Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգ…

1 Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։

2 Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, իսկ անմիտների բերանը հիմարություն է արտաբերում։

3 Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։

4 Ամոքիչ* լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է։

5 Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։

6 Արդարի տանը շատ գանձ կա, իսկ անիրավի վաստակի մեջ՝ դժբախտություն։

7 Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։

8 Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։

9 Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։

10 Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։

11 Դժոխքն ու մեռելների աշխարհը* Տիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։

12 Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։

13 Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։

14 Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։

15 Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։

16 Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։

17 Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։

18 Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։

19 Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։

20 Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։

21 Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։

22 Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։

23 Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։

24 Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։

25 Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։

26 Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։

27 Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։

28 Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։

29 Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։

30 Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։

31 Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։

32 Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։

33 Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

*15.4 Բռց. բուժող։

*15.11 Եբր. Աբադոն, այսինքն՝ կործանում։