույցների որոնումը ցույց է տալիս, որ առաքյալները ոչ մի փորձ չեն արել փոխելու Աստծո հանգստի օրը, շաբաթվա յոթերորդ օրը` առաջին օրով։
Նոր Կտակարանում շաբաթվա առաջին օրը նշվում է ընդամենը ութ անգամ: Այս դեպքերից և ոչ մեկում շաբաթվա առաջին օրը չի նշվում որպես սուրբ օր, ոչ էլ նույնիսկ ակնարկվում է, որ մենք պետք է այն դիտենք որպես երկրպագության օր: Շաբաթվա առաջին օրվան վերաբերող ութ տեքստերի մանրակրկիտ ուսումնասիրությունը պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել այս կիրակնօրյա իրադարձությունների ժամանակ:
- Շաբաթվա առաջին օրը կանայք եկան Հիսուսի գերեզմանը (Մատթեոս 28.1)
- «Երբ շաբաթն անցավ», «շաբաթվա առաջին օրը, շատ վաղ առավոտյան» կանայք անուշահոտ յուղեր բերեցին՝ օծելու Հիսուսի մարմինը (Մարկոս 16.1, 2)
- «Շաբաթվա առաջին օրվա առավոտյան» Հիսուսը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն (Մարկոս 16.9)
- «Պատվիրանի համաձայն» (Ղուկաս 23.56) շաբաթ օրը հանգստանալուց հետո կանայք շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան եկան Հիսուսի գերեզման (Ղուկաս 24.1)
- Մարիամ Մագդաղենացին գնաց Հիսուսի գերեզմանը և գերեզմանը դատարկ գտավ «շաբաթվա առաջին օրը» (Հովհաննես 20.1):
- Աշակերտները հավաքվեցին «հրեաների վախից» (ոչ թե երկրպագության համար) շաբաթվա առաջին օրը (Հովհ. 20.19)
- Պողոսը եկեղեցու անդամներին խնդրեց իրենց դրամական միջոցները հավաքել «շաբաթվա առաջին օրը» և «մի կողմ դնել» Երուսաղեմի աղքատների համար (1 Կորնթացիս 16.1, 2): Հատվածում չի նշվում որևէ կրոնական ժողով։
Գործք Առաքելոց 20.7-ում Ղուկասը խոսում է այն մասին, որ աշակերտները «միասին եկել են հաց կտրելու», և Պողոսը հրաժեշտի հանդիպման ժամանակ զրուցում է «շաբաթվա առաջին օրը»: Մեկ այլ տեղ Ղուկասը նկարագրում է վաղ քրիստոնյաներին, ովքեր «ամեն օր» հավաքվում էին ընկերակցության, հաց կտրելու, Աստծուն փառաբանելու և աղոթելու համար (Գործք Առաքելոց 2.41-47): Իսկ երբ նայում ենք ռուսերեն թարգմանություններից մեկին պարզ է դառնում, որ նրանք հաավաքվել էին շաբաթ օրը երկրպագության այնուհետև մնացել էին Պողոսին հրաժեշտ տալու համար։ «В субботу вечером, когда мы собрались для преломления хлеба...» (Деяния 20:7, перевод Кулакова)
Այս համարներից և ոչ մեկը չի հուշում, որ առաքյալները մտադիր էին չեղարկել յոթերորդ օրվա շաբաթը և երկրպագությունն անել կիրակի օրը: Նոր Կտակարանում հստակ որևէ ապացույց չկա շաբաթը՝ շաբաթվա յոթերորդ օրը, կիրակիով՝ շաբաթվա առաջին օրով փոխարինելու մասին: Փոփոխությունը տեղի ունեցավ Հիսուսի և առաքյալների օրերից հետո, ուստի, մենք պետք է դիմենք պատմությանը՝ տեսնելու, թե երբ և ինչպես եղավ այս փոփոխությունը:
5. Որտեղի՞ց է ծագել կիրակի օրվա երկրպագությունը
Առաքյլաները զգուշացնում են, որ որոշ քրիստոնյաներ կհեռանան Նոր Կտակարանի քրիստոնեության վարդապետություններից: Պողոսն ասաց.
