Կարո՞ղ եմ այսօր գտնել Աստծո եկեղեցին
1. Հիսուսի կողմից հիմնադրված եկեղեցին․ Հիսուսի կյանքն ու վարդապետությունը հաստատեցին հավատքի միասնությունը և սերտ ընկերակցությունը առաքյալների օրերի նորաստեղծ եկեղեցում: Առաքյալների օրերի քրիստոնյաները գիտեին, թե իրենք ովքեր են և վստահորեն ապրում էին իրենց հավատքով: Նրանք մտերիմ հարաբերություններ հաստատեցին հարություն առած Քրիստոսի հետ: Պողոսն այդ սերտ կապը համեմատեց ամուսնական հարաբերության հետ.
Աստվածաշունչն այսպես է ասում
Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։
(Բ Կորնթացիներին 11.2)
Ըստ Պողոսի՝ եկեղեցին մաքուր կին է, Քրիստոսի հարսնացուն, Քրիստոսի սիրելի եկեղեցու համապատասխան խորհրդանիշը: Հին Կտակարանում նույն փոխաբերությունն օգտագործվում է Իսրայելին՝ Աստծո ընտրյալ ժողովրդին նկարագրելու համար: Աստված Իսրայելին ասաց. «Հիշեցի... քո հարսնության սերը» (Երեմիա 2.2) և «Ես եմ ձեզ վրա տիրողը» (Երեմիա 3.14): Նոր Կտակարանը խոսում է Իսրայելի մասին որպես «ժողովուրդ անապատում» (Գործք Առաքելոց 7.38, KJV): Հայտնության գրքում Հովհաննեսը խորհրդանշորեն խոսում է եկեղեցու մասին որպես կին.
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։
(Հայտնություն 12.1)
Ահա այս խորհրդանիշների իմաստը.
1. ԿԻՆԸ «ԱՐԵՎՈՎ ՊԱՐՈՒՐՎԱԾ»: Սա հուշում է, որ եկեղեցին փայլում է կեսօրվա արևի պես՝ հագած Քրիստոսի փառավոր ներկայությունը: Հիսուսը՝ «աշխարհի լույսը» (Հովհաննես 8.12), փայլում է Իր եկեղեցու անդամների միջոցով, և նրանք իրենց հերթին դառնում են «աշխարհի լույսը» (Մատթեոս 5:14):
2. ԿԻՆԸ «ԼՈՒՍԻՆՆ ԷԼ ԻՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ»։ Ճիշտ այնպես, ինչպես լուսինն է արտացոլում արևի լույսը, այս հատվածում լուսինը ներկայացնում է Ավետարանի ուղերձը (լույսը), որը խորհրդանշորեն երևում է (արտացոլվում է) Հին Կտակարանում` Աստծո ժողովրդի զոհաբերություններում և արարողություններում: «Լուսինը նրա ոտքերի տակ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Հին Կտակարանի զոհաբերությունները կատարվել են Քրիստոսի կյանքում, Նրա ծառայության, մահվան և հարության ժամանակ:
3. ԿԻՆՆ «ԻՐ ԳԼԽԻՆ ՈՒՆԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՍՏՂԵՐՈՎ ՊՍԱԿ»։ Քանի որ Հայտնություն 12-ը եկեղեցու և Հիսուսի մասին է, աստղերը ներկայացնում են 12 առաքյալներին՝ ազնիվ բնավորությամբ մարդկանց, որոնց վկայությունը մինչև օրս լուսաբանում է Քրիստոսի կերպարը: Այս հատվածներում Հովհաննեսը նկարագրում է Հիսուսի ստեղծած Նոր Կտակարանի քրիստոնեական եկեղեցին:
Արևը, լուսինն ու աստղերը, որոնք գործածվում էին այս կնոջ առանձնահատկությունները նկարագրելու համար, ընդգծում են քրիստոնեական եկեղեցու լույս տվող ծառայությունը և Ավետարանի բարի լուրը տարածելու նրա հիմնարար դերը:
2. Սատանայի պարտության դրաման
Աստվածաշունչն այսպես է ասում
Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ: Եվ երկնքում մի նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ, և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ: Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում: Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար: Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. Նրա որդին հափշտակվեց Աստծու և Նրա գահի մոտ: Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ Նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն տարի։
(Հայտնություն 12.2-6)
Այս դրամային երեք հիմնական դեմքեր են մասնակցում.
