Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հուզումներ Թեսաղոնիկեում 1 Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցն…

Հուզումներ Թեսաղոնիկեում

1 Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ 2 Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։ 3 Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։ 4 Նրանցից ոմանք հավատացին և միացան Պողոսին ու Շիղային, ինչպես նաև բազում աստվածավախ հույներ և թվով ոչ պակաս երևելի կանայք։ 5 Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։ 6 Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։ 7 Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։ 8 Եվ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները։ 9 Սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով՝ նրանց արձակեցին։

Առաքյալները Բերիայում

10 Բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելուն պես հրեաների ժողովարան գնացին։ 11 Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։ 12 Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ։ 13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում ևս Պողոսի կողմից Աստծու խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան՝ ժողովրդին հրահրելու և խռովություն առաջացնելու։ 14 Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև ծովեզր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։ 15 Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և հրահանգ ստացան, որ Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվերը նրանց փոխանցելուց հետո իսկույն նրա մոտ վերադառնան։

Պողոսը Աթենքում

16 Մինչ Պողոսը Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին խռովվում էր՝ քաղաքը կուռքերով լի տեսնելով։ 17 Նա ժողովարանում դիմում էր հրեաներին ու բարեպաշտ մարդկանց, իսկ հրապարակում՝ ամեն օր իրեն հանդիպողներին։ 18 Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։ 19 Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է, 20 որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։ 21 Քանի որ բոլոր աթենացիներն ու այնտեղ ապրող օտարներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։

Պողոսի ճառը Արիսպագոսում

22 Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք, 23 որովհետև շրջելիս և ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ "ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ"։ Արդ, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա՛ մասին եմ քարոզում ձեզ։ 24 Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, 25 ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբրև թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։ 26 Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները, 27 որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ։ 28 Որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին.

"Մենք նրա սերունդն ենք"։

29 Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։ 30 Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ 31 Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է և որով նա հավաստիացրեց բոլորին՝ նրան մեռելներից հարություն տալով»։

32 Երբ մեռելների հարության մասին լսեցին, ոմանք ծաղրեցին, ոմանք էլ ասացին. «Այդ մասին քեզանից մեկ ուրիշ անգամ կլսենք»։ 33 Եվ այսպես Պողոսը նրանց միջից դուրս ելավ։ 34 Այնուամենայնիվ ոմանք, նրան միանալով, հավատացին. դրանցից էին Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և նրանց հետ ուրիշները ևս։