Աստվածաշունչն այսպես է ասում
Ես գիտեմ, որ Իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի: Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։
(Գործք Առաքելոց 20.29, 30)
Եվ հենց այդպես էլ եղավ։ Վստահելի պատմաբանները հստակ արձանագրում են, թե ինչպես քրիստոնյաները սկսեցին շեղվել առաքելական մաքրությունից: Ավանդույթներն ու վարդապետությունները, որոնք Պողոսը, Պետրոսը և քրիստոնեական եկեղեցու մյուս հիմնադիրները երբեք չէին հաստատել, աստիճանաբար մտան եկեղեցի:
Շաբաթը փոխվեց կիրակիով, երբ ամբողջացավ Նոր Կտակարանը, և մահացան առաքյալները: Պատմությունն արձանագրում է, որ քրիստոնյաներն, ի վերջո, շաբաթվա յոթերորդ օրվա երկրպագությունից անցան շաբաթվա առաջին օրվա երկրպագությանը:
Վինսենթ Ջ. Քելլի, Արգելված կիրակի և տոնական զբաղմունքներ, էջ 15
...պատմությունը ցույց է տալիս, որ որոշ վայրերում միայն մի քանի դար անց է շաբաթօրյա հանգիստն ամբողջովին վերացել, և այդ ժամանակ նրա տեղը զբաղեցրել է կիրակի օրը ֆիզիկապես հանգստանալու փորձառությունը։
Այնպես չէ, որ հավատացյալներն այլևս չէին պահում յոթերորդ օրը և միանգամից սկսեցին պահել կիրակին`որպես Աստծո օր: Քրիստոնյաների կողմից կիրակին պահելու ամենավաղ իսկական օրինակը եղավ Իտալիայում, Քրիստոսի ծննդից հետո, երկրորդ դարի կեսին: Դրանից հետո, երկար ժամանակ շատ քրիստոնյաներ պահում էին երկու օրերն էլ, մինչդեռ այդ ժամանակ մյուսները պահում էին միայն յոթերորդ օրը՝ շաբաթը: Ասենք, որ Հայաստանում շատ քրիստոնյաներ շաբաթ օրերը պահել են մինչև 7-10րդ դարերը, որից հետո կառավարության և պետական եկեղեցու ճնշման տակ աստիճանաբար այն փոխարինվել է կիրակի օրերի։
321 թվականի մարտի 7-ին Կոնստանտին Մեծը հրապարակեց առաջին քաղաքացիական կիրակնօրյա օրենքը՝ Հռոմեական կայսրության բոլոր մարդկանց պարտադրելով, որ բացի ագարակատերերից, հանգստանան կիրակի օրը: Սա մյուս հինգ քաղաքացիական օրենքների հետ միասին, որոնք կիրակի օրվա հետ կապված հրամայել էր Կոնստանտինը, օրինական նախադեպ է ստեղծել ամբողջ քաղաքացիական օրենսդրության համար, որը շարունակվում է մինչև մեր օրերը: 4-րդ դարում Լաոդիկիայի ժողովը քրիստոնյաներին ստիպեց հարգել կիրակի օրը, հնարավորինս ձեռնպահ մնալ աշխատանքից, և արգելեց նրանց հանգստանալ շաբաթ օրերը:
Եվ հին եգիպտոսից եկած կիրակի օրվա (Sunday-արևի օր) այս հեթանոսական արևապաշտությունը որ ներթափանցեց այդ օրերում եկեղեցի, շարունակվում է այսօր իր ժամանակակից ձևով միլիարդավոր քրիստոնյաների կյանքում։
Պատմությունը ցույց է տալիս, որ կիրակնօրյա պաշտամունքը մարդու կողմից ստեղծված ավանդույթ է: Աստվածաշունչը իշխանություն չի տալիս չորրորդ պատվիրանի յոթերորդ օրվա շաբաթը չեղյալ համարելու համար: Հին Կտակարանում Դանիել մարգարեն կանխագուշակեց, որ քրիստոնեական դարաշրջանում խաբուսիկ զորությունը կփորձի փոխել Աստծո օրենքը:
6. Ո՞վ կատարեց փոփոխությունը
Ո՞վ պաշտոնապես Շաբաթը յոթերորդ օրից փոխեց առաջին օրվա: Կաթոլիկ եկեղեցին հաստատում է, որ ինքն է արել դա: Փորձելով փրկել քայքայվող Հռոմեական կայսրությունը` եկեղեցու բարյացակամ առաջնորդները փոխզիջման գնացին և փորձեցին պաշտամունքի օրը շաբաթից փոխել կիրակիի: Հռոմի կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսում ասվում է.
Հարց. Ո՞րն է շաբաթ օրը:
Պատասխան. Յոթերորդ օրն է շաբաթ օրը։
Հարց. Ինչո՞ւ ենք մենք շաբաթ օրվա փոխարեն պահում կիրակին:
Պատասխան. Շաբաթ օրվա փոխարեն պահում ենք կիրակին, քանի որ կաթոլիկ եկեղեցին շաբաթից հանդիսավորությունը փոխանցեց կիրակիին։ (Պիտեր Գայերման, Նորահավատ կաթոլիկ փաստաթղթերի կատախիզիս)
1893 թվականի սեպտեմբերի 23-ին Կաթոլիկ եկեղեցին հայտարարեց.
