Պատասխանված աղոթքի գաղտնիքը
1. Զրույց Աստծո հետ․ Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ Աստված լսում է մեզ, երբ մենք աղոթում ենք։ «Դուք կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ» (Երեմիա 29.12, 13): Ի՞նչ երաշխիք տվեց Հիսուսը, որ կլսի ու կպատասխանի մեր աղոթքներին: «Եվ Ես ասում եմ ձեզ. խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, դուռը բախեք, ու ձեր առաջ կբացվի» (Ղուկաս 11.9): Աղոթքը երկկողմանի զրույց է: Հիսուսը խոստանում է.
Աստվածաշունչն այսպես է ասում
Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ։
(Հայտնություն 3.20)
Աղոթելու ժամանակ դուք կարող եք Հիսուսի հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիք ձեր ընկերոջ հետ`միասին ճաշելիս: Ասեք Հիսուսին այն ամենը, ինչ ձեր սրտում է: Մի՛ փորձեք գեղեցիկ, պաշտոնական ելույթներ ունենալ: Ուշադիր լսե՛ք, և թող Աստված խոսի ձեզ հետ Աստվածաշնչի միջոցով։ Ձեր կյանքի համար հետևեք Նրա կամքին, որը բացահայտված է Սուրբ Գրքում: Աղոթքը կարող է ապրելակերպ դառնալ քրիստոնյայի համար։ Աստվածաշունչն ասում է.
Աստվածաշունչն այսպես է ասում
Միշտ ուրա՛խ եղեք: Անդադար աղոթե՛ք: Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։
(Ա Թեսաղոնիկեցիներին 5.16-18)
Ինչպե՞ս կարող ենք «անդադար աղոթել»։ Արդյո՞ք մենք պետք է անընդհատ ծնկի իջնենք, թե՞ անընդհատ կրկնենք երկրպագության ու խնդրանքի արտահայտությունները: Իհարկե, ո՛չ: Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ մենք այնքան սերտ կապ ունենանք Հիսուսի հետ, որ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում ազատ զրուցենք Նրա հետ: Մենք կարող ենք աղոթել աղմկոտ բազմության մեջ, մեր ննջասենյակի լռության մեջ, դպրոց կամ աշխատանքի գնալիս: Ուր էլ լինենք կամ ինչ էլ անենք, միշտ կարող ենք աղոթքով գալ Աստծո մոտ: «Անդադար աղոթել»` նշանակում է սիրտը միշտ բաց պահել Աստծո հետ հաղորդակցվելու համար:
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4.8): Որքան մոտենում եք Հիսուսին, այնքան ավելի շատ եք զգում Նրա ներկայությունը: Երբ աղոթում եք, մի՛ անհանգստացեք ճիշտ խոսքեր ասելու համար: Պարզապես խոսեք անկեղծ ու բաց: Խոսեք ձեր կյանքին վերաբերող ամեն ինչի մասին, ինչպես կպատմեք ձեր լավագույն ընկերոջը: Հիսուսը թողեց երկինքը և տվեց Իր կյանքը, որ դառնա քո անձնական Ընկերը:
2. Ինչպես աղոթել
Հանրային կամ մասնավոր աղոթքների դեպքում, գուցե, ցանկանանք հետևել այն աղոթքի օրինակին, որ տվեց Հիսուսը Լեռան քարոզում։ Նա Իր աշակերտներին սովորեցրեց Տերունական աղոթքը՝ ի պատասխան նրանց խնդրանքի, «Սովորեցրո՛ւ մեզ աղոթել» (Ղուկաս 11.1):
Աստվածաշունչն այսպես է ասում
Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը. Քո արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը: Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին: Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից։
(Մատթեոս 6.9-13)
Սա չի նշանակում, որ մենք միշտ պետք է օգտագործենք այս բառերը, երբ աղոթում ենք: Տերունական աղոթքը օրինակ է, որը ներառում է աղոթքի բոլոր հիմնական տարրերը:
Մենք գալիս ենք Աստծո մոտ` որպես մեր երկնային Հայր՝ խնդրելով, որ Նա Իր կամքի համաձայն ուղղի մեր սրտերը, ինչպես որ Նրա կամքը տիրում է ողջ երկնքում:
Մենք խնդրում ենք Նրան ապահովել մեր ֆիզիկական կարիքները:
Մենք աղոթում ենք ներման և ներողամիտ վերաբերմունք ունենալու համար:
Մենք հիշում ենք, որ Աստված մեզ հնարավորություն է տալիս դիմակայելու մեղքին:
Մենք գովաբանում ենք Նրան` Նրա սիրո, փառքի ու զորության համար:
