Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գայթակղության մասին (Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48) 1 Հիսուսն …

Գայթակղության մասին

(Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48)

1 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։ 2 Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։

3 Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։

Եղբայրական անհիշաչարություն

Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, նրան հանդիմանի՛ր, ու եթե ապաշխարի, նրան ների՛ր։ 4 Եթե քո դեմ օրը յոթ անգամ մեղանչի ու յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։

Հավատի ուժը

5 Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ 6 Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։

Խոնարհաբար ծառայել

7 Բայց ձեզանից ո՞վ, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա ու երբ դաշտից տուն մտնի, նրան իսկույն կասի. "Եկ սեղա՛ն նստիր"։ 8 Այլ նրան չի՞ ասի. "Պատրաստի՛ր, ինչ որ ընթրելու եմ, գոտի կապած՝ ինձ ծառայի՛ր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կուտես ու կխմես"։ 9 Մի՞թե ծառային պետք է շնորհակալ լինի, որ իրեն հրամայված այդ գործերն անի։ 10 Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։

Տասը բորոտների մաքրվելը

11 Երբ նա Երուսաղեմ էր գնում, Սամարիայի ու Գալիլեայի միջով էր անցնում։ 12 Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին 13 և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ 14 Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ 15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ 16 Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ 18 Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ 19 Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։

Աստծու արքայության գալուստը

(Մտթ. 24.23-28, 37-41)

20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, 21 ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է»։

22 Իսկ աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կուզենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել ու չեք տեսնի։ 23 Ձեզ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է"։ Չգնաք ու չհետևեք։ 24 Որովհետև ինչպես ճայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի Մարդու Որդին իր օրը։ 25 Բայց նախ պետք է, որ նա շատ չարչարվի և այս սերնդի կողմից մերժվի։ 26 Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։ 27 Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ 28 Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։ 29 Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։ 30 Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի։ 31 Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։ 32 Հիշե՛ք Ղովտի կնոջը։ 33 Ով իր անձը փրկել ուզենա, այն կկորցնի, իսկ ով այն կորցնի, կփրկվի։ 34 Ասում եմ ձեզ. այդ գիշերը երկու հոգի մի անկողնում կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ 35 Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։ * 37 Եվ պատասխանեցին նրան ու ասացին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, արծիվներն այնտեղ էլ կհավաքվեն»։