Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անդամալույծի բժշկումը (Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26) 1 Հիսու…
Անդամալույծի բժշկումը
(Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26)
1 Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։ 2 Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ 3 Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։ 4 Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։ 5 Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ "Քո մեղքերը ներված են", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ 6 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. "Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա"»։ 7 Նա վեր կացավ և իր տուն գնաց։ 8 Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։
Մատթեոսի կոչումը
(Մրկ. 2.13-17, Ղուկ. 5.27-32)
9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ 10 Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ 11 Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ 12 Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ 13 Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6). որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։
Վեճ ծոմապահության շուրջ
(Մրկ. 2.18-22, Ղուկ. 5.33-39)
14 Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ 15 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։ 16 Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, որովհետև այն ամբողջությամբ հագուստից կքաշի, և է՛լ ավելի վատ պատռվածք կառաջանա։ 17 Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Հայրոսի աղջկա հարությունը
(Մրկ. 5.21-43, Ղուկ. 8.40-56)
18 Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. «Աղջիկս հենց նոր մահացավ. բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»։ 19 Հիսուսը վեր կացավ, նրա հետևից գնաց, և նրա աշակերտները ևս։ 20 Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, 21 որովհետև իր մտքում ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ»։ 22 Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։ 23 Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, 24 նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին նրան։ 25 Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ 26 Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։
Կույրերի և համրի բժշկումը
27 Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»։ 28 Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ 29 Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։ 30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։ 31 Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։
32 Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ 33 Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։ 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։
35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ 36 Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ 37 Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ 38 Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։