- ԿԻՆԸ, ով արդեն պարզեցինք ներկայանում է որպես Աստծո եկեղեցի (Բ Կորնթացիներին 11.2):
- ԱՐՈՒ ԵՐԵԽԱՆ, Ով ծնվել է այս կնոջից, ով «հափշտակվեց Աստծո և Նրա գահի մոտ» և մի օր «կտիրի բոլոր ազգերին»։ Հիսուս Քրիստոսն այս աշխարհում երբևէ ծնված միակ երեխան է, Ով բարձրացել է Աստծո գահին և մի օր կիշխի բոլոր ազգերին (Մատթեոս 1, 2):
- ՎԻՇԱՊԸ, որը ներկայացնում է դևին կամ սատանային (Հայտնություն 12.9):
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու Իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին: Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին. բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց: Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում, ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։
(Հայտնություն 12.7-9)
Հիսուսը խաչի վրա վճռական հաղթանակ տարավ սատանայի նկատմամբ: Խաչի վրա Հիսուսը երաշխավորեց փրկության ծրագրի որոշակիությունը: Աստված բոլոր մարդկանց զորություն տվեց` Սուրբ Հոգու միջոցով սատանայի գայթակղություններին դիմակայելու համար: Երկնքի («մեր Աստծո արքայությունը») և հավերժական կյանքի խոստումն ապահովված էր: Եվ Հիսուսը հաստատվեց որպես մեր Քահանայապետ և Թագավոր:
Հետևյալ հայտարարությունը «այժմ փրկություն . . . [եկավ]» հետաքրքրում էր ոչ միայն Հովհաննեսին, այլև ողջ տիեզերքին:
Աստվածաշունչն այսպես է ասում
Դրա համար ուրախացեք, ո՛վ երկինք և նրանում բնակվողներ: Վայ երկրին ու ծովին, որովհետև ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժամանակ ունի։
(Հայտնություն 12.12)
Ամբողջ երկինքը տոնում էր Հիսուսի հաղթանակը։ Քրիստոսը ոչնչացրեց սատանայի ցանկացած պնդում, որ ժամանակին ասվել էր երկնքում: Սատանան պարտվեց և ընդմիշտ կորցրեց իր պահանջը մեր աշխարհի նկատմամբ:
3. Քրիստոնեական եկեղեցին բախվում է սատանայի հետ
Խաչի վրա Քրիստոսի մահը քրիստոնեական եկեղեցուն սատանային հաղթելու զորություն տվեց:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ: Դրա համար ուրախացեք, ո՛վ երկինք և նրանում բնակվողներ: Վայ երկրին ու ծովին, որովհետև ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժամանակ ունի։
(Հայտնություն 12.11)
Սուրբ Հոգու միջոցով Քրիստոսը կարող է Իր զորությունը տալ մեզ որպես եկեղեցու անդամներ: Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը խաչի վրա վճռականորեն հաղթեց սատանային, այժմ էլ Նա շարունակում է հաղթել սատանային Իր եկեղեցու միջոցով:
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց: Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու: Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի: Բայց երկիրը կնոջն օգնեց, երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։
(Հայտնություն 12.13-16)
