• image
  • հոկտ. 4, 2023, 8:34 պ.մ.

Սուրբ Հոգու պարգևը

1. Քրիստոսի ներկայացուցիչն աշխարհում. Երբ Քրիստոսը պատրաստվում էր երկինք համբարձվել, Նրա աշակերտներին անհանգստացրեց իրենց Վարդապետից բաժանվելու միտքը, ուստի Հիսուսը նրանց անգին նվեր խոստացավ՝ անձնական Խորհրդատու և Առաջնորդ:

Աստվածաշունչն այսպես է ասում

          Բայց Ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ Ես գնամ, որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը, ձեզ մոտ չի գա: Իսկ եթե գնամ, Նրան ձեզ մոտ կուղարկեմ. . . Սակայն, երբ Նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը. . . Նա Ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է Իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։

            (Հովհաննես 16.7, 13, 14)
         
Հիսուսը երկրի վրա ծառայում էր սահմանափակ մարդկային մարմնով և հնարավորություն չուներ միևնույն ժամանակ ամեն տեղ գտնվելու: Իսկ Սուրբ Հոգին չունի նման սահմանափակում: Նա կարող է միաժամանակ տարբեր վայրերում անթիվ մարդկանց համար կյանքի Խորհրդատու լինել: Քրիստոսը հոգում է մեր կարիքները Սուրբ Հոգու միջոցով:
 
2. Ո՞վ է Սուրբ Հոգին
 
Մեզանից շատերը կարող են Հայր Աստծուն համարել ամենահոգատար ծնողը, Ում երբևէ ճանաչել են։ Մենք կարող ենք նաև Հիսուսին նկարագրել, քանի որ Նա ապրել է մեր մեջ, իսկ Սուրբ Հոգուն շատ դժվար է պատկերացնել: Մենք չունենք հասարակ, մարդկային համեմատություններ: Այնուամենայնիվ, Աստվածաշունչը մեզ հստակ տեղեկություն է հայտնում Նրա մասին:
 
Հիսուսը Սուրբ Հոգուն անվանել է Անհատ, Աստվածության անդամներից մեկը, հավասար Հայր Աստծուն և Որդի Աստծուն:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։

            (Մատթեոս 28.19)
         
Աստվածաշունչն ասում է, որ Հոգին ունի անձնական բնութագիր՝ բանականություն (Հռոմեացիներին 8.27), իմաստություն (Ա Կորնթացիներին 2.10), մեր հանդեպ սիրո զգացում (Հռոմեացիներին 15.30), ցավի զգացում, երբ մենք մեղք ենք գործում (Եփեսացիներին 4.30), կարողանում է մեզ սովորեցնել (Նեեմիա 9.20)...
 
Սուրբ Հոգին Հոր և Որդու հետ միասին մասնակցել է մեր աշխարհի արարման գործընթացին: «Սկզբում Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը. . . Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծնունդ1.1, 2):

3. Սուրբ Հոգու գործունեությունը
 
Ա. ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՍԻՐՏԸ
 
Սուրբ Գիրքը բազմիցս նկարագրում է, որ Սուրբ Հոգու աշխատանքն անհատական է: Ակնհայտ է, որ Նա մոտիկից է ճանաչում մարդկանց և ազդում է նրանց վրա ամենախոր մակարդակով: Խոսելով Նիկոդեմոսի հետ՝ Հիսուսն ընդգծեց Սուրբ Հոգու դերը մարդկության սրտի փոփոխության գործում:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը»։

            (Հովհաննես 3.5)
         
Լինել «վերածնված... Հոգով» նշանակում է, որ Հոգին ամբողջովին նոր սկիզբ է տալիս մեզ: Դա ավելին է, քան մեր վարքի փոփոխությունը, Հոգին մեզ փոխում է ներսից՝ իրականացնելով խոստումը «Ես ձեզ նոր սիրտ կտամ» (Եզեկիել 36.26):
 
Բ. ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՍԽԱԼԸ ԵՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՍՐԲԱԳՈՐԾՎԵԼՈՒ
 
