Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարի մարդու երջանկությունը 1 Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, …
Բարի մարդու երջանկությունը
1 Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։
2 Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։
3 Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։
4 Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը։
5 Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով,
6 Որովհետև նա հավիտյան չպիտի սասանվի. արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։
7 Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։
8 Հաստատուն է նրա սիրտը և չի վախենալու, մինչև չտեսնի իրեն նեղողների կորուստը։
9 Նա փռեց և աղքատներին տվեց. նրա արդարությունը պիտի մնա հավիտյան. նրա եղջյուրը փառքով պիտի բարձրանա։
10 Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։