Ինչպես և կանխատեսվում էր, քրիստոնեական խավար դարաշրջանում (որը սկսվել էր մոտ մ.թ. 500թ-ից և տևել ավելի քան հազար տարի), սատանան հալածանքների «ջրհեղեղ» ուղարկեց, որպեսզի ոչնչացնի եկեղեցին: Սա հոգևոր պատերազմ է։ Սատանան ցանկանում է ոչնչացնել Քրիստոսի ազդեցությունը՝ ջնջելով Նրա եկեղեցին, և նա ամեն հնարք օգտագործում է դրան հասնելու համար:
Վիշապը իհարկե ներկայացնում է սատանային: Բայց հիշեք, որ Աստծո ժողովրդի վրա հարձակվելու համար սատանան նաև մարդկանց և համակարգեր է օգտագործում։ Նա օգտագործեց Հռոմի թագավոր Հերովդեսին՝ փորձելով սպանել Քրիստոս մանուկին, երբ Նա ծնվեց: Նա աշխատում էր Քրիստոսի նախանձոտ կրոնական մրցակիցների միջոցով, որպեսզի հալածի Փրկչին և վերջապես սպանի խաչի վրա: Բայց սատանայի այսպես կոչված հաղթանակը վերածվեց Քրիստոսի մեծագույն հաղթանակի: Խաչի մոտ իր պարտությունից բարկացած՝ սատանան իր բարկությունն ուղղեց Հիսուսի հիմնած եկեղեցու դեմ:
Քրիստոսի խաչելությունից հետո տասնամյակների ընթացքում հազարավոր մարդիկ մահացան ասպարեզներում, քաղաքների հրապարակներում, զնդաններում և անապատային թաքստոցներում: Բայց առաքյալների մահից հետո աստիճանական փոփոխություն տեղի ունեցավ եկեղեցում: 2-րդ, 3-րդ և 4-րդ դարերի ընթացքում եկեղեցում շատերը սկսեցին փոփոխել, իսկ երբեմն նույնիսկ մերժել Քրիստոսի և Նրա առաքյալների սովորեցրած ճշմարտությունները: Որոշ հավատուրաց առաջնորդներ նույնիսկ սկսեցին հալածել քրիստոնյաներին, ովքեր Նոր Կտակարանի մաքուր հավատքն ունեին: Որոշ գիտնականներ հաշվարկել են, որ առնվազն 50 միլիոն հավատարիմ քրիստոնյաներ են մահացել հալածանքների այս ժամանակաշրջանում, թեև այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Եկեղեցուն լռեցնելու և այն ամբողջովին կործանելու անհաջող փորձի մեջ սատանան հալածանքների և կեղծ վարդապետության «ջրհեղեղ» ուղարկեց, որպեսզի մոլորեցնի եկեղեցին և փորձի ոչնչացնել այն: «Բայց երկիրն օգնեց կնոջը . . . և կուլ տվեց հեղեղը» հալածանքի և կեղծ վարդապետության: Ինչպե՞ս տեղի ունեցավ դա:
Միջնադարյան այս հալածանքների ժամանակ ճշմարիտ եկեղեցին հեռացավ հավատուրաց ղեկավարությունից և ապաստան գտավ «անապատում»։ Բարեբախտաբար, Աստծո եկեղեցին՝ Նրա հավատարիմ ժողովուրդը, ըստ Հայտնություն 12.6 –ի` «Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր»։ Այս կանխատեսումն իրականացավ 1260 տարվա հալածանքների ընթացքում՝ 538-ից մինչև 1798 թվականը (հիշեք, որ Աստվածաշնչի խորհրդանշական մարգարեության մեջ օրը նշանակում է մեկ տարի, տե՛ս Եզեկիել 4.6):
4. Աստծո եկեղեցին մեր օրերում
Ինչպես ակնկալվում էր, վիշապը դեռ բարկացած է Աստծո ժողովրդի վրա։ Մեծ, անտեսանելի պատերազմը շարունակվում է: Իրականում, սատանան իր ամենամեծ հարձակումը կկատարի եկեղեցու վրա, Հիսուսի գալուց անմիջապես առաջ: Նկատի ունեցեք դրամայի վերջին գործողությունը մարգարեության վերջում.
