Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եկեղեցական առաջնորդի արժանիքները 1 Հավաստի է այս խոսքը. եթե մ…

Եկեղեցական առաջնորդի արժանիքները

1 Հավաստի է այս խոսքը. եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ 2 Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, 3 ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր. 4 որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա 5 (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։ 6 Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ 7 Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի։

Սարկավագի արժանիքները

8 Նույն կերպ էլ սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ո՛չ երկերեսանի, ո՛չ գինեմոլ, ո՛չ շահամոլ, 9 այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ 10 Սրանք ևս նախ թող փորձվեն, ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։ 11 Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ 12 Սարկավագները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակներին ու իրենց ընտանիքներին լավ վերակացու։ 13 Որովհետև ծառայությունը լավ կատարողներն իրենց համար պատվավոր աստիճան են ձեռք բերում և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։

Եկեղեցին և աստվածապաշտության մեծ խորհուրդը

14 Այս բաները գրում եմ քեզ՝ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ։ 15 Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։

16 Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է.

Աստված մարմնով հայտնվեց,

Հոգով արդարացավ,

երևաց հրեշտակներին,

քարոզվեց հեթանոսների մեջ,

հավատով ընդունվեց աշխարհում

ու փառքով համբարձվեց։