Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովհաննես Մկրտչի պատգամաբերները (Ղուկ. 7.18-35) 1 Երբ Հիսո…

Հովհաննես Մկրտչի պատգամաբերները

(Ղուկ. 7.18-35)

1 Երբ Հիսուսն իր տասներկու աշակերտներին պատվեր տալն ավարտեց, այնտեղից գնաց ուսուցանելու և քարոզելու նրանց քաղաքներում։

2 Իսկ Հովհաննեսը, բանտում Քրիստոսի գործերի մասին լսելով, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով 3 նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։ 4 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ 5 Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում։ 6 Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։

Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին

7 Բայց երբ նրանք գնացին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ 8 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են։ 9 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարեն։ 10 Որովհետև այդ նա է, ում մասին գրված է.

"Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից,

որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը" (Մղք. 3.1)։

11 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ 12 Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։ 13 Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։ 14 Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

16 Բայց այս սերնդին ո՞ւմ նմանեցնեմ. նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին 17 ու ասում.

"Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք.

մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք"։

18 Որովհետև Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. "Նրա մեջ դև կա"։ 19 Մարդու Որդին եկավ, ուտում է և խմում, ու ասում են. "Ահա մի մարդ՝ ուտող և գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է", և իմաստությունն արդարացվեց նրա գործերից»։

Վա՜յ անհավատ քաղաքներին

(Ղուկ. 10.13-15)

20 Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ 21 «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ 22 Բայց ձեզ ասում եմ. Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ 23 Եվ դու, Կափառնաո՛ւմ,

որ մինչև երկինք ես բարձրացել,

մինչև դժոխք պիտի իջնես.

որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։ 24 Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։

Գոհություն երկնավոր Հորը

(Ղուկ. 10.21-22)

25 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, երկնքի ու երկրի Տե՛ր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ 26 Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ 27 Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։ 28 Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ 29 Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, 30 որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։