Աստվածաշունչն այսպես է ասում
Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։
(Հայտնություն 12.17)
Այս մարգարեությունը կենտրոնանում է մեր օրերի վրա։ Սատանան կատաղած է: Նա պատերազմ է մղում «նրա մնացած սերնդի» կամ «նրա սերնդի մնացորդի» դեմ։ Սա վերաբերում է երկրագնդի պատմության վերջին օրերին՝ մեր օրերում ապրող քրիստոնյաներին։ «Մնացորդ» բառը նշանակում է ինչ-որ բանի մնացածը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է վերջին օրերում Աստծուն հավատարիմ մնացած քրիստոնյաներին։ Ուշադրություն դարձրեք, որ վերջին քրիստոնեական եկեղեցին ունի բացառիկ նշաններ, նրանք «պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուս Քրիստոսի վկայությունը»:
- ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՅՍ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐՆ «ՈՒՆԵՆ ՀԻՍՈՒՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»: Հավատարմորեն կառչած լինելով Աստծո Խոսքի մաքուր վարդապետություններին` նրանք վկայում են Հիսուսին իրենց գործուն քրիստոնեական կյանքի միջոցով: Նրանք հայտնաբերել են, որ Աստվածաշնչի մեծ ճշմարտությունները սեր ու նվիրվածություն են արթնացնում Քրիստոսի հանդեպ: Նրանք հոգատար ժողովուրդ են և ցանկանում են ուրիշների հետ կիսվել Քրիստոսով ապրելու բերկրանքով:
- ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ։ «Հիսուս Քրիստոսի վկայությունը» ստանալը Հովհաննեսին հնարավորություն տվեց գրել Հայտնության գիրքը (Հայտնություն 1.1-3): Հավատացյալների վերջին խումբը՝ Աստծո մնացորդ ժողովուրդը, նմանատիպ պարգև է ստանում` ուղիղ վկայություններ երկրային լրաբերի միջոցով: Հովհաննեսը «Հիսուսի վկայությունը» սահմանում է որպես «մարգարեության Հոգի» (Հայտնություն 19.10): Մարգարեության պարգևը նրանց աչքերը կենտրոնացնում է Աստծո կողմից իրենց առաքելության և վերջնական ճակատագրի հայտնության վրա:
- ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՅՍ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ «ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ» ՊԱՀՈՂՆԵՐ: Նրանք ոչ միայն պաշտպանում են Տասը պատվիրանների ամբողջականությունը, այլև հնազանդվում են դրանց: «Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով» (Հռոմեացիներին 5.5): Օրենքի լրումը սերն է (Հռոմեացիներին 13.8-10): Առաքյալների օրերի եկեղեցին հավատարմություն դրսևորեց Աստծո պատվիրանների հանդեպ, և այս վերջին օրերի քրիստոնյաները նույն դիրքորոշումն ունեն՝ հետևելով Քրիստոսի և վաղ եկեղեցու օրինակին՝ հնազանդվելով Աստծո պատվիրաններին: Սա մեծապես գրգռում է մեր թշնամուն՝ վիշապին։ Սատանան պատերազմ է մղում կնոջ «մնացորդի» հետ, քանի որ նրանք վկայում են մի մեծ ճշմարտության մասին:
Աստծո հանդեպ անկեղծ սերը հնազանդ աշակերտներ է հայտնաբերում: Ինչպես Հիսուսն էլ մեզ պատվիրեց.
