Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սողոմոն թագավորի համար աղոթք Սողոմոնի (սաղմոս)։ 1 Ո՜վ Աստվ…

Սողոմոն թագավորի համար աղոթք

Սողոմոնի (սաղմոս)։

1 Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։

2 Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։

3 Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։

4 Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.

5 Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։

6 Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։

7 Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։

8 Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։

9 Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։

10 Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։

11 Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։

12 Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։

13 Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։

14 Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։

15 Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։

16 Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։

17 Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։

18 Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։

19 Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։

20 Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։