Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հարսանիքի հրավիրվածների առակը (Ղուկ. 14.15-24) 1 Հիսուսը ն…
Հարսանիքի հրավիրվածների առակը
(Ղուկ. 14.15-24)
1 Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց. 2 «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3 Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ 4 Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. "Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի”"։ 5 Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։ 6 Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ 7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։ 8 Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. "Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ 9 Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք"։ 10 Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ 11 Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ 12 Նրան ասաց. "Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար"։ Նա պապանձվեց։ 13 Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. "Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ 14 Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ"»։
Կայսրին տրվելիք հարկը
(Մրկ. 12.12-17, Ղուկ. 20.20-26)
15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։ 16 Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։ 17 Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ 18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ 19 Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։ 20 Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։ 21 Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 22 Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։
Հարության մասին
(Մրկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)
23 Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։ 25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ 26 Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը։ 27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28 Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ 29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30 Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։ 31 Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32 "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33 Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։
Ամենամեծ պատվիրանը
(Մրկ. 12.28-34, Ղուկ. 10.25-28)
34 Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ 35 Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37 Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" (Բ Օր. 6.5)։ 38 Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ 39 Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։
Ո՞ւմ որդին է Քրիստոսը
(Մրկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44)
41 Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ 43 Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով.
44 "Տերն իմ Տիրոջն ասաց.
Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև քո թշնամիներին
իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ" (Սաղ. 110.1)։
45 Արդ, եթե Դավիթը նրան "Տեր" է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ 46 Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։