Մեկ այլ առիթով Հիսուսն Իր աշակերտներին պատվիրեց աղոթել Հորը «Իր անունով» (Հովհաննես 16.23), այսինքն՝ աղոթել Հիսուսի սկզբունքներին ներդաշնակ։ Ահա թե ինչու քրիստոնյաները, սովորաբար, ավարտում են իրենց աղոթքը հետևյալ բառերով` «Հիսուսի անունով, ամե՛ն» ։ «Ամեն»-ը եբրայերեն բառ է, որ նշանակում է «թո՛ղ այդպես լինի»։
Աստված հորդորում է աղոթել կարևոր հարցերի վերաբերյալ՝ մեղքերի ներման (Ա Հովհաննես 1.9), հավատքի աճի (Մարկոս 9.24), կյանքի կարիքների (Մատթեոս 6.11) և տառապանքներից ու հիվանդություններից ազատման համար (Հակոբոս 5.15): Աստված վստահեցնում է, որ մենք կարող ենք աղոթքով Իր մոտ բերել մեր բոլոր կարիքներն ու հոգսերը: Ոչինչ այնքան փոքր չէ` աղոթքի կարիք լինելու համար:
3. Պատասխանված աղոթքի յոթ գաղտնիք
Երբ Մովսեսն աղոթեց, Կարմիր ծովը բաժանվեց։ Երբ Եղիան աղոթեց, երկնքից կրակ իջավ։ Երբ Դանիելն աղոթեց, հրեշտակը փակեց գիշատիչ առյուծների բերանը: Աստվածաշնչում կարդում ենք պատասխանված աղոթքի բազմաթիվ հուզիչ պատմություններ։ Գիրքը խորհուրդ է տալիս աղոթել` Աստծո հզոր զորությունը ստանալու համար: Նկատի առեք Քրիստոսի մեծ խոստումը. «Եթե Իմ անունով որևէ բան խնդրեք, Ես այն կկատարեմ» (Հովհաննես 14.14):
Այնուամենայնիվ, որոշ աղոթքներ կարծես անպատասխան են մնում: Ինչո՞ւ։ Կա՞ն պայմաններ` կապված աղոթքի հետ: Ահա յոթ սկզբունքներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ աղոթելու:
Ա.ՄՈ՛Տ ԵՂԵՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Աստվածաշունչն այսպես է ասում
Եթե Ինձ հետ միավորված մնաք, Իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։
(Հովհաննես 15.7)
Երբ մենք Աստծո հետ հարաբերությունները դարձնում ենք առաջնահերթություն և կապ ենք պահպանում Նրա հետ, ապա կլսենք ու կփնտրենք պատասխաններ, որոնք հակառակ դեպքում կարող էին չբացահայտվել:
Բ. ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՎՍՏԱՀԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Աստվածաշունչն այսպես է ասում
Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք։
(Մատթեոս 21.22)
Հավատալ` նշանակում է իսկապես վստահել մեր երկնային Հորը, որ Նա կհոգա մեր կարիքները։ Եթե ձեզ անհանգստացնում է հավատի պակասը, հիշեք, որ մեր Փրկիչը հրաշք գործեց այն մարդու համար, որն աղերսում էր ավելի մեծ հավատքի համար. «Տեր, ես հավատում եմ. օգնիր իմ անհավատությանը» (Մարկոս 9.24)։
Գ. ԽԱՂԱՂ ԵՆԹԱՐԿՎԵՔ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻՆ
Աստվածաշունչն այսպես է ասում
Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։
(Ա Հովհաննես 5.14)
Հիշեք, որ Աստված ցանկանում է սովորեցնել մեզ, նաև աղոթքի միջոցով ինչ–որ բաներ հայտնել: Հետևաբար, երբեմն Նա ասում է` ո՛չ: Երբեմն ասում է` այո՛: Երբեմն էլ ասում է` ո՛չ հիմա, և մեզ այլ ուղղությամբ է տանում: Աղոթքն այն միջոցն է, որի շնորհիվ ավելի ու ավելի լավ ենք հասկանանում Աստծո կամքը, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է զգայուն լինել Նրա պատասխանների հանդեպ և դասեր քաղել:
Դ. ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԵՔ ԱՍՏԾՈՒՆ
Աստվածաշունչն այսպես է ասում
Սպասելով սպասեցի Տիրոջը, և Նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։
(Սաղմոսներ 40.1)
Այստեղ գլխավորը Աստծո և Նրա որոշումների վրա կենտրոնանալն է: Մի՛ փորձեք մի կողմից օգնություն խնդրել Աստծուց, մյուս կողմից ձեր խնդիրները խեղդել զվարճանքներ փնտրելով: Համբերությամբ սպասեք Աստծուն:
Ե. ՄԻ ԿԱՌՉԵՔ ՄԵՂՔԻՑ
Աստվածաշունչն այսպես է ասում
Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։
(Սաղմոսներ 66.18)
