Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ տիեզերական թագավորության խաղաղությունը 1 Վերջին օրերին …
Տիրոջ տիեզերական թագավորության խաղաղությունը
1 Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա, 2 և շատ ազգեր պիտի գան ու ասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներով», որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ 3 Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու, 4 այլ ամեն մարդ իր որթատունկի տակ պիտի նստի և իր թզենու տակ. վախեցնող չպիտի լինի, որովհետև Զորքերի Տիրոջ բերանն է ասել։ 5 Որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր աստծու անունով է ընթանում, բայց մենք Տիրոջ՝ մեր Աստծու անունով պիտի ընթանանք հավիտյանս հավիտենից։
Իսրայելը պիտի վերադառնա աքսորից
6 «Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։ 7 Կաղին մնացորդ պիտի դարձնեմ, հեռու քշվածին՝ զորավոր ազգ»։ Եվ Տերը այսուհետև և հավիտյան պիտի թագավորի նրանց վրա Սիոն լեռան վրա։ 8 Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։
9 Հիմա ինչո՞ւ ես բարձրագոչ գոռում. թագավոր չկա քո մեջ, կամ թե խորհրդականդ չքացա՞վ, որ քեզ ծննդկանի պես ցավ է համակել։ 10 Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։ 11 Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։ 12 Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։ 13 Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։