Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հավիտենական կյանքի վկաները 1 Այն, որ սկզբից էր, որին լսեցինք …
Հավիտենական կյանքի վկաները
1 Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին, 2 և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. 3 այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ 4 Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Աստված լույս է. քայլենք լույսի մեջ
5 Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ 6 Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ 7 Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ 8 Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9 Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10 Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։