Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին (Մտթ. 24.1-2, Ղուկ. 21.5-6…
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մտթ. 24.1-2, Ղուկ. 21.5-6)
1 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր ու ինչպիսի՜ շինություններ են»։ 2 Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինությունները. այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։
Խռովություններ, հալածանքներ և ավերումներ
(Մտթ. 24.3-14, Ղուկ. 21.7-19)
3 Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը նրան առանձին հարցրին. 4 «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։ 5 Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ 6 Շատերը իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ 7 Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։ Բայց դեռ վերջը չէ։ 8 Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններ* կլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։ 9 Բայց դուք զգուշացե՛ք ձեր կյանքի համար. ձեզ դատարաններ կհանձնեն, ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք՝ իմ մասին նրանց վկայություն տալու։ 10 Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։ 11 Երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, կանխավ մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ 12 Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ 13 Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։
Մեծ սրբապղծությունը
(Մտթ. 24.15-28, Ղուկ. 21.20-24)
14 Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն* (ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն, 15 ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի, 16 ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։ 17 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։
18 Աղոթե՛ք, որ ձեր փախուստը* ձմեռ ժամանակ չլինի։ 19 Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։ 20 Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։ 21 Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը" կամ "Ահա այնտեղ է", չհավատաք։ 22 Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ 23 Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։
Մարդու Որդու գալուստը
(Մտթ. 24.29-31, Ղուկ. 21.25-28)
24 Բայց այդ օրերին՝ այդ նեղություններից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա։ 25 Աստղերը երկնքից կընկնեն, ու երկնային զորությունները կսասանվեն։ 26 Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13) մեծ զորությամբ ու փառքով։ 27 Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։
Թզենու դասը
(Մտթ. 24.32-35, Ղուկ. 21.29-33)
28 Բայց դաս առեք թզենո՛ւ օրինակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ 29 Այդպես էլ դուք. երբ տեսնեք, որ այս ամենը տեղի է ունենում, իմացե՛ք, որ վերջը մոտեցել է։
30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա։ 31 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Ոչ ոք չգիտի օրը և ժամը
(Մտթ. 24.36-44, Ղուկ. 21.34-36)
32 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք*, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։ 34 Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։ 35 Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։ 36 Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։ 37 Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք»։
*13.8 Հն. ձեռ. չկա խռովություններ բառը։
*13.14 Հն. ձեռ. չունեն որի մասին ասել է Դանիել մարգարեն։
*13.18 Հն. ձեռ. չունեն ձեր փախուստը։
*13.33 Հն. ձեռ. չունեն աղոթե՛ք։