• image
  • հոկտ. 4, 2023, 9:19 պ.մ.

Մուտք դեպի քրիստոնեական կյանք

Աստվածաշունչն այսպես է ասում․ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել։ (Հովհաննես 3.3)

1. Ո՞րն է մկրտության իմաստը
 
Աստվածաշունչը հստակ բացատրում է մկրտության կարևորությունն ու նշանակությունը։ Նիկոդեմոսի հետ զրույցում Հիսուսն ասաց.
 Նիկոդեմոսը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ Քրիստոսը։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մարդը «վերածնվել»։ Ուստի Հիսուսը բացատրեց.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։

            (Հովհաննես 3.5)
         
«Հոգուց ծնվել»` նշանակում է նոր կյանք մտնել, փոխվել մտքով և սրտով: Քանի որ Աստծո արքայություն մտնելը ենթադրում է գոյության միանգամայն նոր տեսակ, այլ ոչ թե պարզապես կարկատած հին կյանք, այն կոչվում է նոր ծնունդ: Ջրով մկրտությունը ներքին փոփոխության արտաքին խորհրդանշական պատկերն է:
 
2. Ինչո՞ւ պետք է մկրտվել
 
Մեր փրկությունը կապվում է երեք հզոր իրողության հետ` Քրիստոսի մահը, թաղումը, հարությունը:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, Նրա մահով մկրտվեցին: Մկրտությամբ Նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի, ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։

            (Հռոմեացիներին 6.3, 4)
         
Մկրտվելու գործողությունը ցույց է տալիս, որ մենք իրականում ինչ-որ ձևով կարող ենք մասնակից լինել Հիսուսի մահվանը, թաղմանը և հարությանը: Մկրտությունը նշանակում է, որ մենք մահացել ենք Քրիստոսի հետ, մեղավոր, հին կյանքը թաղել ենք Քրիստոսի հետ և հարություն ենք առնում` Քրիստոսի հետ «նոր կյանքով» ապրելու համար: Մենք կարող ենք օգուտ քաղել այդ փրկարար գործողություններից ճիշտ այնպես, ինչպես եթե ինքներս այնտեղ լինեինք` Գողգոթա լեռան վրա և Գեթսեմանի այգում:
 
Մկրտության ֆիզիկական գործողությունը ներկայացնում է դարձի գալու քայլերը: Նախ, մենք մտնում ենք ջրի մեջ, հետո ամբողջությամբ ընկղմվում ճիշտ այնպես, ինչպես մահացած մարդկանց են իջեցնում գերեզման և ծածկում: Սա ցույց է տալիս, որ մենք մահացել ենք Քրիստոսի հետ և թաղել մեր հին ապրելակերպը: Մկրտությունը որոշակի առումով նման է թաղման՝ պաշտոնական հրաժեշտ մի գոյության, որտեղ գերիշխում էր մեղքը: Այնուհետև մկրտողը մեզ դուրս է հանում ջրից ճիշտ այնպես, ինչպես գերեզմանից հարություն առնող մարդը: Սա ցույց է տալիս, որ մենք նոր ստեղծագործություն ենք՝ ամբողջությամբ նվիրաբերված այն նոր կյանքին, որն Աստված ակնկալում է մեզ համար:
 
Միայն ընկղմվելը կարող է ճշգրիտ կերպով ցույց տալ մկրտության իրական իմաստը՝ մահը, թաղումն ու վերածնունդը։ Իսկ ջուր ցողելով «մկրտությունը» պատշաճ կերպով չի խորհրդանշում նոր ծնունդը։ Երբ մենք լիովին հանձնվում ենք Քրիստոսին, մեր մեղավոր ցանկություններն այլևս իշխանություն չունեն մեզ վրա։
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Ես ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ: Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծո Որդու հավատով, որ ինձ սիրեց ու Ինքն Իրեն ինձ համար զոհեց։

            (Գաղատացիներին 2.20)
         
Մկրտությունը առաջին պաշտոնական քայլն է: Դրա միջոցով մենք արտահայտում ենք մեր ցանկությունը՝ միանալ Հիսուսին և ապրել նոր ու ավելի լավ կյանքով «Քրիստոսում»: Հիսուսը գործում է մեր մեջ և մեր միջոցով` տալով այն, ինչը մենք երբեք չենք կարող անել մեզ համար: Մենք ջրից դուրս ենք գալիս որպես «նոր ստեղծագործություն», և Նա մեզ զորություն է տալիս ապրելու նոր, ավելի գեղեցիկ կյանքով:

3. Ինչո՞ւ մկրտվեց Հիսուսը
 
Հիշեք, որ մկրտությունը ոչ միայն խորհրդանշում է հին մեղքերի համար մահանալը, այլև պատկերում է մեր մեղքերի լվացումը Հիսուսի արյունով: Այստեղ հարց է առաջանում: Հիսուսը երբեք ոչ մի մեղք չի գործել (Բ Կորնթացիներին 5.21): Այդ դեպքում ինչո՞ւ Նա որոշեց մկրտվել:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու... Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թույլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»... Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս եկավ ջրից:

            (Մատթեոս 3.13-17)
         
Հիսուսն անմեղ էր: Նա կարիք չուներ զղջալու որևէ սխալ արարքի համար և չուներ որևէ մեղք, որ մաքրվի: Քրիստոսը մկրտվեց մեկ ուրիշ պատճառով՝ «ամբողջ արդարությունը կատարելու համար»։ Թույլ տալով, որ Հովհաննեսն Իրեն ընկղմի Հորդանան գետի ջրերում՝ Հիսուսը մեզ համար դրական օրինակ թողեց: Նա իրեն լիովին նույնացնում էր թույլ, մեղավոր մարդկանց հետ: Նա պատրաստ էր կատարել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին: Քրիստոս Փրկիչը երբեք Իր հետևորդներին չի խնդրում գնալ այնտեղ, որտեղ Նա չի եղել: Նա միշտ առաջնորդում է, երբեք չի բռնանում կամ չի պարտադրում, ուստի, երբ հավատացյալներն ընկղմվում են մկրտության ջրում, նրանք հետևում են Վարդապետի քայլին:
 
4. Ինչո՞ւ է անհրաժեշտ ընկղմվելը
 
Բոլոր ապացույցները փաստում են, որ Քրիստոսն Իր մկրտության ժամանակ ընկղմվել է ջրի մեջ: Նրա վրա ջուր չեն ցողել և ոչ էլ պարզապես ջուր են լցրել մարմնին: Պատճառներից մեկը, որ Հովհաննեսը Հիսուսին մկրտեց Հորդանան գետում, հետևյալն է. «որովհետև այնտեղ շատ ջուր կար» (Հովհաննես 3.23): Երբ Հիսուսը եկավ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու, նա մտավ ջուրը, և «երբ նա մկրտվեց (ընկղմվեց), իսկույն դուրս եկավ ջրից» (Մատթեոս 3.16): Երբ մենք հասկանում ենք մկրտության իրական իմաստը, դժվար չէ ճանաչել մկրտության իսկական ձևը: «Մկրտել» բառը ծագում է հունարեն «ԲԱՊՏԻՁՈ» բառից և նշանակում է «ընկղմել (տակը դնել)»։
 
Նորադարձներին ընկղմելու համար մկրտարաններ են հայտնվում շատ եկեղեցիներում, որոնք կառուցվել են 4–14-րդ դարերի ընթացքում Եվրոպայում և Ասիայում: Բարեփոխիչ Ջոն Կալվինը գրում է.
 
Ջոն Կալվին
Ակնհայտ է, որ մկրտել բառը նշանակում է ընկղմել, և որ սա այն ձևն էր, որն օգտագործվում էր հին եկեղեցու կողմից։
 
Դին Սթենլին՝ Անգլիայի եկեղեցու ամենախելացի գիտնական գրողներից մեկը, «Քրիստոնեական ինստիտուտներ» (էջ 17) գրքում հայտարարեց.
 
Դին Սթենլի
Առաջին 13 դարերի ընթացքում մկրտության համար հիմնականում կիրառվում էր այն ձևը, որը մենք կարդում ենք Նոր Կտակարանում և «մկրտել» բառի ուղիղ նշանակությունն է ընկղմվել ջրի տակ։
 
Ամբողջ Եվրոպայում մկրտարանները, ներառյալ Պիզայի տաճարը (Իտալիա) և Լատերանի մկրտարանը Հռոմում, վկայում են այս հայտարարությունների ճշմարտացիության մասին: Ֆրանսիայի Ֆրեժուսի տաճարն ունի լավ պահպանված մկրտարան, որը կառուցվել և օգտագործվել է 5-րդ դարում։ Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքի 2-րդ դարի եկեղեցու ավերակներում կա նաև մկրտարան՝ ցանկացողներին ընկղմելու համար: Միայն 14-րդ դարի սկզբին, Ռավեննայի խորհուրդում, կաթոլիկ եկեղեցին ընդունեց ջրի ցողումը որպես ընկղմելուն հավասարազոր մկրտության ձև:
 
