Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստված և ընտրյալ ժողովուրդը 1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սո…
Աստված և ընտրյալ ժողովուրդը
1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում, 2 որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ 3 Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, 4 որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները, 5 նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։
Աստված հավատարիմ է իր խոստմանը
6 Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են, 7 և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի» (Ծնն. 21.12բ)։ 8 Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։ 9 Որովհետև խոստումի խոսքը սա է՝ «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա» (Ծնն. 18.10)։ 10 Եվ ոչ միայն այսքանը. Ռեբեկան ևս, որ մեկ մարդուց հղիացավ՝ մեր հայր Իսահակից։ 11 Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի 12 և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց. «Ավագը պիտի փոքրին ծառայի» (Ծնն. 25.23բ), 13 ինչպես գրված է.
«Հակոբին սիրեցի,
իսկ Եսավին ատեցի» (Մղք. 1.2բ-3ա)։
14 Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։ 15 Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ» (Ելք 33.19)։ 16 Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ 17 Որովհետև Գիրքը փարավոնին ասում է. «Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի» (Ելք 9.16)։ 18 Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։
Աստծու բարկությունը և ողորմությունը
19 Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ 20 Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ 21 Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։ 22 Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։ 23 Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել, 24 նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների, 25 ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում.
«Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ,
և որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.23)։
26 Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝
"Դուք իմ ժողովուրդը չեք",
այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն (Ովս. 1.10)»։
27 Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի, 28 որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա» (Ես. 10.22-23)։ 29 Ինչպես որ Եսային կանխասաց.
«Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ,
մենք Սոդոմի պես կլինեինք
ու Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։
Իսրայելը և փրկությունը
30 Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։ 31 Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ 32 Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերով էին ուզում հասնել։ Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին, 33 ինչպես գրված է.
«Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության,
և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։