Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։ 2 …
1 Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։ 2 Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։ 3 Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։ 4 Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ 5 Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն* բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6 Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7 Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ 8 Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։ 9 Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։ 10 Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ 11 «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։ 12 Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։
*53.5 Կամ խաղաղություն, լիարժեքություն։