Աստվածաշունչն այսպես է ասում
Եթե Ինձ սիրում եք, պահեք Իմ պատվիրանները։
(Հովհաննես 14.15)
Վերջին օրերի քրիստոնյաների կյանքը ցույց է տալիս, որ Քրիստոսի միջոցով հնարավոր է ամբողջ սրտով սիրել Աստծուն, նաև մեր մերձավորներին, ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Սերն Աստծո և ուրիշների հանդեպ, բովանդակվում է Աստծո տասը պատվիրանների մեջ (Մատթեոս 22.35-40):
Այս պատվիրաններից չորրորդը պահանջում է սրբել յոթերորդ օրը՝ շաբաթ օրը: Քանի որ Հիսուսի հանդեպ սերը բացահայտվում է Տասը պատվիրաններին հետևելու մեջ, վերջին օրերի քրիստոնյաները շաբաթապահներ են: Սատանան տարբեր ձևերով փորձել է քարե տախտակներից ոչնչացնել Տասը պատվիրաններից չորրորդը, բայց չի կարողացել այն հեռացնել հավատարիմ հավատացյալների սրտից: Աստված իրոք ունի վերջին օրերի շարժում, որը տղամարդկանց ու կանանց հորդորում է հնազանդվել Իր պատվիրաններին: Շաբաթը խորհրդանիշ է, որ Աստված և՛ Արարիչն է, և՛ Տերը այս աշխարհի և յուրաքանչյուրիս կյանքի: Հայտնություն 12-14 գլուխներում շաբաթն է Աստծո վերջին կոչի կենտրոնում: Վերջին օրերի քրիստոնյաները կարող են թույլ ու աննշան թվալ աշխարհում, բայց նրանց աղոթքները երկնային հրեշտակների բանակ են կանչում իրենց կողմը: Կենդանի Փրկիչը նրանց մշտական ուղեկիցն է, և Սուրբ Հոգին աշխատում է զորացնել նրանց (Եփեսացիներին 3.16): Խոստումը հաստատ է: Նրանք սատանային կհաղթեն «Գառան արյունով և նրանց վկայության խոսքով» (Հայտնություն 12.11):
Եկեք վերանայենք ճշմարիտ եկեղեցու՝ Աստծո մնացորդ ժողովրդի աստվածաշնչյան պատկերը:
- Նրանք պահում են Աստծո պատվիրանները, ներառյալ Աստվածաշնչի Շաբաթը՝ յոթերորդ օրը:
- Նրանք մարգարեության ժողովուրդ են, սովորեցնում են Աստվածաշնչի մարգարեությունները: Մարգարեական պարգևը Աստծո առաջնորդության նշանն է Աստծո վերջին օրվա շարժման մեջ:
- Նրանք ունեն Հիսուսի հավատքը և չեն մոլորվում մարդկային ավանդույթներից: Նրանք ընդունում են ողջ Աստվածաշունչը՝ և՛ Հին, և՛ Նոր Կտակարանները:
- Նրանք հավատարիմ են մնում Աստծո Խոսքին, անկախ նրանից, թե ուրիշներն ինչ կարող են մտածել:
- Նրանց հատուկ նախազգուշական ուղերձը կոչ է անում մարդկանց դուրս գալ կրոնական մոլորություններից և ընդունել Աստվածաշունչը որպես հավատքի ու փորձառության կանոն:
- Նրանք տալիս են դատաստանի ժամի պատգամը, որը, ըստ Աստվածաշնչի մարգարեության, սկսվել է 1844 թվականին:
- Նա ավետարանող եկեղեցի է, որը յուրաքանչյուր ազգի քարոզում է Հիսուսի փրկարար շնորհի և Նրա վերադարձի բարի լուրը` Աստծո ժողովրդին Նրա հավիտենական արքայության մեջ հավաքելու համար:
Ցանկանո՞ւմ եք լինել վերջին օրերի քրիստոնյաներից մեկը, ովքեր «պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը»: Ինչո՞ւ հենց հիմա չընդունել այդ որոշումը:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Սիրելի՛ Հայր, որքա՜ն շնորհակալ եմ Սուրբ Գրքի այն պարզ լուրի համար, թե ինչպես կարող ենք լինել Աստծո վերջին օրերի ժողովրդի մի մասը: Ես իմ կյանքը հանձնում եմ Հիսուսին։ Ցանկանում եմ պահել Նրա պատվիրանները և հավատարմորեն հետևել Նրան: Հիսուսի անունով, ամեն: