Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զգուշացում շնությունից 1 Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դ…

Զգուշացում շնությունից

1 Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը,

2 Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։

3 Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։

4 Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։

5 Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։

6 Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։

7 Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։

8 Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։

9 Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութ մարդուն։

10 Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի,

11 Եվ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ,

12 Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։

13 Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։

14 Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։

15 Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։

16 Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։

17 Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը.

18 Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։

19 Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։

20 Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։

21 Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։

22 Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։

23 Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։