Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չարչարված երիտասարդի աղոթքը Աղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է…

Չարչարված երիտասարդի աղոթքը

Աղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է, և իր ցավը թափում է Տիրոջ առջև։

1 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։

2 Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։

3 Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։

4 Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։

5 Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։

6 Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։

7 Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։

8 Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։

9 Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ

10 Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։

11 Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։

12 Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

13 Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։

14 Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։

15 Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

16 Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։

17 Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

18 Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։

19 Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,

20 Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,

21 Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,

22 Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։

23 Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։

24 Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։

25 Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։

26 Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։

27 Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։

28 Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։