Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոթ օգնականների ընտրությունը 1 Այն օրերին, երբ աշակերտների թի…
Յոթ օգնականների ընտրությունը
1 Այն օրերին, երբ աշակերտների թիվը շատացավ, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն անտեսվում էին ամենօրյա ծառայություն ստանալու ժամանակ։ 2 Արդ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. «Մեզ վայել չէ, որ Աստծու խոսքի քարոզությունը թողնենք և սեղաններ սպասարկենք։ 3 Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։ 4 Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։ 5 Այս խոսքը հաճելի թվաց բոլորին, և ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, ինչպես նաև Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքացի նորադարձ Նիկողայոսին։ 6 Նրանց առաքյալների առաջ կանգնեցրին և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա։
7 Եվ Աստծու խոսքն աճում էր, և աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում էր. քահանաներից շատերն էին հնազանդվում հավատին։
Ստեփանոսի ձերբակալությունը
8 Իսկ Ստեփանոսը, շնորհով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր գործում ժողովրդի մեջ։ 9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր «ազատագրվածների»*, կյուրենացիների ու ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, ելան Ստեփանոսի հետ վիճելու։ 10 Եվ չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով նա խոսում էր։ 11 Այդ ժամանակ մի քանի մարդկանց կաշառեցին, որ ասեն. «Մենք դրանից լսեցինք, որ Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում»։ 12 Նրանք գրգռեցին ժողովրդին, ծերերին ու դպիրներին. և հարձակվեցին, բռնեցին Ստեփանոսին ու ատյան տարան։ 13 Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ, 14 որովհետև մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Հիսուս Նազովրեցին պիտի քանդի այս տեղը և փոխի այն ավանդույթները, որ Մովսեսը մեզ տվեց"»։ 15 Ատյանում բոլոր նստածները, նայելով նրան, տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի պես էր։
*6.9 Հուն. ունի լիբերտինացիների։