Ո՞վ է մեզ հնարավորություն տալիս գիտակցելու մեր մեղքերը և պատասխանատվություն կրելու դրանց համար՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ երբ Նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար։

            (Հովհաննես16.8)
         
Եթե չլիներ Հոգու հանդիմանող ուժը, մենք կարող էինք հեշտությամբ հոսանքի մեջ ընկնել և անտեսել մեր մեղավոր վարքի կործանարար հետևանքները: Հոգին մեզ դրդում է գիտակցելու, թե որն է իսկական լավ կյանքը, որն Աստված պատրաստել է Իր երեխաների համար: Երբ մեղավորը ապաշխարհում է, նրա յուրաքանչյուր քայլն ամբողջությամբ Սուրբ Հոգու ազդեցության արդյունքն է:
 
Գ. ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
 
Սուրբ Հոգին, երբեմն Իր ամենակարևոր քայլերն անշշուկ է կատարում՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի․ «Սա է ճանապարհը, գնացեք այս ճանապարհով»։

            (Եսայի 30.21)
         
Հիսուսն Իր աշակերտներին խոստացավ. «Երբ Նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը» (Հովհաննես 16.13): Հոգին ընդունակ է հաղորդելու տիեզերքի ամենախոր գաղտնիքները: Նույն Հոգին, Ով առաջնորդեց Հիսուսի աշակերտներին, առաջնորդում է մեզ «դեպի ողջ ճշմարտությունը»։ Նա բացում է մեր աչքերը դեպի այն հոգևոր արժեքները, որոնք հեշտությամբ անտեսում ենք:
 
Դ. ՕԳՆՈՒՄ Է ՄԵՐ ԱՂՈԹՔԻ ԿՅԱՆՔԻՆ
 
Երբ մենք աղոթում ենք, Սուրբ Հոգին այն վայել կերպով փոխանցում է Հայր Աստծուն՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Նուն կերպ և Հոգին է օգնում մեր տկարութանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար: Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ինչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։

            (Հռոմեացիներին 8.26, 27)
         
Երբ մենք աղոթում ենք, Սուրբ Հոգին էլ է աղոթում: Երբ մենք ամբողջ ուժով փորձում ենք բառեր գտնել, Նա պերճախոս աղաչում է: Երբ այնքան հուսահատված ենք, որ միայն մեր հառաչն ենք ուղղում դեպի Աստված, Հոգին ուժեղացնում է օգնության մեր թույլ աղաղակը և վերածում Աստծո գահի առաջ բարեխոսության հզոր աղոթքի:
 
Ե. ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԸ
 
Հոգին կարող է պտղաբեր ծառի պես ծաղկեցնել ձեր ամուլ կյանքը՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Եվ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն...Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։

            (Գաղատացիներին 5.22-24)
         
Այս պտուղները սահմանում են առողջ հոգևոր կյանքը: Խոսքը ծեսերի մասին չէ, այն իրական սիրով, խոր ուրախությամբ և մշտական խաղաղությամբ ապրելու մասին է: Հոգու պտուղը ցույց է տալիս, որ մենք պատվաստված ենք ճշմարիտ որթատունկին՝ Հիսուսին: «Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհաննես15.5): Հիսուս Քրիստոսն իրականում կարող է Իր առատ կյանքն ապրել մեր միջոցով, Սուրբ Հոգու զորությամբ:

Ե. ՄԵԶ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է՝ ՈՐՊԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ
 
Հիսուսն այս խոստումը տվեց նրանց, ովքեր ընդունել են Նրան որպես Աստված և Փրկիչ՝
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեր վրա գա, և Իմ վկաները կլինեք ...մինչև աշխարհի վերջը։

            (Գործք Առաքելոց 1.8)
         
Հնարավոր է, որ մենք չունենանք բոլոր հարցերի պատասխանները և անգիր չիմանանք աստվածաշնչյան համարները, բայց Սուրբ Հոգին մեզ կօգնի թե ինչպես խոսել մարդկանց հետ նրանց սրտերը դեպի Քրիստոսը ուղղելու համար: Պենտեկոստեից առաջ առաքյալները խնդիրներ ունեին միմյանց հետ: Բայց Սուրբ Հոգու թափվելուց հետո նրանք Քրիստոսին քարոզեցին այնպիսի ուժով, որ «Աշխարհը տակնուվրա արեցին» (Գործք Առաքելոց 17.6):

4. Սուրբ Հոգու պարգևները
 
Սուրբ Գիրքը տարբերություն է դնում Սուրբ Հոգու պտուղների, որոնք տրվում են յուրաքանչյուր քրիստոնյայի՝ քրիստոնեական կյանքում հաղթանակներ տանելու համար, և Հոգու տարբեր պարգևների միջև, որոնք տրվում են որոշակի մարդկանց՝ արդյունավետ ծառայության համար:
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ առավ և մարդկանց պարգևներ տվեց: Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար: Մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծո Որդու ճանաչողության ՝ որպես հասուն և կատարյալ մարդ` Քրիստոսին չափանիշ ունենալով։

            (Եփեսացիներին 4.8, 11-13)
         
Պողոսը հստակ հայտարարում է, որ բոլոր հավատացյալները չէ որ ստանում են միևնույն պարգևները: Տարբեր քրիստոնյաներ ստանում են տարբեր պարգևներ և ոմանց մոտ կարող են դրանք ավելի վառ արտահայտվել, քան մյուսների մոտ, քանի որ «ամեն մեկին բաժանում է ինչպես կամենում է» (Ա Կորնթացիներին 12.11), բայց Հոգին յուրաքանչյուր հավատացյալի պատրաստում է, որ նա իր հատուկ դերն ունենա Աստծո ծրագրի մեջ: Հոգու պարգևների հաջորդ ցուցակը գտնվում է Պողոսի թղթի Ա Կորնթացիներին 12-ում: Այս պարգևների ցուցակում ներառվում են իմաստությունը, գիտությունը, հավատքը, բժշկությունը, մարգարեությունը, հոգիների տարբերակումը, օտար լեզուներով խոսելն ու թարգմանելը (Ա կորնթացիներին 12.8-10):
 
Ա Կորնթացիներին 13-ում նա շարունակում է («Գլուխ սիրո մասին»), որպեսզի ընդգծի, որ լավագույն ճանապարհը սիրո ճանապարհն է: Սերը Հոգու առաջին պտուղն է (Գաղատացիներին 5.22): Մենք առաջին հերթին պետք է անհանգստանանք Հոգու պտուղները ստանալու համար, հատկապես սիրո պտուղը, իսկ հետո թույլ տանք Հոգուն տալ Իր պարգևները, ինչպես «Իրեն հարմար է» (Ա կորնթացիներին 12.11): Աստված գիտի, թե երբ և որտեղ առաջարկի պարգևներ, որոնք ամենից շատ օրհություն կբերեն Իր ժողովրդին և Իր եկեղեցուն (Եփեսացիներին 411-15):

5. Սուրբ Հոգու վաղ և վերջին անձրևը
 
Պաղեստինում, որտեղ ապրում էր Հիսուսը, տարվա երկու եղանակ կար, երբ առատ անձրև էր գալիս։ Վաղ անձրևները գալիս էին հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին (եբրայական Հեշվան ամիս)։ Երկրորդ անձրևը գալիս էր գարնանը՝ մարտի վերջին և ապրիլի առաջին կեսին (եբրայական նիսան ամիս)։ Հոկտեմբեր-նոյեմբերի անձրևները կոչվում էին վաղ անձրև, իսկ մարտ-ապրիլ ամիսներինը՝ վերջին անձրև: Աշնանային վաղ անձրևները մեղմ էին լինում, որոնք հագեցնում էին հողն ու ջրում սերմերը, ինչի հետևանքով նոր ընձյուղներ էին բողբոջում և ծլում հողի տակից: Վերջին անձրևի պատճառով բույսերը հասունանում ու պատրաստվում էին բերքահավաքի: Աստվածաշնչում ջուրը (ինչպես վաղ, այնպես էլ վերջին անձրևը) օգտագործվում է որպես Սուրբ Հոգու գալստյան խորհրդանիշ: Վաղ անձրևը ներկայացնում է մեկին, ով ստանում է Սուրբ Հոգին և աճում քրիստոնեական կյանքում: Սուրբ Հոգու վերջին անձրևը քրիստոնյայի կյանքի փոփոխության ավարտն է:
 
«Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացեք և ուրախացեք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես» (Հովել 2.23):
 
6. Սուրբ Հոգի ստանալու պայմանները
 
Պենտեկոստեի ժամանակ Սուրբ Հոգին մղեց բոլոր նրանց, ովքեր լսում էին ավետարանի կոչը, որ աղաղակեն. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրներ» (Գործք Առաքելոց 2.37)։
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարհեցե՛ք և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանանք: Որովհետև այս խոստումը ձեզ , ձեր զավակների և բոլոր այս հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։

            (Գործք Առաքելոց 2.38, 39)
         
Ապաշխարություն նշանակում է երես թեքել մեղավոր ապրելակերպից և նվիրվել Քրիստոսին, այս է պայմանը Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար: Հոգով լցվելու համար մենք նախ պետք է ապաշխարենք և մեր կյանքը նվիրենք Քրիստոսին, որը խորհրդանշվում է մեր մկրտությամբ (Հռոմեացիներին 2.4; Գործք Առաքելոց 3.19):

7. Հոգով լցված կյանք
 
Սուրբ Հոգին քրիստոնյայի կյանքը դարձնում է կատարյալ և գեղեցիկ, քանի որ Սուրբ Հոգով լցված էակը իրականացնում է Քրիստոսի իդեալը մեզ համար: «Սակայն ԵՍ եկա, որ... կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10.10): Աշխարհից հեռանալուց առաջ Հիսուսն Իր հետևորդներին պատվիրեց.
 
Աստվածաշունչն այսպես է ասում

          Չհեռանաք Երուսաղեմից, այլ Հոր խոստմանը սպասեք, ինչպես որ Ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։

            (Գործք Առաքելոց 1.4, 5)
         
Մկրտել բառը նշանակում է «ընկղմել»։ Քրիստոնյաները պետք է խոստովանեն իրենց հավատը Քրիստոսի հանդեպ՝ ամբողջությամբ ջրի մեջ ընկղմվելով: Նրանք նաև պետք է մկրտվեն Սուրբ Հոգով: Հիսուսը Նիկոդեմոսին ասաց․ «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը» (Հովհաննես 3.5):
 
Հոգով լցված կյանքը իսկական ազատության ճանապարհն է: Սուրբ Հոգով, Ով առաջնորդում է մեզ, մենք կարող ենք անել ավելին, քան կարող էինք նախկինում: Մենք բացահայտում ենք նոր ցանկություններ և կարողություններ։ Մեզ հնարավորություն է տրվում վստահորեն առաջ գնալու, այլ ոչ թե կյանքի խնդիրները պարզապես հաղթահարելու: Հոգով լցված այս փորձառությունը ամեն օր թարմացվում է աղոթքի և Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով: Սրանք այն հիմնական գործիքներն են, որոնք Հոգին օգտագործում է մեզ աճեցնելու համար։
 
Իմ աղոթքը
 
Եթե նախկինում երբեք չես աղոթել, հոգ չէ: Սկզբի համար ահա մի կարճ աղոթք, որը կարող ես վերափոխել կամ ավելացնել քո սրտից բխող բառերը։ Կարող ես աղոթել կամ բարձրաձայն կամ լուռ քո մտքում։ Փորձիր աղոթելիս Աստծո հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քո լավագույն ընկերոջ հետ՝ ասելով այն, ինչ քո սրտում է:
 
Սիրելի՛ Հայր, այսօր ես փառաբանում եմ Քեզ Սուրբ Հոգու խոստացված պարգևի համար: Ես խնդրում եմ Հիսուսին, որ ապրի իմ մեջ Սուրբ Հոգու միջոցով: Ջնջի՛ր իմ հին սովորությունները և առաջնորդի՛ր ինձ Քո իմաստությամբ ու զորությամբ: Թող իմ կյանքը լցվի Սուրբ Հոգով: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամե՛ն: