Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժողովի վրանը (Ելք 36.8-38) 1 «Վրանը կպատրաստես տասը …
Ժողովի վրանը
(Ելք 36.8-38)
1 «Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 2 Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։ 3 Հինգ վարագույրներն իրար կցված լինեն. հինգ վարագույրները՝ իրար կցված։ 4 Կապույտ օղակներ կդնես. առաջին վարագույրի եզրին՝ երկու կցվածքի միացման ծայրին. այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է երկու կեսերը կցվածքին։ 5 Մեկ վարագույրի վրա կդնես հիսուն օղակ. հիսուն օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն։ 6 Կպատրաստես հիսուն ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի մեկ վրան։
7 Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։ 8 Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Տասնմեկ վարագույրի համար նույն չափսը լինի։ 9 Հինգ վարագույրները առանձի՛ն կցիր և վեց վարագույրները՝ առանձին։ Վեցերորդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից։ 10 Հիսուն օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին։ 11 Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։ 12 Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։ 13 Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։ 14 Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։
15 Վրանի համար սատիմի փայտից շրջանակներ<* կշինես և դրանք ուղղահայաց կկանգնեցնես։ 16 Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն, և մեկ շրջանակի լայնությունը մեկուկես կանգուն պետք է լինի։ 17 Ամեն մեկ շրջանակ իրար ագուցիկ երկու ելուստ թող ունենա. վրանի բոլոր շրջանակներն այդպես կշինես։ 18 Վրանի համար կշինես. քսան շրջանակ հարավային կողմում։ 19 Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։ 20 Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ՝ իրենց քառասուն արծաթե խարիսխներով։ 21 Մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ 22 Վեց շրջանակ կշինես վրանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք։ 23 Երկու շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար՝ ետևի կողմից։ 24 Ներքևի կողմից դրանք զույգ պետք է լինեն՝ իրար միացած, իսկ վերևից՝ իրար միացած մեկ օղակով։ Երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։ 25 Այսպիսով՝ ութ շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ 26 Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը, 27 վրանի մյուս կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ և վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ։ 28 Ներսի նիգը, որ մեջտեղում է, շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի։ 29 Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։
30 Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։
31 Կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 32 Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։ 33 Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։ 34 Քավությունը կդնես վկայության տապանակի վրա՝ սրբությունների սրբության մեջ։ 35 Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։
36 Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։ 37 Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։
*26.15 Կամ տախտակներ։