Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլոր…

1 «Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։ 2 Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։ 3 Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։

4 Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

5 Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդ բաներն անի։

6 Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ. 7 ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։

8 Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։ 9 Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։ 10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

11 Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։

12 Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։

Օրենքներ սեռական կյանքի մաքրության մասին

13 Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան, 14 զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”, 15 այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսության նշանը թող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։ 16 Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան. 17 ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ "Քո աղջկան կույս չգտա"։ Ահա՛ իմ աղջկա կուսության նշանը”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։ 18 Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն, 19 նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։ 20 Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի, 21 այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։

22 Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։

23 Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ, 24 այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։

25 Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։ 26 Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։ 27 Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։

28 Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն, 29 ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

30 Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։