Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եգիպտոսը համեմատվում է մայրի ծառի հետ 1 Եվ տասնմեկերորդ տարվա…
Եգիպտոսը համեմատվում է մայրի ծառի հետ
1 Եվ տասնմեկերորդ տարվա երրորդ ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։ 3 Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։ 4 Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։ 5 Ուստի նրա հասակը դաշտի բոլոր ծառերից բարձր եղավ, բազմացան նրա ոստերը, ու տարածվեցին նրա ճյուղերը առատ ջրերի պատճառով։ 6 Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։ 7 Նա գեղեցիկ էր իր մեծությամբ, իր ոստերի երկարությամբ, քանի որ նրա արմատն առատ ջրերի մոտ էր։ 8 Աստծու դրախտում եղևինները նրա հետ չէին մրցի, մայրի ծառերը չէին համեմատվի նրա ճյուղերի հետ, սոսիներն էլ նրա ոստերի նման չէին. Աստծու դրախտում ոչ մի ծառ իր գեղեցկությամբ նրան չէր նմանվում։ 9 Նրան գեղեցիկ էի դարձրել իր ոստերի առատությամբ, և Աստծու դրախտում եղող Եդեմի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»։
10 Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավ* հասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ, 11 ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։ 12 Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։ 13 Նրա ընկած բնի վրա բնակվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ճյուղերի վրա էին դաշտի բոլոր գազանները։ 14 Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։ 15 Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։ 16 Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։ 17 Նրանք նրա հետ մեռելների աշխարհ իջան՝ սրով սպանվածների մոտ, նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանու ներքո, ազգերի մեջ։
18 Այսպիսի փառքով և մեծությամբ Եդեմի ծառերի մեջ ո՞ւմ ես նմանվում. դու Եդեմի ծառերի հետ վայր պիտի գցվես՝ գետնի տակ, անթլփատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ։ Այսինքն՝ փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։
*31.10 Դու բարձրացար։