Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ ժողովրդի միջից արտաքսում 1 «Ամորձիքը ճզմված կամ ա…
Տիրոջ ժողովրդի միջից արտաքսում
1 «Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։
2 Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։
3 Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի, 4 որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։ 5 Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։ 6 Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։
7 Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։ 8 Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։
Բանակատեղին մաքուր պահել
9 Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։ 10 Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։ 11 Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ 12 Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնաս քո պետքն անելու համար։ 13 Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսում պետքերդ հոգալու համար նստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես. 14 որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։
Զանազան օրենքներ
15 Իր տիրոջից փախչելով քեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։ 16 Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։
17 Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։ 18 Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։
19 Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ 20 Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
21 Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։ 22 Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։ 23 Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։
24 Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։
25 Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։