Պատմական փաստ
Կաթոլիկ եկեղեցին ավելի քան հազար տարի բողոքականների գոյությունից առաջ, իր աստվածային առաքելության շնորհիվ շաբաթ օրը փոխեց կիրակիով։
Ահա հռոմեական կաթոլիկ առաջնորդների երկու լրացուցիչ հայտարարություն.
Ջեյմս Կարդինալ Գիբոնս, Մեր հայրերի հավատքը, էջ 89
Դուք կարող եք կարդալ Աստվածաշունչը Ծննդոցից մինչև Հայտնություն, և չեք գտնի մի տող, որտեղ գրված լինի կիրակի օրվա սրբության մասին: Սուրբ Գիրքը պարտադրում է շաբաթ օրվա կրոնական պաշտամունքը, որը մենք երբեք չենք սրբացրել։
Սուրբ Եկատերինա կաթոլիկ եկեղեցի Sentinel, մայիսի 21, 1995
Սուրբ օրը՝ շաբաթ օրը, փոխվեց կիրակիով... ոչ թե Սուրբ Գրություններում է գրված, ոչ թե այն պատճառով, որ այնտեղ նշված է դրա մասին, այլ Եկեղեցու սեփական զորության գիտակցումից... Մարդիկ, ովքեր կարծում են, որ Սուրբ Գիրքը պետք է լինի միակ հեղինակությունը, պետք է տրամաբանորեն դառնան Յոթերորդ օրվա ադվենտիստներ և սուրբ պահեն շաբաթ օրը։
Ոչինչ ավելի պարզ չէր կարող լինել: Կաթոլիկ եկեղեցին պատրաստակամորեն հայտարարում է, որ մարդկային եկեղեցու առաջնորդներն են կատարել այդ փոփոխությունը:
7. Ո՞րն է իրական խնդիրը
Մենք առերեսվում ենք այդ խնդրին: Ինչո՞ւ են այդքան մեծ թվով քրիստոնյաներ ընդունում կիրակին, առանց աստվածաշնչյան հեղինակության: Ո՞ր օրը պետք է պահեմ ես: Արդյո՞ք կհետևեմ նրանց, ովքեր ասում են. «Կարծում եմ, որ տարբերություն չկա, թե որ օրն եմ պահում, քանի որ յոթից մեկ օրը պահում եմ»: Կամ արդյո՞ք ես պետք է նշեմ այդ օրը, երբ Հիսուսը՝ մեր Արարիչը (Կողոսացիներին 1.15-17), աշխարհն արարելիս հաստատեց (Ծնունդ 2.1-3) ու Տասը պատվիրաններում նշեց, որ. «Յոթերորդը օրը շաբաթն է» (Ելք 20.10):
Մենք այստեղ ոչ միայն գործ ունենք արտաքին երկրպագության հետ, այլ աստվածաշնչյան ճշմարիտ օրվա: Հիմնական խնդիրը Հիսուսին հնազանդվելն է, մեր հիմնարար հավատարմությունը, թե ո՞ւմ կհնազանդվեմ: Ասյտեղ պատվի ու փառքի հարցն է, թե ում ես դու այն տալիս ընդունելով որպես Աստված, Հիսուս Քրիստոսի՞ն, թե որևէ մահկանացու մարդու։ Սա շատ լուրջ հարց է, և մեր կոչն է չնայել մատների արանքով, այլ լուրջ որոշման և ընտրության գալ հենց այսօր։
Որոշ հավատացյալներ ասում են. «Ես ամեն օրն էլ սուրբ եմ պահում»: Իհարկե, մեր սրտում շաբաթվա յուրաքանչյուր օր մենք պետք է երկրպագենք Աստծուն, բայց փաստն այն է, որ Աստված շաբաթվա յոթերորդ օրը համարեց «սուրբ»: Շաբաթ օրը Նա յուրօրինակ կերպով է մոտենում մեզ: Իր առանձնահատուկ ներկայությամբ Նա օրհնեց այդ օրը և խնդրում է, որ ամբողջ օրը նվիրենք Իրեն:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Հայր մեր, որ երկնքում ես, շնորհակալություն հավիտենական կյանքի խոստման համար: Շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն առաջնորդում է իմ կյանքը: Շնորհակալություն Շաբաթի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու համար: Օգնիր ինձ, որ միշտ ազնիվ լինեմ Քո և իմ սրտի հետ: Օգնիր ինձ կանգնելու Քո կողքին: Ինձ հանդիպող բոլոր խնդիրների դեպքում խնդրում եմ ուղարկիր Հիսուսին, որ կողքիս լինի և օգնի ինձ: Նրա հրաշալի անունով, ամե՛ն: