Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է* ամեն…

1 Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է* ամեն ողջամտության։

2 Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։

3 Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։

4 Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։

5 Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը*։

6 Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։

7 Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

8 Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը*։

9 Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։

10 Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։

11 Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։

12 Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։

13 Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։

14 Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։

15 Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։

16 Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։

17 Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։

18 Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։

19 Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։

20 Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։

21 Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։

22 Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։

23 Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։

24 Ընկերներ կան, որոնք կործանում են բերում,* բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։

*18.1 Բռց. Բորբոքվում է։

*18.5 Բռց. ծռելը։

*18.8 Շտեմարանները, որովայնը։

*18.24 Կամ Շատ ընկերներ ունեցողը կկործանվի։