• image
  • հոկտ. 4, 2023, 9:06 պ.մ.

Մարդկանց հետ կիսվելու բերկրանքը

Աստվածաշունչն այսպես է ասում․ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեր վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում... մինչև աշխարհի ծայրերը։ (Գործք Առաքելոց 1.8)

1. Մենք ավետարանում ենք Քրիստոսին՝ վկայելով
 
Երբ Հիսուսը պատրաստվում էր վերադառնալ երկինք, Նա պատվիրեց Իր աշակերտներին, որ լինեն Իր ներկայացուցիչները և աճեն՝ ավետարանելով:


Երբ Քրիստոսի հետևորդներն իրենց սրտերն անվերապահորեն նվիրեցին Նրան, Պենտեկոստեի օրը հարություն առած Քրիստոսը Սուրբ Հոգու զորությամբ փոխեց նրանց կյանքը: Որպես քրիստոնյաներ` մենք նույնպես Հիսուսի հարության վկաներն ենք, քանի որ մենք զգացել ենք Նրա վերականգնող զորությունը հենց մեր կյանքում:
 
Մենք կենդանացել ենք Քրիստոսով, որպեսզի կարողանանք ցույց տալ Նրա շնորհի հարստությունը: Հիսուսն Իր հետևորդներին խնդրում է, որ ողջ աշխարհին հասցնեն բարի լուրն այն մասին, թե Նա ինչ կարող է անել մարդկանց կյանքում, և այդ ընթացքում խոստանում է մեզ հետ լինել:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին` նրանց մկրտելով... սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։

            (Մատթեոս 28.19, 20)
         
Մենք բոլորս էլ մեր դերն ունենք այս հուզիչ աշխատանքում: Աստված մեզ հատուկ դեր է տվել, քանի որ կիսվելը մեր աճի կենսական մասն է: Որպեսզի հավատքը առողջ մնա, այն պետք է արտահայտվի։ Աստծո մասին խոսելն օգնում է, որ Նա իրական դառնա նաև մեզ համար: Մեր հավատքն արտահայտելու փաստն օգնում է ավելի լիարժեք զգալու այն: Վկա լինելն օգնում է, որ աճենք։
 
2.Մենք ավետարանում ենք Քրիստոսին՝ մեր ապրելակերպով
 
Մեր շուրջն ապրում են հուսահատ մարդիկ, որ կարիք ունեն ինչ– որ մեկի միջոցով առողջ պատկերացում ստանալու Աստծո մասին: Նրանք կարիք ունեն մեկի, ով կդրսևորի աստվածային հատկություններ։ Մեր ամենահզոր քարոզը հաճախ մեր ապրելակերպն է: Նախքան մարդուն կհետաքրքրի, թե դու ինչքան գիտես, նրան հետաքրքրում է, թե դու որքան ես հոգատար: Պետրոսը հորդորում է.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը. . . Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով ընթանանք։

            (Ա Պետրոս 2.12, 21)
         
3. Մենք ավետարանում ենք Քրիստոսին՝ մեր մտածելակերպով
 
Երբ սատանան դարանակալեց անապատում՝ ախորժակի, հպարտության ու կասկածամտության իր կոչերով, Հիսուսը հաջողությամբ պայքարեց՝ մեջբերելով Սուրբ Գրքից (Մատթեոս 4.4, 7, 10): Քրիստոսը նախօրոք էր պատրաստվել, քանի որ միտքը լցրել էր աստվածաշնչյան ճշմարտություններով: Ահա թե որտեղ է թաքնված ճակատամարտի հաղթանակը կամ պարտությունը, այն մեր մտքում է: Աճող քրիստոնյաները մտածում են հոգևոր չափանիշներով: Նրանք կենտրոնանում են լավ հատկանիշների վրա, որոնք փորձում են զարգացնել, այլ ոչ թե վատ բաների վրա, որոնցից փորձում են խուսափել:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Միշտ Տիրոջով ուրախ եղեք... ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն: Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի: Այնուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, այն մտածեք... և խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի։

            (Փիլիպպեցիներին 4.4, 6-9)


4. Մենք ավետարանում ենք Քրիստոսին՝ մեր արտաքին տեսքով
 
Որպես Քրիստոսի ներկայացուցիչներ՝ քրիստոնյան համեստ է նույնիսկ իր արտաքինի մեջ՝ խուսափելով ամեն տեսակ ծայրահեղությունից: Աստված քրիստոնյայի մասին ասում է.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թե պճնվեն մազի հյուսվածքով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։

            (Ա Տիմոթեոսին 2.9, 10)
         
Հագուստի ու զարդարանքի մեջ հասարակ լինելը միշտ էլ տարբերել է իսկական քրիստոնյային: Հասարակ, հավասարակշռված ու բարձր ճաշակը մեծ նշանակություն ունի: Մարդկանց գրավում է ոչ թե այն, թե ինչ եք խոսում նորաձևության մասին, այլ թե ձեր կյանքն ինչ է խոսում Հիսուսի մասին:Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ Քո շնորհի և քո սիրո համար, որոնք ինձ հնարավորություն են տալիս աճելու: Օգնիր ինձ, որ իմ կյանքով ու գործողությամբ ավետարանեմ մարդկանց: Թող միշտ թույլ տամ, որ Հիսուսն Իր կատարյալ կյանքով ապրի իմ մեջ: Հիսուսի անունով, ամե՛ն: