Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վախճանի ժամանակը 1 Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայե…

Վախճանի ժամանակը

1 Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։ 2 Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք։ 3 Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից։

4 «Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։

5 Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշ մարդիկ կանգնել էին. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին։ 6 Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր, մեկն ասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։ 7 Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ կլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։

8 Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։ 9 Եվ նա ասաց. «Գնա՛, Դանիե՛լ, որովհետև այս խոսքերը գաղտնի պահված և կնքված են մինչև վախճանի ժամանակը։ 10 Շատերը պիտի մաքրվեն, սպիտականան ու զտվեն, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ չպիտի հասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան։ 11 Մշտնջենական զոհը վերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է։ 12 Երանի՜ նրան, որ կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան։ 13 Բայց դու գնա՛ մինչև վախճանը և պիտի հանգստանաս և օրերի վերջին պիտի կանգնես քո վիճակում»։