Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վստահություն Աստծուն Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Դավթի սաղմ…

Վստահություն Աստծուն

Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Դավթի սաղմոս։

1 Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։

2 Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

3 Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։

4 Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։

5 Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։

6 Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։

7 Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։

8 Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։

9 Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։

10 Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։

11 Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։

12 Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։