Եկեղեցական փորձառության հարցերում մենք պետք է անշեղորեն հետևենք Քրիստոսի և առաքյալների օրինակին (Կողոսացիներին 2.8), այլ ոչ թե մարդկային կարծքիներին կամ որոշումներին: Իսկ ի՞նչ կասեք նորածինների մկրտության մասին: Շատ անկեղծ քրիստոնյաներ պահպանում են մանուկների մկրտության ավանդույթը: Այն դարձել է միջոց, որով նրանք իրենց երեխաներին նվիրում են Քրիստոսին: Երեխաներին Աստծուն նվիրելը իրենց կյանքի հենց սկզբում, անշուշտ, գովելի է, բայց կան աստվածաշնչյան ընդունելի ուղիներ, որոնցով մենք կարող ենք մեր երեխաներին նվիրել Քրիստոսին:
 
Այնուամենայնիվ, մկրտությունը Նոր Կտակարանում շատ որոշակի գործառույթ ունի: Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ մինչև մարդուն մկրտելը նրան պետք է սովորեցնել փրկության ճանապարհը (Մատթեոս 24.14։ 28.19)։ Նախքան մկրտվելը նա պետք է հավատա Հիսուսին (Գործք Առաքելոց 8.36, 37), ապաշխարի մեղքից ու ներում ստանա (Գործք Առաքելոց 2.38): Երեխան ունակ չէ հավատալու, ապաշխարելու և խոստովանելու, իսկ այս բոլորը պետք է նախորդեն մկրտությանը:
5. Պատճառ ուրախության համար
 
Փիլիպոսը, ով վաղ քրիստոնեական եկեղեցու քարոզիչ էր, մի անգամ՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով, գնաց խոսելու մի եթովպացի ներքինու հետ: Փիլիպպոսը հայտնաբերեց ներքինուն` կառքի վրա նստած, ով Եսայի մարգարեի գրքում մարգարեություն էր կարդում Քրիստոսի՝ Մեսիայի մասին: Երբ ներքինին Փիլիպպոսին հարցրեց, թե ում մասին է խոսում մարգարեն, Փիլիպպոսը «ավետարանեց Հիսուսի մասին» (Գործք 8.35): Փիլիպպոսն ու ներքինին «իջան ջուրը, և նա մկրտեց ներքինուն»։ Այնուհետև ներքինին «ուրախությամբ գնաց իր ճանապարհով» (Գործք 8.36-39):
 
Ո՞րն էր ներքինու ուրախության պատճառը: Դա Քրիստոսին նվիրաբերվելու հուզմունքն էր: Փիլիպպոսը նրան «թաղեց» ջրի տակ՝ որպես հին մեղավոր կյանքը թաղելու խորհրդանիշ։ Փիլիպպոսը ներքինուն «հանեց ջրից»՝ ի նշան այն բանի, որ նա վերածնվել է Քրիստոսի հետ: Մկրտվելու երևույթը բերկրանք է ծնում, քանի որ մեր կյանքը տալիս ենք Փրկչին, քանի որ «ով հավատում է և մկրտվում, կփրկվի» (Մարկոս 16.16): Երբ մենք մկրտվում ենք, մենք վերընթաց ուղու վրա ենք, որը մեզ տանում է դեպի հավերժական ուրախություն Աստծո հետ: Մկրտությունը նաև տոնում է ներկա երջանկությունը Քրիստոսի հետ: Հիսուսը Սուրբ Հոգու անգին պարգևը խոստանում է նրանց, ովքեր մկրտվում են (Գործք Առաքելոց 2.38), որը ներառում է Հոգու պտուղը (Գաղատացիներին 5.22, 23): Երբ մենք Սուրբ Հոգու միջոցով Հիսուսին թույլ ենք տալիս ապրելու մեր մեջ, Նա վստահության ու անվտանգության զգացում է տալիս մեզ:
 
 
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ երկնային Հայր, շնորհակալ եմ, որ Հիսուսը՝ հավիտենական կյանք տվողը, մահացավ իմ մեղքերի համար, թաղվեց ու հարություն առավ: Սպանելով իմ ես–ը` իմ կյանքը Քեզ եմ նվիրում: Իմ կյանքը լցրու խաղաղությամբ ու ուրախությամբ, որոնք Քեզ հետևելու արդյունքն են: Հիսուսի անունով, ամե՛ն: