Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին …

1 Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։

2 Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։

3 Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։

4 Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։

5 Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։

6 Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում*։

7 Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։

8 Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։

9 Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։

10 Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։

11 Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

12 Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

13 Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

14 Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

15 Ծույլն իր ձեռքը մտցնում է* ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

16 Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։

17 Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։

18 Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,

19 Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։

20 Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող* չլինելիս կռիվը կդադարի։

21 Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։

22 Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը*։

23 Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

24 Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում*։

25 Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։

26 Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի* մեջ։

27 Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։

28 Ստախոս լեզուն ատում է իր կծածներին*, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում*։

*26.6 Բռց. բռնություն է խմում։

*26.15 Թաղում է։

*26.20 Փսփսացող։

*26.22 Բռց. ներքին սենյակներ։

*26.24 Բռց. դնում։

*26.26 Բռց. հավաք, համախմբում։

*26.28 Բռց. տրորած, ճզմած։

*26.28 Բռց. պատրաստում։