Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եգիպտացիների անգթությունը 1 Սրանք են անուններն Իսրայելի որդին…

Եգիպտացիների անգթությունը

1 Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։ 2 Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա, 3 Իսաքար, Զաբուղոն և Բենիամին, 4 Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ 5 Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին։ Հովսեփն էլ Եգիպտոսում էր։ 6 Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։ 7 Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։

8 Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ 9 Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ 10 Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ 11 Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ 12 Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ 13 Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։ 14 Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։

15 Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։ 16 Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։ 17 Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։ 18 Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։ 19 Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։ 20 Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։ 21 Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։ 22 Փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Ծնված ամեն տղայի գե՛տը նետեք, իսկ ամեն աղջկա ո՛ղջ թողեք»։