Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Լեռան քարոզը 1 Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձր…

Լեռան քարոզը

1 Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ 2 Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում.

Երանիներ

(Ղուկ. 6.20-23)

3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։

6 Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։

7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

8 Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։

10 Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

11 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ 12 Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մրկ. 9.49-50, Ղուկ. 14.34-35)

13 Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ 14 Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15 Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի* տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ 16 Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

17 Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ 19 Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20 Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։

21 Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" (Ելք 20.13, Բ Օր. 5.17). իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22 Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ 23 Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, 24 թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ 25 Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26 Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման* չվճարես։

27 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ 28 Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ 29 Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ 30 Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։

31 Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։ 32 Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։

33 Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Սուտ մի՛ երդվիր, բայց կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը" (Ղևտ. 19.12)։ 34 Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, 35 ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։ 36 Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ 37 Ձեր խոսքը թող լինի "այո"-ն "այո", և "ոչ"-ը՝ "ոչ". սրանից ավելին չարից է։

Սեր թշնամիների հանդեպ

(Ղուկ. 6.27-36)

38 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ" (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։ 39 Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ 40 Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ 41 Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ 42 Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

43 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Պիտի սիրես ընկերոջդ (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես թշնամուդ"։ 44 Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, 45 որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ 46 Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47 Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ 48 Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

*5.15 Գրվանը 13 լիտր տարողությամբ չափի աման է։

*5.26 Կամնաքարակիտ։