Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստված կործանելու է Մովաբը 1 Պատգամ Մովաբի մասին։ Այն գիշե…
Աստված կործանելու է Մովաբը
1 Պատգամ Մովաբի մասին։
Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ 2 Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված*։ 3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։ 4 Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։ 5 Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։ 6 Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։ 7 Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։ 8 Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։ 9 Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելի մեծ մի աղետ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։
*15.2 Իբրև սգո նշան։