Հայտնի մեղքը մեր կյանքում խոչնդոտ է Աստծո ուժի համար: Այն մեզ բաժանում է Նրանից (Եսայիա 59.1, 2): Սա չի նշանակում, որ դուք պետք է կատարյալ լինեք, որ Աստված պատասխանի ձեր աղոթքներին, բայց դա նշանակում է, որ եթե ցանկանում եք մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծո հետ, չեք կարող գիտակցաբար մի ձեռքով մեղանչել, իսկ մյուսով ձեռքը մեկնել` աստվածային օգնության համար: Անկեղծ խոստովանությունը, ապաշխարությունը և Աստծուց ներում խնդրելը կլուծեն ձեր մեղքի խնդիրը:
«Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք» (Հակոբոս 4.3):
Եթե դուք չեք ցանկանում թույլ տալ, որ Աստված ազատի ձեզ չար մտքերից, խոսքերից ու գործերից, ձեր աղոթքները արդյունավետ չեն լինի: Աստված չի պատրաստվում «այո» պատասխանել եսասիրական կամ անազնիվ աղոթքներին: Հետևաբար, երբ աղոթում եք, բաց եղեք Աստծո կամքի համար, ինչպես նշված է Աստվածաշնչում, և դուք կգտնեք խաղաղություն, հոգևոր ուժ և կյանքը վերափոխող փորձառություն:
Զ. ԶԳԱՑԵ՛Ք ԱՍՏԾՈ ԿԱՐԻՔԸ
Աստվածաշունչն այսպես է ասում
Երանի նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։
(Մատթեոս 5.6)
Աստված պատասխանում է նրանց, ովքեր խնդրում են Իր ներկայությունն ու զորությունը իրենց կյանքում:
Է. ՀԱՄԱՌ ԵՂԵՔ ԱՂՈԹՔՈՒՄ
Պատմելով մի շատ համառ այրու մասին, որն անընդհատ դատավորի մոտ էր գալիս իր խնդրանքով` Հիսուսը ցույց տվեց, որ անհրաժեշտ է շարունակել խնդրանքները։ Վերջապես դատավորը զայրացած ասաց.
Աստվածաշունչն այսպես է ասում
Սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Իսկ Աստված մի՞թե Իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են Նրան, նույնիսկ եթե ուշացնում է։
(Ղուկաս 18.5-7)
Մի՛ հանձնվեք։ Աղոթքով Աստծո հետ քննարկեք ձեր բոլոր կարիքները, հույսերն ու երազանքները: Խնդրեք հատուկ օրհնություններ: Շարունակեք փնտրել և լսել, մինչև ինչ-որ բան սովորեք Աստծո պատասխանից: Աղոթքը Աստծո հետ շարունակական հարաբերություններ զարգացնելու գործընթաց է:
4. Հրեշտակներն աջակցում են աղոթողների կարիքներին
Երբ աղոթում ենք, Աստված հրեշտակներ է ուղարկում մեր աղոթքներին պատասխանելու համար: «Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են` ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիներին 1.14): Սաղմոսերգուն ուրախացավ, որ Տիրոջ հրեշտակի ծառայության միջոցով նրա աղոթքները պատասխանվեցին:
Աստվածաշունչն այսպես է ասում
Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ: Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։
(Սաղմոսներ 34.4, 7)
Քառասուն օր գայթակղելուց հետո, ի պատասխան Հիսուսի աղոթքի, «սատանան թողեց նրան, և ահա հրեշտակները եկան և ծառայեցին Նրան» (Մատթեոս 4.11): Երբ մենք աղոթում ենք, Աստված հրեշտակներ է ուղարկում մեր աղոթքներին պատասխանելու: Սուրբ Գիրքը հուշում է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ունի իր ուղեկցող պահապան հրեշտակը:
Աստվածաշունչն այսպես է ասում
Զգույշ եղեք, որ այս փոքրներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են Իմ երկնավոր Հոր երեսը։
(Մատթեոս 18.10)
Աստվածաշունչը ներառում է բազմաթիվ խոստումներ ու պատմություններ հրեշտակների մասին, ովքեր ծառայում են աղոթողներին (Ելք 23.20։ Եբրայեցիներին 13.2։ Սաղմոսներ 91.11, 12։ Գործք Առաքելոց 12.5-11)։ Երկնային հրեշտակներն այսօր էլ որպես աղոթքի պատասխան քայլում են երկրի վրա ճիշտ այնպես, ինչպես անում էին աստվածաշնչյան ժամանակներում։ Երբեմն նրանք ընդունում են մարդկային կերպարանք՝ մխիթարություն, փրկություն ու պաշտպանություն բերելով ճիշտ պահին:
Իմ աղոթքը
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
Երկնայի՛ն Հայր, ես ուզում եմ աղոթքի միջոցով մշտապես կապ հաստատել Քեզ հետ: Խնդրում եմ` սովորեցրու, թե ինչպես ավելի արդյունավետ աղոթել: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն: