Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայելը հաղթում է Օգ թագավորին (Թվ. 21.31-35) 1 «Շր…

Իսրայելը հաղթում է Օգ թագավորին

(Թվ. 21.31-35)

1 «Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։ 2 Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։ 3 Եվ մեր Տեր Աստվածը Բասանի Օգ թագավորին էլ մատնեց մեր ձեռքը նրա ամբողջ ժողովրդի հետ։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկն էլ ողջ չմնաց։ 4 Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։ 5 Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։ 6 Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։ 7 Սակայն ավար առանք բոլոր անասուններն ու քաղաքներից կողոպուտը։ 8 Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռը։ 9 (Սիդոնացիները Հերմոնն անվանում էին Սարիոն, իսկ ամորհացիներն այն անվանում էին Սանիր)։ 10 Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։ 11 Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։

Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը

(Թվ. 32.1-42)

12 Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։ 13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։ 14 Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։ 15 Գաղաադը տվեցի Մաքիրին։ 16 Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է. 17 նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։

18 Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ. 19 իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ, 20 մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։

21 Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։ 22 Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։

Մովսեսին չի թույլատրվում մտնել Քանան

23 Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի. 24 “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։ 25 Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։ 26 Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։ 27 Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։ 28 Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։ 29 Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։