Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերն ամբաստանում է Իսրայելին 1 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայել…

Տերն ամբաստանում է Իսրայելին

1 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։ 2 Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։ 3 Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։

Տերն ամբաստանում է քահանաներին

4 Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։ 5 Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։

6 Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ 7 Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։ 8 Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,* և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։ 9 Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։ 10 Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։

Տերը դատապարտում է կռապաշտությունը

11 Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։ 12 Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։ 13 Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։ 14 Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։

15 Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։ 16 Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։ 17 Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։ 18 Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին. 19 քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։

*4.8 Այսինքն՝ ուտում են մեղքի զոհը։